ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
2017 թուականի Սեպտեմբերի ամսից Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում գործում է Ինֆոմացիոն տեխնոլոգիաների (ՏՏ) ձեռնարկութիւնների միութեան ռոբոտաշինական գիտավերլուծարանը: Քարվաճառի միջնակարգ դպրոցի դասասենեակներից մէկում տեղակայուած գիտավերլուծարանը կահաւորուել է Արմաթ ընկերութեան կողմից այս տարուայ Յուլիս ամսին:
Ինչպէս մեզ հետ զրոյցում նշեց գործող գիտավերլուծարանի ռոբոտաշինութեան խմբակի խմբակավար Դաւիթ Եղիազարեանը, այժմ գործում է երկու խումբ. կրտսեր խումբ, որի մէջ մտնում են 3-5րդ դասարանների աշակերտներ եւ աւագ խումբ, որի մէջ ներառուած են 8-12րդ դասարանի աշակերտներ:
«Կրտսեր խմբի աշակերտները սովորում են աշխատել Scratch (Աղուէս) ծրագրով, որը նախատեսուած է խաղեր ստեղծելու համար: Աւագ խմբի սաներն այս պահին սովորում են եռաչափ մոդելաւորում, իսկ ապագայում կը կարողանան նաեւ նախագծել ռոբոտներ», նշեց խմբակավարը:
Հոկտեմբերի սկզբին խմբակի մի խումբ աշակերտներ ներկայ են գտնուել Digitec expo ամէնամեայ ցուցահանդէսին, որտեղ հնարաւորութիւն են ունեցել հանդիպել ու շփուել ՏՏ ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ, դիտել Արմաթի սաների պատրաստած ռոբոտների առաջնութիւնը, լսել մի շարք դասախօսութիւններ:
Խօսելով խմբակի նպատակներից ու հեռանկարներից՝ Դաւիթ Եղիազարեանը մասնաւորապէս նշեց. «Խմբակը հնարաւորութիւն է տալիս սովորել ծրագրաւորման, եռաչափ մոդելաւորման, էլեկտրասխեմաների նախագծման նախնական հմտութիւններ, ինչը երեխաներին թոյլ կը տայ ապագայում ունենալ բարձր վարձատրուող աշխատանք‘ շատ դէպքերում հէնց Քարվաճառից աշխատելով տարբեր միջազգային կազմակերպութիւնների համար»:
Խմբակի հանդէպ հետաքրքրութիւնը Քարվաճառում բաւականին մեծ է, այս պահին խմբակի սաների թիւն անցնում է 20ից:
Նշենք, որ Արմաթ գիտավերլուծարաններ գործում են Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան մի շարք քաղաքներում ու գիւղերում: