ՍԵԴԱ ՀԵՐԳՆԵԱՆ
Այս տարուայ Ապրիլին Հայաստանի պետական պարտքը հատեց 6 մլրդ. դոլարի շեմը, որից 4.852 մլրդ. դոլարը արտաքին պարտքն է:
Իսկ մարտի վերջի դրութեամբ՝ արտաքին պարտքը 4.827 մլրդ. դոլար էր: Ազգային վիճակագրական ծառայութիւնը եռամսեակային կտրուածքով ներկայացնում է արտաքին պարտքի կառուցուածքն՝ ըստ վարկատուների: Տուեալները ստացւում են ֆինանսների նախարարութիւնից: Ամենաթարմն այս տարուայ Մարտի վերջին գրանցուած ցուցանիշներն են:
Այսպիսով, Մարտի վերջի դրութեամբ՝ Հայաստանի ամենամեծ «պարտատէրը» Համաշխարհային բանկն (ՀԲ) է՝ ի դէմս Զարգացման միջազգային ընկերակցութեան եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի: Հայաստանը ՀԲին պարտք է 1.749 մլրդ. դոլար, որը կազմում է մեր երկրի ընդհանուր արտաքին պարտքի 36.2 տոկոսը: Նշուածից մօտ 1.102 մլրդ. դոլարը Զարգացման միջազգային ընկերակցութեանն ունեցած պարտքն է, իսկ 647.7 մլն. դոլարը՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկինն է:
Միւս վարկատուն Ասիական զարգացման բանկն է, որին ունեցած պարտքը կազմում է 515,157 մլն. դոլար: Երրորդը Արժոյթի միջազգային հիմնադրամն է, որին Հայաստանը պարտք է 410,758 մլն. դոլար:
Եւրասիական զարգացման բանկը եւս Հայաստանի խոշոր վարկատուներից է: Վերը նշուածներին Հայաստանը պարտք է բազմակողմանի վարկային ծրագրերի շրջանակներում: Իսկ երկկողմանի վարկային ծրագրերի շրջանակներում Հայաստանի վարկատուներն են ԱՄՆը, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, ՌԴն, Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամն ու Չինաստանի Ներմուծման-արտահանման բանկը:
Մնացածը առեւտրային բանկերից ստացուած վարկերն են, ոչ-ռեզիդենտների կողմից ձեռք բերուած արտարժութային պարտատոմսերը, փոքր մասն էլ՝ արտաքին երաշխիքները: Այս ցանկում ոչ-ռեզիդենտների կողմից ձեռք բերուած արտարժութային պետական պարտատոմսերի կշիռը զգալի է:
2016 թուականի Մարտի վերջի համեմատ՝ այս տարուայ նոյն ամսուայ վերջի դրութեամբ Համաշխարհային բանկին ունեցած պարտքն աճել է 0.5 տոկոսով, Ասիական զարգացման բանկի պարտքը՝ 0.6 տոկոսով, Եւրոպական ներդրումային բանկին՝ 0.8 տոկոսով, Գերմանիային (KFW)՝ 6.4 տոկոսով, Ճապոնիային՝ 3 տոկոսով, Ռուսաստանին՝ 9.2 տոկոսով:
Արժոյթի միջազգային հիմնադրամին ունեցած պարտքը կրճատուել է 0.3 տոկոսով:
Յաւելենք, որ Մարտի վերջի դրութեամբ՝ արտաքին պարտքից մօտ 4.31 մլրդ. դոլարը կառավարութեան պարտքն է, իսկ 517,902 մլն. դոլարը՝ կենտրոնական բանկինը: