«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ» ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՌԻՉԱՐԴ ՄԻԼԶԻ ՀԵՏ
Վարեց՝ ՍԱՐԳԻՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի նախօրէին հրապարակածը Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների կողմից վերահաստատուած սկզբունքներն են, որոնք Հայաստանի կառավարութիւնը հիմք է ընդունել ղարաբաղեան բանակցութիւնների համար», «Ազատութեան»ը տուած հարցազրոյցում ասաց Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը:
«Այո, դեսպան Հոգլանդը երէկ խօսել է եւ վերահաստատել տեւական ժամանակ գոյութիւն ունեցող սկզբունքները, որ մենք՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպէս ԱՄՆ կառավարութիւն ասել ենք՝ դրանք հիմք կը հանդիսանային Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան որեւէ կարգաւորման համար: Երկու կէտ կը նշեմ դեսպան Հոգլանդի մեկնաբանութիւնների վերաբերեալ: Առաջին՝ սա տեւական ժամանակ գոյութիւն ունեցող սկզբունքների մասին կրկին արուած յայտարարութիւն է, որի մասին նշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը 2014ին: Վեց սկզբունքները, որոնք նա հրապարակեց, արտայայտում են տեւական ժամանակ գոյութիւն ունեցող սկզբունքները, որոնք վերահաստատուել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների, մի շարք միջազգային կազմակերպութիւնների կողմից: Եւ Հայաստանի կառավարութիւնը նոյնպէս դրանք ընդունել է որպէս հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների հիմք: Ես նաեւ կը վերահաստատէի, որ սկզբունքները ամբողջական են», շարունակեց Միլզը:
Նախօրէին դեսպան Հոգլանդի ներկայացրած փաստաթղթի համաձայն, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշուելու է փոխհամաձայնեցուած եւ իրաւականօրէն պարտադիր կամարտայայտութեան միջոցով, Լեռնային Ղարաբաղի յարակից «օկուպացուած տարածքները» պէտք է վերադարձուեն Ադրբեջանին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը պէտք է բաւարար լայնութիւն ունենայ, որպէսզի ապահովի անվտանգ անցում, սակայն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջութեամբ, պէտք է ճանաչուեն փախստականների՝ իրենց նախկին բնակութեան վայրերը վերադառնալու իրաւունքը, եւ վերջապէս՝ ցանկացած պարագայում Ղարաբաղում խաղաղապահ առաքելութիւն է իրականացուելու:
Որոշ մեկնաբանութիւնների եմ հանդիպել սոցիալական ցանցերի հայաստանեան հատուածում, լրատուամիջոցներում՝ ի պատասխան դեսպան Հոգլանդի յայտատարութեան, որոնք առանձնացնում են որոշ սկզբունքներ: Ուղղակի կ՛ասեմ, որ բոլոր այդ սկզբունքները բանակցութիւնների առարկայ են, մէկը միւսից աւելի կարեւոր չէ, որեւէ նշան չկայ, որ մէկը աւելի շուտ է կեանքի կոչուելու, քան միւսը: Այդ բոլորը մի փաթեթի մաս են, եւ սխալ կը լինի կենտրոնանալ մէկ սկզբունքի վրայ, երբ դիտարկում էք կարգաւորման համար անհրաժեշտ այս առանցքային սկզբունքները», նշեց դեսպանը:
Ռիչարդ Հոգլանդին փոխարինելու է Էնդրիւ Շեֆերը: Հարցին, թէ նոր համանախագահի օրօք արդեօք փոխուելու է ԱՄՆ մօտեցումը ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ, դեսպան Միլզը պատասխանեց. «Մինսկեան գործընթացի նկատմամբ ԱՄՆ յանձնառութիւնը անփոփոխ է մնում, մեր յանձնառութիւնը՝ նպաստել մի լուծման, որի շուրջ կողմերը կարող են համաձայնուել, անփոփոխ է մնում: Իմ գործընկեր Էնդրիւ Շեֆերը իր պարտականութիւնների ստանձնմանը անցնելու է Վիեննայում իր ներկայիս պաշտօնից: Նա շատ բանիմաց դիւանագէտ է եւ, ինչպէս իր նախորդները, շարունակելու է աշխատել՝ աջակցելու (կարգաւորման) գործըթնացին»:
Միացեալ Նահանգների դեսպանից հետաքրքրուեցինք, թէ ռուս-ամերիկեան յարաբերութիւններում նկատուող լարուածութիւնը ինչ անդրադարձ է ունեցել Հայաստանի հետ Միացեալ Նահանգների յարաբերութիւնների վրայ: Ռիչարդ Միլզի արձագանքը. «Հայաստանը լաւ աշխատանք է տանում՝ հաւասարակշռելով յարաբերութիւնները իր բոլոր հարեւանների՝ ներառեալ Ռուսաստանի, Իրանի, Միացեալ Նահանգների ու Եւրամիութեան հետ: Հայաստան գալուն պէս իմ դիրքորոշումը յստակ է եղել՝ ԱՄՆն Հայաստանի հետ իր յարաբերութիւնները երբեք չի դիտարկել որպէս «զրօ» արդիւնքով մի խաղ, այսինքն՝ մեր յարաբերութիւնները պէտք է աւելի ամուր, խորը լինեն, սակայն այլ երկրների հետ Հայաստանի յարաբերութիւնները պէտք է վատանան: Դա երբեք չի եղել ԱՄՆ կառավարութեան նպատակը, եւ չեմ կարծում, որ դա Հայաստանի կառավարութեան նպատակն է: Բայց պէտք է յստակ լինեմ՝ պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզուած լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թէ որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, եւ վստահ լինել, որ Հայաստանը միւսների կողմից ճնշման չի ենթարկուի՝ հետեւելու մի ուղու, դէպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ: Կարծում եմ, լաւ օրինակ ունենք Հայաստանի ունակութեան առումով՝ հաւասարակշռելու իր շահերը եւ աշխատելու Միացեալ Նահանգների հետ: Դա Հայաստանի մասնակցութիւնն էր Վրաստանում կայացած ՆԱՏՕի «Ազնիւ գործընկեր» զօրավարժութիւններին, որոնք այս Օգոստոսի սկզբին էին: Հայաստանը պէտք է հպարտ լինի, որ ՀԱՊԿ միակ անդամն էր, որ մասնակցեց այդ զօրավարժութիւններին եւ շատ կարեւոր ներդրում ունեցաւ՝ ապահովելով բժշկական ծառայութիւնը, որը սպասարկում էր մասնակից բոլոր երկրներին: Դա օգնեց Հայաստանի զինուած ուժերին, այդ զօրավարժութիւններին ու Եւրոպայում անվտանգութեան ապահովմանը»:
«Այս Մարտին ամերիկեան կողմի աջակցութեամբ Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան «Զառ» ուսումնական կենտրոնում սկսուեցին վերանորոգման աշխատանքները: Արդեօք այս պարագայում հայ-ամերիկեան համագործակցութիւնը սահմանփակուելո՞ւ է վերանորոգման աշխատանքներով, թէ կենտրոնի վերանորոգումից յետոյ ամերիկեան կողմը հնարաւոր է իր մասնակցութիւնը ունենայ ուսումնական ծրագրերում, վարժանքների իրականացման գործում». այս հարցին Միացեալ Նահանգների դեսպանը պատասխանեց. «Ուրախ եմ, որ անդրադաձաք վարժանքների այդ կենտրոնին, որը մեր օգնութեամբ վերանորոգւում է, եւ ուր իր վարժանքներն է անցկացնելու Հայաստանի խաղաղապահ բրիգադը: Հայաստանի խաղաղապահ բրիգադը (զօրագունդը-Խմբ.) եւ նրա ներգրաւուածութիւնը Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում, միջազգային դիւանագիտութեան մէջ Հայաստանի աճող կարեւորութեան եւ միջազգային անվտանգութեան համար արուած Հայաստանի ներդրման իրական չափանիշն է: Մեր ռազմական համագործակցութիւնը աւելի լայն է, քան վարժանքների այդ կենտրոնի շուրջ աշխատանքներն են կամ մեր աշխատանքը հայաստանեան խաղաղապահ բրիգադի հետ: Մենք կենտրոնացած ենք Հայաստանի զինուած ուժերի հետ համագործակցութեան լայն շրջանակի ուղղութեամբ: Կենտրոնացած ենք երեք ընդգրկուն ոլորտների ուղղութեամբ: Առաջին՝ ռազմական ոլորոտում մեր ֆինանսաւորման ծրագիրն է: 2002ից, երբ մեր ռազմական համագործակցութիւնը իրապէս խորացաւ, մենք 49 միլիոն դոլար ենք յատկացրել Հայաստանի զինուած ուժերի համար սարքաւորումների ձեռքբերման նպատակով՝ սկսած անհատական պաշտպանութեան միջոցներից մինչեւ ռադիօկապի միջոցներ եւ բժշկական սարքաւորումներ: Մենք ունենք միջազգային ռազմական ուսումանական ծրագիր, եւ 2002ից յատկացրել ենք 7.5 միլիոն դոլար՝ ապահովելու հայաստանեան 200 սպաների, ենթասպաների եւ Պաշտպանութեան նախարարութեան քաղաքացիական աշխատակիցների ուսուցանումը ԱՄՆ ռազմական ինստիտուտներում, ակադեմիաներում՝ սկսած Ազգային ռազմական քոլեջից մինչեւ Գլխաւոր շտաբի քոլեջ: Եւ վերջապէս, համագործակցութեան երրորդ բաղկացուցիչը հումանիտար աջակցութեան ծրագիրն է: Գերզանցապէս Կանզասի ազգային գվարդիայի (ազգային պահակագունդը-Խմբ.) միջոցով մեր հումանիտար (մարդասիրական-Խմբ.) աջակցութեան ռազմական միաւորումները գալիս են Հայաստան եւ աշխատում են մանկատների, դպրոցների վերանորոգման, բնակավայրերի ջրամատակարարման բարելաւման ուղղութեամբ: 2002 թուականից 5 միլիոն դոլար ենք յատկացրել այդ ծրարգրերին»: