ԳԼԵՆԴԵԼ.- Անկախութիւնից 26 տարի անց էլ, հայկական կինօն դեռ փորձում է գտնել իր ինքնութիւնն ու տեղը միջազգային բեմահարթակում: Սրա մասին, լոսանջելեսաբնակ շարժապատկերի մասնագէտ Զարեհ Արեւշատեանը, Յունիսի 2ին, «Ապրիլ» գրատանը հանդէս եկաւ «Ի՞նչ Պատահեց Հայ Կինոյին» խորագրով բանախօսութեամբ:
«Եու.Սի.Էլ.Էյ.» համալսարանի Շարժապատկերի եւ հեռուստատեսութեան բաժնի լրատուական համակարգող Արեւշատեանը, ով աշխատել է Ամերիկայի Շարժապատկերի հիմնարկում եւ այս ոլորտում ուսումնասիրութիւններ է կատարել Հայաստանում, ներկայացրեց հայ կինոյի պատմութիւնը՝ սկսած հայկական առաջին գեղարուեստական ֆիլմից՝ Համօ Բեկնազարեանի «Նամուս»ից, մինչ մեր օրերը:
Կինօգետն անդրադարձաւ հայ ազգային կինօ-արուեստի վերելքը համարուող 1960-1970ականներին, երբ ծնունդ առան հայ երկու հանճարեղ բեմադրիչների՝ Փարաջանովի ու Արտաւազդ Փելէշեանի գլուխ գործոցները։
Զարեհ Արեւշատեանը ներկայացրեց տարբեր սերունդների հայ ճանաչուած կինօբեմադրիչների՝ Ֆր-ունզէ Դովլաթեանի, Հենրիկ Մալեանի, Ռուբէն Գէորգեանցի, Յարութիւն Խաչատրեանի եւ այլոց:
Անդրադառնալով ժամանակակից կինօ-արուեստին՝ բանախօսը յայտնեց, որ Հայաստանի անկախանալուց յետոյ, կինօ-արուեստի նկատմամբ պետական հոգածութիւնը աստիճանաբար նուազել է, եւ արդիւնքում՝ վերջին շրջանում գեղարուեստական բարձրարժէք շարժապատկերներ գրեթէ չեն նկարահանւում:
Ըստ Արեւշատեանի՝ գերիշխող են հեռուստատեսային «սերիալ»ները, որոնք չեն առանձնանում ճաշակով եւ գեղարուեստական արժէքով: Նա, այդուհանդերձ, գնահատեց վաւերագրական շարժապատկերները, որոնք մրցունակ են նաեւ միջազգային ասպարէզում:
«Խորհրդային կարգերի փլուզումից յետոյ, շատ դժուար էր հայ կինոյի համար գոյատեւել՝ պայմանաւորուած առաջին հերթին ֆինանսների բացակայութեամբ: Ներկայում մենք չունենք որոշակի քաղաքականութիւն, համակարգ, մեխանիզմ, որ կը կազմակերպի շարժապատկերի ստեղծման ողջ գործընթացը՝ նկարահանումից մինչեւ ներկայացում եւ տարածում: Անձնական փորձառութեամբ համոզուել եմ, որ պետութիւնը հետաքրքրուած չէ կինօ-արուեստով, որովհետեւ, ըստ նրանց՝ աւելի կարեւոր բաներ կան անելու: Շարժապատկերը 21րդ դարի արուեստի գլխաւոր ճիւղերից է, նաեւ՝ զօրեղ քարոզչամիջոց: Այդուհանդերձ, Հայաստանում կան երիտասարդներ, ովքեր կարողանում են միջոցներ հայթայթել եւ նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր՝ յատկապէս վաւերագրական, որոնք որակեալ են ու ընդունելի միջազգային հանրութեանը: Սա նշանակում է, որ ներուժ ունենք, սակայն պէտք է պետական հոգածութիւն, քաջալերանք, քանի որ եթէ չստեղծուեն մեխանիզմներ, այդ երիտասարդ կինոգործիչներն էլ շուտով կը հիասթափուեն ու կը դադարեն ստեղծել», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց Արեւշատեանը:
Ըստ նրա՝ Սփիւռքն էլ կարող է նպաստել հայկական կինոյի զարգացմանը, եթէ վեր կանգնի նեղ խմբային ու միութենական շահերից եւ առաջնային համարի շարժապատկերի՝ որպէս արուեստի առաքելութիւնը:
Բանախօսութեանը աւարտին ներկաներն առիթ ունեցան տարաբնոյթ հարցեր ուղղել Զարեհ Արեւշատեանին, ապա ծաւալուեց աշխոյժ քննարկում:
Սոյն ձեռնարկը համատեղ նախաձեռնութիւնն էր «Ապրիլ» գրատան տնօրէն Առնօ Երէցեանի եւ «Արմինիըն Ֆիլմ Սըսայիթի» կազմակերպութեան հիմնադիրներ Արմէն ու Մարի Քարօղլանեանների: «Արմինիըն Ֆիլմ Սըսայիթի»ի նպատակն է ցուցադրել հայկական ֆիլմեր ու հայկական թեմաներ ընդգրկող օտար ֆիլմեր, ներկայացնել կինօգործիչների եւ նրանց մասնակցութեամբ բանախօսութիւններ կազմակերպել։
Ձեռնարկներն անցկացւում են «Ապրիլ» գրատնում։