Յուլիսի 14ին, ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում, ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամները՝ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի գլխաւորութեամբ, ընդունել են Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան անդամներին:
Հանդիպման ընթացքում, Դաւիթ Իշխանեանը ամփոփ տեղեկութիւններ է ներկայացրել Արցախի քաղաքական եւ տնտեսական կացութեան վերաբերեալ, անդրադարձել Արցախեան հիմնահարցին եւ խօսել ՀՅԴի կատարած աշխատանքների եւ անելիքների մասին:
«Ապառաժ»ը, այս առթիւ, զրուցել է Հայ կանանց գթութեան միութեան ատենապետուհի Արմինէ Սիմոնեանի հետ.
«ԱՊԱՌԱԺ».- Ի՞նչ նպատակով էք Արցախում:
ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ.- Հայ կանանց գթութեան միութեան այս շրջագայութիւնը ճանաչողական նպատակ ունի: Միութեան 16 անդամներով, մի շաբաթով եկել ենք՝ Արցախը մօտիկից տեսնելու եւ ժողովրդի հետ շփուելու նպատակով:
– Երբուանի՞ց է գործում Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութիւնը:
– Մեր միութիւնը հիմնադրուել է 1915 թուականին, եւ հանդիսանում է ՀՅ Դաշնակցութեան մասնաճիւղ:
Հայ կանանց գթութեան միութիւնը Նոր Ջուղայում առաջինն էր ստանձնել հայապահպանութեան խնդիրները՝ իրականացնելով ազգային, մշակութային եւ կրօնական տարբեր ծրագրեր: Այսօր միութիւնն ունի 36 անդամ։
«ԱՊԱՌԱԺ».- Ին՞չ ծրագրեր էք իրականացնում:
ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ.- Մեր միութիւնը բարեսիրական միութիւն է. տարբեր օգնութիւններ ենք տրամադրում, հովանաւորում ենք Նոր Ջուղայի հայկական ծերանոցը, օժանդակում ենք նաեւ հայկական դպրոցներին եւ մարզամշակութային միութիւններին: Օժանդակութիւնների աշխարհագրութիւնը չի սահմանափակւում միայն Իրանով: Պարբերաբար օժանդակում ենք նաեւ Հայ Դատի աշխատանքներին եւ օգնում Ջաւախքի հայութեանը:
Ինչ վերաբերւում է Արցախին, ապա Արցախը մեր օրակարգի հիմնական եւ առաջնային կէտերից է: Միջոցառումներ ենք կազմակերպում եւ կուտակուած գումարները յատկացնում Արցախին: Հովանաւորել ենք Արցախի 24 զոհուած զինծառայողի եւ ծնողազուրկ երեխաների՝ տրամադրելով նիւթական օժանդակութիւններ: Մեր ներդրումն ենք ունեցել նաեւ Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզի շինարարութեան գործում՝ 5000 դոլարի չափով: Առաջիկայում եւս պատրաստւում ենք նոր ծրագրեր կեանքի կոչել: