ՀԵՂԻՆԷ ԳԷՈՐԳԵԱՆ
Հոկտեմբերի 10ը նորվեգացի մարդասէր, խաղաղութեան նոբելեան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Երեւանի պետական համալսարանի առաջին պատուաւոր դոկտոր Ֆրիտեեֆ Նանսենի ծննդեան օրն էր: Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետում գտնուող Նանսենի լսարանում տեղի ունեցաւ Նանսենի ծննդեան տարեդարձին նուիրուած միջոցառում: Օրուայ խորհուրդն ամբողջացաւ ամերիկահայ յայտնի գեղանկարիչ Դանիէլ Վարուժան Հեճինեանի «Խաղաղութիւնն ափերի մէ»ջ Նանսենի դիմանկարի բացմամբ։
Վարուժանը, լինելով գաղթական ընտանիքի զաւակ, տեսել ու զգացել է Ցեղասպանութեան ողջ արհաւիրքն ծնողների աչքերում եւ երիտասարդ տարիքից նրա երազանքն է եղել արուեստն օգտագործել բարձրագոյն նպատակի համար:
2003ին Վարուժան Հեճինեանը Բոստոնում հիմնադրեց «Խաղաղութիւնն արուեստ»ջ (Peace of Art Inc.) շահոյթ չհետապնդող կրթական կազմակերպութիւնը, որի նպատակն է օգտագործել արուեստի համընդհանուր լեզուն՝ նպաստելով հակամարտութիւնների խաղաղ լուծմանը, մարդկանց բարօրութեանը՝ առանցք ընդունելով Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը: Կազմակերպութիւնը չունի որեւէ քաղաքական կամ կրօնական ուղղուածութիւն: Վարուժանն իր մարդասիրական գործունէութեան համար արժանացել է բազմաթիւ մեդալների եւ պատուոգրերի, սոյն թուականի Հոկտեմբերի 27ին Հայաստանի Ֆրիտեոֆ Նանսեն հիմնադրամի կողմից նա պարգեւատրուեց Նանսենի ոսկեայ յուշամեդալով՝ մարդասիրական սկզ-բունքների հաստատման եւ Հայոց Ցեղասպանութեան դատապարտման ուղղութեամբ ծաւալած գործունէութեան համար:
Վարուժան իր ելոյթում ասաց. «Անչափ ուրախ եմ, որ հայրենիքում եմ եւ ինձ համար պատիւ է գտնուել այս լսարանում մեծ մարդասէր Նանսենի ծննդեան օրուայ կապակցութեամբ՝ յարգանքի տուրքս մատուցելու նրա գործունէութեանը, որն ինձ համար եղել է ուղեցոյց դեռ պատանեկան տարիներից: «Խաղաղութիւնն Ափերի Մէ»ջ դիմանկարը նկարել եմ դեռեւս 2014ին։ Նկարը բաղկացած է 3 մասից եւ ներկայացնում է մեծ մարդասէր Նանսենի գործունէութիւնը: Առաջին մասը ներկայացնում է նրա՝ Հիւսիսային բեւեռ կատարած գիտահետազօտական արշաւը, նորվեգական դրօշը: Կենտրոնական մասում պատկերուած է Ախթամար եկեղեցին, որը խորհրդանշում է Արեւմտեան Հայաստանը, Սեւ եւ Միջերկրական ծովերի միջեւ գտնուող օսմանեան տարածքում եղած Ցեղասպանութիւնը, որի հետեւանքով 350 հազար հայ գաղթականներ ստացան նանսենեան անձնագիր: Նկարի երրորդ հատուածում պատկերուած է Նանսենը՝ գաղթականների ճակատագրով մտահոգ, եւ խաղաղութիւնն առած իր հոգատար ափերի մէջ՝ ապահովում է նրանց անվտանգութիւնը»:
Վերոյիշեալ անզուգական նկարը, որը հեղինակն անուանակոչել է «Խաղաղութիւնն Ափերի Մէ»ջ, նուիրաբերեց Հայաստանի Ֆրիտեոֆ Նանսեն հիմնադրամին, իսկ նկարի կրկնօրինակը ԵՊՀ Նանսենի լսարանում գտաւ իրեն արժանի հանգրուանը: