ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Մինչ կառավարութիւնը մտածում է դպրոցների օպտիմալացման (բարեկարգման, միացման-Խմբ.) մասին, Հանրապետութեան մի շարք մարզերերի համայնքներում այսօր շրջանաւարտներ չունենք: Միեւնոյն ժամանակ նոյն այդ գիւղերի ղեկավարները օպտիմալացմանը դէմ են հանդէս գալիս: «Ռադիօլուրը» փորձել է պարզել, թէ որ դպրոցներն այս տարի շրջանաւարտ չեն ունենայ եւ որն է այս խնդրի իրական լուծումը:
Մի քանի օրից հանրապետութեան դպրոցներում կը հնչի Վերջին զանգը: Մինչ աւարտական դասարանների աշակերտները տօնական միջոցառման վերջին փորձերն են անում, հանրապետութիւնում կան շուրջ 3 տասնեակ դպրոցներ, որտեղ այս տարի Վերջին զանգը չի հնչի: Պատճառը շրջանաւարտների բացակայութիւնն է: Նման խնդիր ունեն յատկապէս սահմանամերձ գիւղերի դպրոցները: «Ռադիօլուր»ը պարզել է, որ այս համայնքներում ստեղծուած պատկերը հիմնականում արտագաղթի հետեւանք է: Օրինակ՝ Սիւնիքի մարզի մի շարք գիւղերի դպրոցներում չկան շրջանաւարտներ, իսկ եթէ կան՝ երկու-երեքն են: Լծեն գիւղը շրջանաւարտ չունեցողների թւում է: Վերջին տարիներին այն դատարկուել է, մարդիկ չեն կարողանում այստեղ ապրել՝ «Ռադիօլուր»ի հետ զրոյցում նշեց Լծենի գիւղապետ Հրահատ Նիկալեանը: Գիւղի միջնակարգ դպրոցն այսօր ընդամէնը 4 աշակերտ ունի:
Լծեն գիւղը, ի դէպ, Սիւնիքի մարզի միակը չէ, որ շրջանաւարտ այս տարի չի ունենալու: Շրջանաւարտների պակաս ունենք հանրապետութեան միւս մարզերում եւս: Շիրակի մարզի Լեռնուտ գիւղում եւս արտագաղթը մեծ թուերի է հասնում: Այստեղ արդէն 2րդ տարին է, որ շրջանաւարտ չունեն: Գիւղի բնակչութիւնը հիմնականում ծերեր են: Լեռնուտի գիւղապետ Վարազդատ Բաղդասարեանը, սակայն, չի յուսահատւում: Նոր սերնդից մեծ սպասելիքներ ունի:
Վերջին զանգն այս տարի չի հնչելու նաեւ Շիրակի մարզի Հայկաձոր համայնքում: Գիւղի միջնակարգ դպրոցի տնօրէն Վարդան Սարգսեանը մեզ հետ զրոյցում յայտնեց, որ դպրոցում այս տարի 8րդ դասարանցի էլ չեն ունեցել, ինչը նշանակում է, որ մի քանի տարի յետոյ եւս շրջանաւարտ չի լինելու: Այստեղ եւս յոյսը կապում են նոր սերնդի հետ:
Շրջանաւարտներ չեն ունենայ նաեւ Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներ: Այրքի գիւղապետ Արտեոմ Շաբոյեանը յայտնեց, որ իրենց համայնքը հիմնականում բնակեցուած է փախստականներով, բայց նրանց թիւն էլ է տարէց տարի պակասում: Եթէ օրինակ 10 տարի առաջ համայնքում կար 35 աշակերտ՝ այս տարի աշակերտների թիւը 10ով նուազել է: Նման դպրոցներ ունենք նաեւ Կոտայքի, Տաւուշի, Վայոց ձորի եւ Լոռու մարզերում: Յիշեցնենք, որ կառավարութեան օրակարգում է դպրոցների օպտիմալացման ծրագիրը: Կառավարութեան Մայիսի 11ի նիստում վարչապետ Կարէն Կարապետեանը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչեանին յանձնարարել է 15օրեայ ժամկէտում կառավարութեան աշխատակազմ ներկայացնել դպրոցների օպտիմալացման վերաբերեալ առաջարկութիւններ: Կրթութեան Գործի կազմակերպիչն Աշոտ Բլէեանը օպտիմալացումը խնդրի լուծում չի համարում: Նա նշում է, որ խնդրի լուծումը միջազգային փորձի ուսումնասիրման, կրթական նոր մոդելների կիրառման մէջ է:
Ինչեւէ, Աշոտ Բլէյեանը նշում է, որ նոր մոդելների փնտռտուքը շարունակւում է եւ առաջիկայ Յունիս ամսին իր ղեկավարած Սեբաստացի կրթահամալիրում կը ներկայացուեն նոր լուծումներն ու մօտեցումները: