ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Փոքրիկ Հայաստան»ի դարպասները խորհրդանշող մշակութային կոթողի ստեղծման համար Լոս Անջելեսի քաղաքապետարանի յայտարարած մրցոյթի եզրափակիչ փուլ է անցել հինգ նախագիծ:
Ներկայացուած բազմաթիւ աշխատանքներից ընտրութիւնը կատարել են նախաձեռնողները՝ Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Միթչ Օֆարելը, քաղաքապետարանի մշակութային հարցերով յանձնախումբն ու այս առիթով ստեղծուած խորհուրդը:
Միթչ Օ՛ֆարելի գրասենեակը տարածել է այս մասին հաղորդագրութիւն եւ ներկայացրել նաեւ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անուններն ու նրանց ներկայացրած աշխատանքները: Նրանք են՝ Աթանեան Արուեստի կենտրոնի արուեստագէտների խումբը՝ Վլադիմիր Աթանեան, Գոռ Աթանեան եւ Արմէն Կազանչեան, Եան Աւերբուխ, Քլիֆ Գարթեն, Նարինէ Միրզայեան եւ Հիթեր Ռոբերջ արուեստագէտների երկեակը, եւ Հիթ Սաթօու:

Յաղթողը կ՛որոշուի մասնագիտական խորհրդի վերջնական քուէարկութեան միջոցով: Մինչ այդ, Լոս Անջելեսի քաղաքապետարանը ցանկանում է եզրափակիչ փուլ անցած աշխատանքները ներկայացնել հանրութեանը, եւ ստանալ նաեւ համայնքի կարծիքը: Այս նպատակով, Մարտի 25ին, ժամը 10-12ը «Հոլիվուդ Բանքետ Հոլ»ում տեղի կ՛ունենայ նշուած աշխատանքների նախագծերի ցուցադրումը: Հասցէն՝ 5214 Սանսեթ Բլվրդ., Հոլիվուդ:
«Մշակութային այս նախագծի շրջանակներում ստեղծուելիք յուշակոթողը հպարտութեան տե-ղիք կը տայ «Փոքրիկ Հայաստան»ի համայնքին», նշել է Միթչ Օ՛ֆարելը: Ըստ քաղխորհրդի անդամի, կոթողը կը ներկայացնի հայկական մշակութային ժառանգութիւնն ու ԱՄՆում՝ հայերի բազմաթիւ ներդրումների վառ օրինակներից կը լինի:

Յուշարձան-կոթողը տեղադրուելու է 101 մայրուղու կողքին կանաչ գօտու տարածքում, եւ կը նշանաւորի «Փոքրիկ Հայաստան» մուտքը: Նախագծի իրականացման համար յատկացուել է 350 հազար դոլար, որը ծախսուելու է դիզայնի, արտադրութեան եւ տեղադրման համար:
«Մշակութային այս նախագիծը եւս մէկ օրինակ է, թէ ինչպէս են արուեստագէտները զօրացնում տարածքի զգացումն ու ստեղծում համայնքի համար հպարտանալու հատուածներ», յայտնել է Լոս Անջելեսի քաղաքապետարանի մշակութային հարցերով բաժնի գլխաւոր տնօրէն Դանիէլ Բրազելը:
Ծրագրի ֆինանսաւորումն իրականացնում են Լոս Անջելեսի քաղաքապետարանն ու Արուեստի զարգացման հիմնադրամը, որը վերականգնուել է քաղխորհդրի անդամ Օ՛ֆերելի եւ գործընկերների կողմից:

Յ.Գ. Հանրայայտ Հոլիվուդում, «Փոքրիկ Հայաստան»ի սրտում առաջին անգամ կը տեղադրուի հայկական մշակոյթն ու ազգային արժէքները ներկայացնող յուշարձան: Լինելով բացառիկ, այն պէտք է հնարաւորինս ամբողջական ներկայացնի մեր ինքնութիւնը: Այս առումով, չափազանց կարեւոր է հայ համայնքի ընդհանրական կարծիքը, որի նպատակով էլ Լոս Անջելեսի քաղաքապետարանը կազմակերպել է քննարկում: Յորդորում ենք, մեր համայնքի անդամներին, արուեստագէտների, ճարտարապետների, ներկայ լինելու հանրային քննարկմանն ու յայտնելու կարծիքներ ներկայացուած նախագծերի շուրջ:
Տեղեկանք. ներկայացնում ենք նախագծերի պատկերներն ու ընդհանուր բնութագիրը.
Վլադիմիր Աթանեան, Գոռ Աթանեան եւ Արմէն Կազանչեան արուեստագէտների խումբը ներկայացրել է «Դարպաս եւ Կարաս» (Darpas&Karas) խորագրով յուշարձան՝ կազմուած երկու բաղկացուցիչներից. դարպասից եւ կարասից, որոնք արտացոլում են հայկական մշակոյթն ու համայնքը (հիմնական հումք՝ հայկական կարմիր տուֆ):
Եան Աւերբուխի աշխատանքը կոչւում է «Արեւմտեան դարապաս դէպի… քաղաք» (The Western Gate to the City of):
Քլիֆ Գարթենի արուեստի գործը, որ կոչւում է «Ամէննուր» (Amennurr), հիմնուած է հայկական խորհրդանիշ համարուող նուռի վրայ, եւ ներկայացնում է համայնքի եւ փորձի փոխանակման գաղափարը:

Նարինէ Միրզայեան եւ Հիթեր Ռոբերջ արուեստագէտների երկեակի աշխատանքը կրում է «Լինել, նշանակում է պատկանել. Գոյութիւն ունի միայն երկրագունդը» (To be is to belong: There is only the Earth…) Հայկական գորգ յիշեցնող պատի երկայնութեամբ հայերէն այբուբենի տառեր են փորագրուած:
Հիթ Սաթօուն հանդէս է եկել «Ի՛մ սիրտը» (My Heart) անուանումով աշխատանքով: Ներկայացուած է համայնքի սիրտը նռան հատիկի միջոցով, որը լուսարձակում է եւ անցքերի միջով կարդացւում են հայկական բառեր, արտայայտութիւններ հայերէնով:
