ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ-ամերիկեան բժշկական միութեան 32րդ ամեակը նշուեց Մայիսի 13ին անցկացուած տօնական ձեռնարկով, որ նաեւ լաւագոյն առիթ էր ամփոփելու վերջին շրջանի գործունէութիւնը, պատուելու նուիրեալ անհատների, եւ նախանշելու ապագայի ծրագրեր: Սփիւռքում առողջապահական ոլորտի ամենամեծ կազմակերպութեան ամէնամեայ հանդիսութիւնը նաեւ իւրատեսակ դրամահաւաքի ձեռնարկ է, որից ստացուած հասոյթն այս տարի ուղղուելու է հայ մանուկների ու պատանիների բուժման ծրագրերին:
«Հայ-Ամերիկեան բժշկական միութեան շուրջ հաւաքուել են ոլորտի լաւագոյն մասնագէտներ, եւ բոլորիս գլխաւոր նպատակն է՝ տարբեր միջոցներով աջակցել մեր հայրենակիցներին այստեղ եւ Հայաստանում: Այս տարուայ ճաշկերոյթից ստացուած գումարը յատկացնելու ենք մանկական էպիլեպսիայի եւ պատանեկան շաքարախտի Հայաստանում գործող մեր ծրագրերին», յայտնեց միութեան նախագահ, «Իւ.Սի.Էլ.էյ.» համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Րաֆֆի Թաշճեանը:
Միաւորուելով այս կազմակերպութեան շուրջ, ամերիկահայ տարբեր ճիւղերի բժիշկների ջանքերը կրկնապատկուեցին՝ յատկապէս նորանկախ Հայաստանում առողջապահական կենսական ծրագրերի իրականացման հարցում: Միութեան անդամները հիմնեցին եւ մինչ այսօր շարունակում են մանկական էպիլեպսիայի, պատանեկան շաքարախտի բուժծրագրերը, Հայաստանի տարբեր շրջաններում շրջիկ հիւանդանոցները, Հայկական ակնաբուժութեան նախագիծը, Շէնգաւիթի հիւանդանոցում կանանց կլինիկային աջակցութիւնը: Աւելի քան երկու տասնամեակ, այս նախագծերի շրջանակներում, ոլորտի հայ մասնագէտներն այցելել են հայրենիք՝ կատարել վիրահատութիւններ, իրենց փորձը փոխանցել հայաստանաբնակ գործընկերներին, յատկացրել են անհրաժեշտ սարքաւորումներ եւ դեղորայք:
Բժշկական միութեան առաքելութիւնը ներառում է նաեւ աջակցութիւն հայ համայնքին: Նրանց ծրագրերի թւում է՝ ամէն տարի անցկացուող Գլենդելի Առողջապահական փառատօնը, որի շրջանակներում, տարբեր բժիշկներ մէկ օր անվճար խորհրդատուութիւն ու հնարաւոր բուժում են տրամադրում այցելուներին: Հանրային իրազեկման առումով, միութիւնն իր հեռուստաժամի ընթացքում հիւրընկալում է բժիշկների, ովքեր հայ համայնքին են ներկայացնում առողջապահութեանն առնչուող թեմաներ, եւ խորհուրդներ են տալիս:
Հայ-ամերիկեան բժշկական միութեան անդամների համար գործում է նաեւ բժշկական կրթութեան դասընթացներ:
Կազմակերպութեան առաքելութեան գլխաւոր մաս է կազմում երիտասարդ սերնդին աջակցութիւնը՝ կրթաթոշակների միջոցով, ինչպէս նաեւ՝ փորձի ու խորհրդատուութեան տրամադրումը: Յատուկ ծրագրի միջոցով (mentorship program), առողջապահութեան ոլորտի հայ երիտասարդները ստանում են հնարաւորութիւն հանդիպելու լաւագոյն հայ մասնագէտների՝ ստանալով տեղեկութիւններ ու գիտելիքներ տարբեր հարցերի շուրջ:
Մայիսի 13ին անցկացուած միջոցառմանը՝ միութեան նախագահ, դոկտոր Րաֆֆի Թաշճեանն ու հանդիսավար դոկտոր Վիգէն Սեփիլեանը ամփոփ անդրադարձան կազմակերպութեան գործունէութեան ու ներկայացրեցին օրուայ մեծարեալներին՝ Վահէ Կարապետեանին, Մայք Սարեանին, Դենիել Ստամբոլեանին, եւ Պարէտ Մարոնեանին, ովքեր իրենց ոլորտներում ներդրում են ունեցել համահայկական նշանակութեան հարցերում: Նրանք տեսաուղերձներ էին պատրաստել, որ ցուցադրուեց ձեռնարկի ընթացքում:
Ազգային բարերար Վահէ Կարապետեանը մեծարուեց վերջին 40 տարիներին Հայաստանում եւ Սփուռքում բազմաբնոյթ ներդրումների համար, որ ուղղուած են եղել հայ ազգի բարեկեցութեանը: Կարապետեանի հիմնած «Վահէ Էնթըրփրայզըս» ընկերութիւնը, որ ճաշի մատակարարման ինքնաշարժերի արտադրութեամբ զբաղուող ընկերութիւն է (catering truck), ոլորտում առաջատարն է: Վահէ Կարապետեանն առանցքային դեր է ունեցել Հոլիվուդի Ս. Կարապետ եկեղեցու եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի կառուցման աշխատանքներում, ինչպէս նաեւ՝ մասնակցել է Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճիւղի ու Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ամբիոնի ու ծրագրի կայացման գործին: Բարերարը կենսական աջակցութիւն է ցուցաբերել առողջապահական նախագծերին: Նա արժանացել է բազմաթիւ պարգեւների, այդ թւում՝ Գարեգին Բ. կաթողիկոսի կողմից «Կիլիկիոյ Իշխան» շքանշանի, Արցախի կառավարութիւնը նրան շնորհել է «Գրիգոր Լուսաւորի»չ շքանշանը, ԱՄՆ կառավարութիւնը՝ «Էլիզ Այլընդ» պատուոյ շքանշանը: Երախտագիտութիւն յայտնելով մեծարանքի համար՝ Վահէ Կարապետեանը Հայաստանից արուած ուղերձում կարեւորեց բժիշկների ներդրումը հայրենիքում՝ նաեւ ոլորտի զարգացման նպատակով:
Հայ-ամերիկեան բժշկական միութիւն այս տարուայ մեծարեալ էր ազգային բարերար Մայք Սարեանը, ով Միացեալ Նահանգների առողջապահական ոլորտի հայ ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն է: Ներկայում, Սարեանը «Փրայմ Հելֆքեր»ի հիւանդանոցների կառավարման նախագահն է, որ պատասխանատու է 44 հիւանդանոցների համար: Մեր հայրենակիցն ընդգրկուել է 2017թ.ի ԱՄՆ առողջապահական ոլորտի 25 լաւագոյն տնօրէնների ցանկում: ԱՄՆ առողջապահական ոլորտում իր աւանդի համար, Սարեանն արժանացել է պատուաւոր «Էլիս Ալընդ» շքանշանին:
Սարեանը մեծապէս աջակցում է հայ համայնքին՝ եկեղեցիներին, վարժարաններին, Հայ Դատի յանձնախմբին ու ՀՕՄին: Վերջերս, Մայք Սարեանը շուրջ երկու միլիոն դոլարի բժշկական սարքաւորումներ ու տարատեսակ բժշկական ապրանքներ նուիրաբերեց Հայաստանի ու Արցախի հիւանդանոցներին: Ի պաշտօնէ, Սարեանը յաճախ է առիթ ունենում շփուելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնեաների, կառավարութեան անդամների հետ, եւ խոստովանում է, որ երբեւէ առիթը բաց չի թողել բարձրաձայնելու հայկական հարցերի մասին. «Մեր պայքարն արդար է, եւ մեր իրաւունքը պէտք է վերականգնուի մեր հողերը պէտք է վերադարձուեն: Դրա համար հաւատում եմ, որ Հայ Դատը իսկապէս սուրբ հարց է մեր համար: Իւրաքանչիւրս մեր հնարաւորութիւնների շրջանակում պէտք է բարձրաձայնենք մեր իրաւունքների մասին, ու պայքարենք մեր ազգային հարցերի լուծմամ համար», իր ուղերձում նշեց Մայք Սարեանը:
Հայ-Ամերիկեան բժշկական միութիւնն այս տարի պատուեց արգենտինահայ բժիշկ Դենիել Ստամբուլեանին՝ առողջապահական ոլորտի զարգացման գործում իր զգալի ներդրման համար: Ստամբուլեանն իր բժշկական կրթութիւնը ստացել է Բուէնոս Այրեսի, այնուհետեւ՝ Իվէսի համալսարաններում: Հայ բժիշկը Արգենտինայում հսկայական աւանդ ունի յատկապէս վարակիչ հիւանդութիւնների ախտորոշման, բուժման ու կանխարգելման գործում:
Ստամբուլեանն առանցքային դեր է ունեցել նաեւ Հայաստանի առողջապահական ոլորտում՝ վերապատրաստելով բազմաթիւ մասնագէտների, եւ փոխպատուաստումային ծրագրեր իրականացնելով հայրենիքում:
Ստամբոլեանը հիմնադրել է բազմաթիւ կազմակերպութիւններ, այդ թւում՝ Վարակիչ հիւանդութիւնների համաամերիկեան միութիւնը (FUNCEI), Զարգացող երկրներում վարակիչ հիւանդութիւնների դէմ պայքարի միութիւնը (FIDEC), եւ այլ: Իր բժշկական եւ մարդասիրական գործունէութեան համար, Ստամբոլեանն արժանացել է բազմաթիւ պարգեւների:
Դենիել Ստամբուլեանը նախագահելու է 12րդ Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսը, որ տեղի կ՛ունենայ այս տարի, Արգենտինայում: Այս ձեռնարկը համախմբելու է առողջապահական ոլորտի առաջատար մասնագէտների, ովքեր կը փոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները, ինչպէս նաեւ՝ Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգում առկայ մարտահրաւէրների մասին տեղեկութիւնները:
Վաւերագրական ֆիլմերի հեղինակ Պարէտ Մարոնեանը մեծարուեց Հայոց Ցեղասպանութեան մասին համաշխարհային մակարդակով իրազեկման ջանքերի համար: Նա տեղական «Էմմի»ի քառակի մրցանակակիր է: Նրա վերջին՝ «1915ի Կանայք» ժապաւէնը պատմում է Ցեղասպանութիւնից փրկուած հայ կանանց մասին, ինչպէս նաեւ՝ օտարների, ովքեր սեփական կեանքը վտանգելով փրկել են հազարաւոր հայ կանանց ու երեխաների: Ձեռնարկի ընթացքում ներկայացուեց Մեծ Եղեռնը վերապրած մի կնոջ՝ Կլարա Յակոբեանի պատմութիւնը, ով յետագայում յայտնի դարձաւ որպէս «Էփըլ» ընկերութեան հիմնադիր Սթիւ æոբսի մայրը:
Հայ-ամերիկեան բժշկական միութեան հիմնադրման 32րդ ամեակը նաեւ գեղեցիկ առիթ էր կազմակերպութեան անդամների համար հանդիպելու Իւնիվերսալ Սիթիի շքեղ սրահում:
Ձեռնարկին իւրատեսակ լիցքեր հաղորդեցին Արգենտինական տանգոյի լաւագոյն պարողները, հայկական տրամադրութիւնն ապահովեց Արա Մարտիրոսեանը:
Տեղեկանք.- Մանկական էպիլեպսիայի բուժման ծրագիրը Հայ-ամերիկեան բժշկական միութեան անդամների ջանքերով ստեղծուել է 2003 թուականին, Հայաստանում, որի շրջանակներում պարբերաբար անցկացւում է փորձի փոխանակում ու վերապատրաստում Հայաստանում գործող բուժանձնակազմի հետ, Ամերիկայից դեղորայք եւ բժշկական անհրաժեշտ սարքաւորումներ են ուղարկւում կենտրոնին, որոնցից հարիւրաւոր երեխաներ օգտւում են անվճար:
1993 թուականից էլ գործում է պատանեկան շաքարախտի ծրագիրը: Այս հիւանդութիւնը չվերահսկուելու դէպքում կարող է վատթարագոյն հետեւանքներ ունենալ յատկապէս պատանիների համար, այդ թւում՝ վաղաժամ մահուան պատճառ դառնալ: Բժշկական միութիւնը մատակարարում է շաքարախտի համար առաջնային անհրաժեշտութեան դեղամիջոց՝ «ինսուլին», որ տրամադրւում է անվճար: