ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Կենտրոնական ընտրական յանձնաժողովը (ԿԸՀ) ամփոփեց Մայիսի 14ին կայացած՝ Երեւանի աւագանու ընտրութիւնների նախնական պաշտօնական արդիւնքները: Համաձայն դրանց՝ մայրաքաղաքի նոր աւագանիում ՀՀԿն կրկին կ՛ունենայ որոշիչ մեծամասնութիւն՝ ստանալով ընտրութիւններին մասնակցած ընտրողների 71 տոկոսի քուէն, հետեւաբար՝ նաեւ ձեռք բերելով քաղաքապետ առաջադրելու եւ ընտրելու իրաւունքը: Սա նշանակում է, որ Տարօն Մարգարեանն առաջիկայ տարիներին եւս լինելու է Երեւանի քաղաքապետը: Ընդդիմութեան եւ քաղաքական փոքրամասնութեան դերում հանդէս կը գան «Ելք» դաշինքը, որն ստացել է ընտրողների 21 տոկոսի քուէն, եւ նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցութիւնը՝ վստահութեան 8 տոկոս ձայներով: Երեք ուժերն էլ անցնում են աւագանի, քանի որ ընտրական օրէնսգրքի պահանջով, Երեւանի աւագանին կարող է կազմուած լինել նուազագոյնը 3 քաղաքական ուժից, իսկ եթէ աւելի մեծ թուով ուժեր չեն մասնակցել ընտրութիւններին, դրանց համար չի գործում նուազագոյն շեմը անցնելու պահանջը: Սա նշանակում է, որ երեք ուժերի միջեւ տոկոսային նոյն յարաբերակցութիւնը կը լինի նաեւ աւագանիում, որտեղ, փաստօրէն, կը լինի մօտ 30 տոկոսանոց ընդդիմութիւն:
Քուէարկութեանը նկատելիօրէն քիչ թուով ընտրողներ էին մասնակցել՝ երեւանցի ընտրողների ընդամէնը 41 տոկոսը: Սա այն դէպքում, երբ ընդամէնը մէկուկէս ամիս առաջ ԱԺ ընտրութիւններին մասնակցեց երեւանցի ընտրողների 59 տոկոսը:
Խորհրդարանական ընտրութիւնների քաղաքական նշանակութիւնն անհամեմատելի է ՏԻՄ ընտրութիւնների հետ: Եւ այս իմաստով բնական եւ օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) է, որ աւագանու ընտրողներին մասնակցութիւնն աւելի փոքր է: Սակայն խզումն ամէն դէպքում անբնական մեծ է, եւ դա յստակ երեւում է 2012թ. Երեւանի աւագանու ընտրութիւնների ֆոնին: Այն ժամանակ մասնակցել էր ընտրողների գրեթէ 54 տոկոսը, ինչը նշանակում է, որ երեւանցի ակտիւ ընտրազանգուածի 15-20 տոկոսն այս անգամ պարզապէս «բոյկոտել է» ընտրութիւնները՝ կանխորոշելով ՀՀԿի՝ նման պատկառելի ցուցանիշով յաղթանակը:
Խնդիրն այն է, որ ընտրութիւններին չի մասնակցել քաղաքականապէս ակտիւ եւ հակաիշխանական տրամադրութիւններ ունեցող շրջանակը: Դրա մասին է խօսում այն փաստը, որ իշխանութիւնը՝ ի դէմս ՀՀԿի, այս ընտրութիւններին հաւաքել է գրեթէ նոյնքան քուէ, որքան նախորդ ընտրութիւններին: 2012թ. աւագանու ընտրութիւններին ՀՀԿն ստացել է մօտ 235 հազար քուէ, 2017թ. ԱԺ ընտրութիւններին՝ 241 հազար եւ Երեւանի աւագանու այս ընտրութիւններին՝ 240 հազար: Այսինքն՝ ՀՀԿի էլեկտորատի (ընտրող զանգուածի-Խմբ.) չափը փաստացի չի փոխուել: Եւ առաւելագոյնը, ինչին, իր ամբողջ ռեսուսրներով (միջոցներով-Խմբ.) հանդերձ, այս կուսակցութիւնը կարողանում է հասնել, ընդամէնը 240 հազար ընտրողի կամ Երեւանի ընտրողների ընդամէնը 29-30 տոկոսին մոբիլիզացնելն է (զօրաշարժի ենթարկուելու-Խմբ.): Եթէ ՀՀԿի էլեկտորանտը չի փոքրանում, նշանակում է ընտրութիւնները «բոյկոտել» է նրան չընտրող կամ նրան սկզբունքօրէն դէմ արտայայտուող զանգուածի մեծամասնութիւնը:
Այս իրավիճակը փաստում է, որ ՀՀԿն շարունակում է յաղթել եւ բացարձակ իշխանութիւնը պահպանել ոչ թէ այն պատճառով, որ չափից դուրս ուժեղ է ու անյաղթելի, կամ որ ընտրողների «հաւաքագրման» աւանդական դարձած մեխանիզմները տոտալ (ամբողջական, համատարած-Խմբ.) բնոյթ են կրել, այլ որովհետեւ այլընտրանքային բեւեռն է շարունակում մնալ չափից դուրս թոյլ ու մասնատուած: Նախընտրական շրջանում ընտրական պրոցեսներից (գործընթացներէն-Խմբ.) ինքնակամ մեկուսացած, մարգինալ (լուսանցքային-Խմբ.) դարձած ուժերը, անհատներն ամէն ինչ արեցին թէ՛ «Ելք»ի եւ թէ «Երկիր ծիրանի»ի նկատմամբ, որպէս իրական ընդդիմադիր ուժերի, կասկածները խորացնելու, ընդհուպ՝ իշխանական պրոյեկտ (ծրագիր-Խմբ.) լինելու շուրջ համոզմունք ձեւաւորելու համար՝ այդ ամէնն ուղեկցելով անհանդուրժողականութեան, թոյնի, նախանձի հեղեղով: Միւս կողմից՝ այս երկու ուժերը նախընտրական շրջանում աւելի շատ թիրախաւորեցին միմեանց՝ էլ աւելի մեծացնելով համընդհանուր հիասթափութիւնը, կասկածամտութիւնը: Դա չէր կարող չազդել ընտրութիւնների ելքի եւ ընտրողների մասնակցութեան վրայ: Թէեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչեանը պնդում է, որ քուէարկողների սակաւութիւնը կապուած է ընտրութիւններին քիչ թուով քաղաքական ուժերի մասնակցութեան հանգամանքով, իրական պատճառն ընդդիմադիր կամ այլընտրանքային դաշտում ստեղծուած՝ առանց չափազանութեան ողբալի, խղճուկ եւ ճգնաժամային իրադրութիւնն է, ներքին վստահութեան խորագոյն դեֆիցիտը (բացը, պակասորդը-Խմբ.): Այլ իրավիճակում ընտրութիւններին քիչ թուով ուժերի մասնակցութիւնը ոչ թէ ձայները փոշիացնելու, այլ նրանց շուրջ մոբիլիզացուելու պատճառ կը լինէր:
Ինչեւէ, կասկած չկայ, որ եթէ «Երկիր Ծիրանի»ն չմասնակցէր ընտրութիւններին, չմասնակցողների ցուցանիշն շատ աւելի մեծ էր լինելու: Զարուհի Փոսթանջեանն ընդամէնը 2 ամսուայ ընթացքում 7 տոկոսանոց էլեկտորատ հաւաքեց հէնց ինքնամեկուսացած ընդդիմադիր ուժերի «անտէր» մնացած ընտրազանգուածի շնորհիւ: Սակայն դեռ փաստ չէ, որ նա վերջնականապէս է «իւրացրել» այդ ռեսուրսը: Նման եզրակացութեան համար դեռ վաղ է մի կուսակցութեան դէպքում, որն իր ինքնահաստատման միջոցը «Ելք»ին թիրախաւորելն է դարձրել:
Ինչ վերաբերում է վերջինիս, ապա դաշինքը փաստացի կարողացաւ պահպանել իր ընտրազանգուածքը՝ 69-71 հազարի սահմաններում: Եթէ նկատի ունենանք, որ սրանք ՏԻՄ ընտրութիւններ էին, ընտրողների թուի ապահովումը «Ելք»ի համար վատ ցուցանիշ չպէտք է համարել: Բայց սա ԱԺ ընտրութիւնների, դաշինքի կիրառած ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) քարոզարշաւի իներցիոն (անտարբեր-Խմբ.) ազդեցութեան հետեւանքն է: «Ելք»ը եւս ձեռք բերած ընտրազանգուածի կայունութիւնը պահպանելու եւ այն քաղաքական կապիտալի (դրամգլուխի-Խմբ.) վերածելու խնդիր ունի, որի լուծումը կախուած է բացառապէս իր յետագայ գործունէութիւնից, սկզբունքայնութիւնից եւ նրանից, թէ որքանո՞վ կը լինի ամբողջական: