ԵՐԵՒԱՆ, «Ռազմինֆօ».- Յունիսի 19ին կառավարութիւնը հաւանութիւն է տուել իր 2017-2022 թթ. ծրագրին եւ ուղարկել է ՀՀ ԱԺ հաստատմանը: Յունիսի 21ին անցկացուելու է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որտեղ էլ նախատեսւում է կառավարութեան ծրագրի քննարկումը:
Պաշտպանութեան ոլորտում ծրագիրը նախատեսում է ինչպէս Զու սպառազինութեամբ համալրման ու ռազմարդիւնաբերութեան զարգացման, այնպէս էլ կադրային համալրման ու կանանց կամաւոր զինծառայութեան հնարավարութիւնների աւելացման աշխատանքներ:
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Կառավարութիւնը նախատեսում է մինչեւ 2020 թուականի աւարտը շարունակել զինուած ուժերի վերազինումը անհրաժեշտ սպառազինութեամբ, ռազմական եւ յատուկ տեխնիկայով:
Դրա համար նախատեսւում է օգտագործել ինչպէս Հայաստանի ներուժը՝ սեփական ռազմարդիւնաբերութեան զարգացման միջոցով, այնպէս էլ միջազգային ռազմատեխնիկական համագործակցութիւնը՝ արտերկրից սպառազինութեան ներկրումները:
Ռազմարդիւնաբերական համալիրի զարգացման համար կառավարութիւնը մասնաւորապէս նախատեսում է «ձեւաւորել ազգային ռազմական ինովացիոն (նոր-արարական) համակարգ, որտեղ ՀՀ ՊՆն ուղղակիօրէն կ՛աշխատի ՀՀ համալսարանների հետ՝ ներկայացնելով կադրերի պատրաստման պահանջարկ՝ բնական գիտութիւնների, տեղեկատուական տեխնոլոգիաների եւ զինուած ուժերի համար հետաքրքրութիւն ներկայացնող այլ մասնագիտութիւնների գծով:
ՀՀ պաշտպանութեան նախարարութեան կողմից համալսարաններում կը ստեղծուեն նաեւ համապատասխան լաբորատորիաներ, միաժամանակ կը խթանուի ռազմարդիւնաբերական համալիրում աշխատած նախկին կադրերի ներգրաւումը ՀՀ նորարարական համակարգում»:
Պաշտպանունակութեան ներքին գործօնների զարգացմանը զուգահեռ մինչեւ 2022 թուականի աւարտը կառավարութիւնը նախատեսում է աշխատել նաեւ անվտանգութեան միջազգային երաշխիքների զարգացման ուղղութեամբ: Ասել է, թէ՝ Հայաստանը շարունակելու է աշխատանքը ՀԱՊԿ, ՆԱՏՕ եւ այլ միջազգային կառոյցների հետ:
ԶԻՆՈՒԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹԵԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
Մինչեւ 2020 թուականի աւարտը կառավարութիւնը մտադիր է կատարելագործել մարտական հերթապահութեան համակարգը՝ մասնաւորապէս նաեւ տեսադիտարկման եւ հետախուզական համակարգերով համալրման միջոցով:
Դրան զուգահեռ կատարուելու են նաեւ աշխատանքներ մարտական դիրքերի ինժեներական (ճար-տարագիտական) կահաւորման, սպայական եւ շարքային կազմի յատուկ պատրաստութեան ուղղութեամբ՝ «մարտական հերթապահութեան մէջ ընդգրկուած անձնակազմի անվտանգութիւնը, ցանկացած ոտնձգութեան ժամանակին բացայայտման, կանխման եւ խոցման հնարաւորութիւնները» կատարելագործելու համար:
ԱԶԳ-ԲԱՆԱԿ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Հայեցակարգի ներդրման համար կառավարութիւնը նախատեսում է.
-բարձրացնել զինծառայութեան գրաւչութիւնը պարտադիր ժամկէտային եւ սպայական կազմի զօրակոչիկների համար, դրան զուգահեռ զօրքերը համալրել պայմանագրային եւ արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներով: Միաժամանակ աշխատանք է տարուելու պահեստազօրի պատրաստութեան արդիւնաւէտ համակարգի ձեւաւորման ուղղութեամբ:
-մինչեւ 2020 թուականի աւարտն ապահովել ՀՀ պաշտպանութեանը իւրաքանչիւր զինապարտ քաղաքացու մասնակցութիւնը, ինչպէս նաեւ ընդլայնել կամաւորութեան սկզբունքով կանանց զինուորական ծառայութեան անցման հնարաւորութիւնները:
-մինչեւ 2020 թուականի աւարտը մշակել զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, զինուորական հաշմանդամների, զոհուած (մահացած), անյայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովութեան ռազմավարութիւն:
-մինչեւ 2022 թուականի աւարտը ստեղծել ռազմական կրթութեան եւ ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգ, կայացնել եւ մրցունակ դարձնել նախնական զինուորական, միջին մասնագիտական, բարձրագոյն ու հետբուհական կրթութիւնն ապահովող ազգային ռազմակրթական համակարգը:
-մինչեւ 2022 թուականի աւարտն ամբողջացնել ռազմաբժշկական ապահովման ոլորտի բարեփոխումները: