ԵՐԵՒԱՆ, «ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Ինչպէս «Արմէնպրես»ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Երուսաղէմի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Յակոբ Սեւանը, վերջին շրջանում այդ ուղղութեամբ որոշակի տեղաշարժ է նկատւում: «Վերջին 20-25 տարիների ընթացքում Հայաստան-Իսրայէլ յարաբերութիւններում էական արդիւնքներ չեն նկատուել: Այժմ տեսնում ենք որոշակի տեղաշարժ, եւ յոյս ունենք, որ այս քայլերը մեկնարկային հարթակ կը լինեն երկու երկրների յարաբերութիւնները զարգացնելու համար», ասաց Յակոբ Սեւանը:
Նա նկատեց, որ երկու երկրների միջեւ համագործակցութեան մեծ ներուժ կայ տնտեսութեան ոլորտում: Մասնաւորապէս, կարող են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնել գիւղատնտեսութեան, առողջապահութեան ոլորտները: «Այսօր երկու երկրների տնտեսական համագործակցութեան մակարդակը շատ ցածր է: Իսրայէլի շուկաներում հազուադէպ կարող ենք գտնել հայկական ապրանքներ, այն էլ որոշ տեղերում միայն գինի: Այնինչ, կարելի էր այդ բացը լրացնել: Հայ համայնքը կողմնակից է, որ երկու երկրների տնտեսական յարաբերութիւնների մակարդակը բարձր լինի», ասաց Յակոբ Սեւանը: Տնտեսական յարաբերութիւններում լաւատեսական շեշտադրումներին զուգահեռ, Յակոբ Սեւանն իր մտահոգութիւնը յայտնեց քաղաքական դաշտում առկայ իրավիճակի մասին: Նրա կարծիքով՝ այս հարթակում դեռ երկու երկրների յարաբերութիւնները կը մնան նոյնը: Էական փոփոխութիւն չի լինի: «Գիտենք, որ Իսրայէլը շարունակում է զինել Ադրբեջանին, որը հակահայ քաղաքականութիւն է վարում: Միւս կողմից էլ ունենք Հայոց Ցեղասպանութեան չճանաչումը: Չի բացառւում, որ Հայաստանի հետ յարաբերութիւններին նոր լիցք հաղորդելուն ուղղուած քայլերը լինեն Թուրքիայի հետ ոչ այնքան լաւ յարաբերութիւններ ունենալու համատեքստում: Գաղտնիք չէ, որ այսօր Իսրայէլի ու Թուրքիայի յարաբերութիւնները նախկինի նման չեն», կարծիք յայտնեց Յակոբ Սեւանը: Ամէն դէպքում նա կարեւոր համարեց վերջին շրջանի այցելութիւնները՝ յոյս յայտնելով, որ տեսանելի ապագայում կը տան իրենց արդիւնքները: