«Մեծ Պատիւ Է Գիտակցել, Որ Ամբողջ Հայ Ազգն Ինձ Հետ Է»
Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարեանը հարցազրոյց է տուել իսպանական «Մարքա» պարբերականին:
«ՄԱՐՔԱ».- Լինելով հայ ամենայայտնի ֆուտբոլիստն աշխարհի մեծագոյն ակումբներից մէկում՝ զգո՞ւմ ես յաւելեալ ճնշում ամէն շաբաթ լաւ հանդէս գալու համար:
ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Դա մեծ պատիւ է, սակայն նոյն ժամանակ պատասխանատուութիւն: Պատիւ է իմանալ, որ ամբողջ ազգն ինձ հետ է, սակայն պատասխանատուութիւն է միշտ լաւ ելոյթ ունենալ՝ նրանց ոգին բարձր պահելու համար: Իւրայատուկ զգացողութիւն է տեսնել, թէ ինչպէս են մարդիկ հպարտանում քեզնով, սակայն երբ դաշտ եմ մտնում, կենտրոնանում եմ միայն խաղի վրայ:
«ՄԱՐՔԱ».- Կարիճ հարուածը քո լաւագո՞յն գօլն է: Կը փորձե՞ս կրկնել այն:
ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Կարիճ հարուածով գօլը լաւագոյնն է, սակայն իմ ամենակարեւոր խփած գնդակը Եւրոպա լիգայի եզրափակչին է: Կարիճ հարուածը նախապէս չէի ծրագրել: Այդ պահին միայն այդպէս կարող էի հարուածել:
«ՄԱՐՔԱ».- Ի՞նչ ես սովորել Մանչեսթերում անցկացրած ժամանակ եւ ինչպէ՞ս կարող ես բարելաւել քո խաղը:
ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Ամէն օր շարունակում եմ սովորել եւ չկան սահմանափակումներ առաջադիմելու համար: Կը շարունակեմ ջանասիրաբար աշխատել, ինչպէս դա արել եմ ամբողջ կարիերայիս (ասպարէզիս-Խմբ.) ընթացքում:
«ՄԱՐՔԱ».- Ինչի՞ կարող է հասնել «Մանչեսթեր Իւնայթեդ»ը մեկնարկող մրցաշրջանում:
ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐԵԱՆ.-Մեր նպատակն է յաղթել ամէն խաղում, եւ յոյս ունենանք այդպէս էլ կը լինի բոլոր մրցաշարերում: Չեմպիոնների լիգան մեր թիմի ԴՆԹում է: «Մանչեսթեր Իւնայթեդ»ը Չեմպիոնների լիգան է եւ Չեմպիոնների լիգան «Մանչեսթեր Իւնայթեդ»ն է:
«ՄԱՐՔԱ».- Ի՞նչն է քո անձնական ամբիցիան (տենչը-Խմբ.) 2017-2018 մրցաշրջանում:
ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Որպէս խաղացող, անհատ, ունեմ իմ ամբիցիաները: Սակայն ժամանակն է շնորհակալութիւն յայտնել ակումբի երկրպագուներին այն ամէնի համար, ինչ նրանք մեզ տուել են: Միշտ կ՛անեմ առաւելագոյնը, ինչ կարող եմ:
«ՄԱՐՔԱ».- Մտադի՞ր ես մասնակցել Հայաստանում ֆուտբոլային ակադեմիայի զարգացմանը:
ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Մտածել եմ այդ մասին եւ կը ցանկանամ յետագայում սովորեցնել հայ երեխաներին իմ ֆուտբոլային փիլիսոփայութիւնը: