ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Թուրքիայում «Պանդորա» հրատարակչութիւնը լոյս է ընծայել մի քանի թուրք պատմակեղծարարների հեղինակած յօդուածների ժողովածուն՝ թուրքական պաշտօնական պատմագրութեան ներկայացուցիչներից Ֆերուդուն Աթայի խմբագրութեամբ: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ հիմնուելով յիշեալ հրատակչութեան պաշտօնական կայքէջում հրապարակուած տեղեկութեան վրայ:
Աղբիւրի համաձայն՝ «1915ով Կաշկանդուած Պատմութիւնը» վերնագիրը կրող սոյն գրքի առաջաբանում խմբագիր Ֆերուդուն Աթան գրում է, թէ «մինչ 1915թ. Թուր-քիայի տնտեսական ու մշակութային կեանքում միշտ բարձր դիրք զբաղեցրած հայերը Օսմանեան պետութեան թուլացմանը զուգահեռ՝ օգտագործուել են մեծ տէրութիւնների կողմից, որոնք հայերին հրահրել են օսմանեան իշխանութիւնների դէմ»:
«Առաջին Աշխարհամարտի ժամանակ, երբ Օսմանեան պետութիւնը կենաց-մահու պայքար էր մղում, հայերի մի մասը, պետութեան թշնամիների հետ համագործակցելով, անդառնալի գործողութիւններ է ձեռնարկել եւ անպաշտպան մարդկանց դէմ կոտորածներ իրականացրել: Սոյն գրքում խիստ արժէքաւոր յօդուածների հեղինակ ուսումնասիրողները, սկզբնական շրջանից մինչ օրս թուրք-հայկական յարաբերութիւններին անդրադառնալով, նպատակադրուել են իրենց նպաստն ունենալ այս ոլորտում արուած ուսումնասիրութիւնների մէջ», մասնաւորապէս գրում է Ֆերուդուն Աթան:
Յիշեցնենք, որ 1919-1921թթ. երիտթուրքերի դատավարութեան թեմային եւս անդրադարձած այս պատմակեղծարարը 2005թ. Թուր-քիայում տպագրուած «Տեղահանութեան Դատավարութիւնները Գրաւեալ Ստամբուլում» վերնագրով իր աշխատութեան մէջ փորձ էր անում խեղաթիւրել նաեւ դատաքննութիւններին առնչուող բազմաթիւ փաստեր կամ այլ մեկնաբանութիւններ տալ դրանց: Ֆերուդուն Աթայի վերոյիշեալ աշխատութեան վերնագիրն անգամ բաւարար է՝ ցոյց տալու համար, թէ ինչ նպատակ են հետապնդել Թուրքական պատմագիտական ընկերութիւնը եւ գրքի հեղինակը՝ այս մենագրութիւնը հրատարակելով: Վերնագրում իսկ ընդգծուել է, թէ սոյն դատաքննութիւններն իրականացուել են Դաշնակից պետութիւնների, յատկապէս՝ Մեծ Բրիտանիայի ճնշման ներքոյ, որոնց վերահսկողութեան տակ էր գտնւում Ստամբուլը տուեալ ժամանակահատուածում: Այնինչ հարկ է նշել, որ անկախ այն փաստից, որ տուեալ ժամանակաշրջանում Թուրքիան կախեալ է եղել մեծ տէրութիւնների կամքից, այս դատավարութիւնները կայացել են օսմանեան կառավարութեան եւ սուլթանի որոշման համաձայն, եւ դատաքննութիւնների փաստաթղթերը բացարձակապէս չեն կորցնում իրենց վաւերականութիւնը: Վերոյիշեալ մենագրութեան մէջ Ֆերուդուն Աթան միտումնաւոր կերպով աչքաթող է անում այն փաստը, որ այս դատական գործերը յարուցուել են ոչ միայն հայերի տեղահանման (Tehcir), այլ նաեւ՝ զանգուածային կոտորածների (Taktil) մեղադրանքով: Բացի այդ՝ Ֆերուդուն Աթան այս դատաքննութիւններին է անդրադառնում միայն պաշտօնական պատմագրութեանը ձեռնտու դիտանկիւնից՝ աղճատելով բազմաթիւ փաստեր: Օրինակ՝ նա պնդում է, թէ իբր դատական նիստերում մեղադրեալների դէմ ուղղուած ցուցմունքներով հանդէս են եկել միայն ազգութեամբ հայ վկաները, որոնք ուղղորդուել են վրէժխնդրութեան զգացումով: Այնինչ, Օսմանեան կայսրութեան տարբեր շրջանների հայերի տեղահանութեան եւ կոտորածների դատաքննութիւնների նիստերում հանդէս են եկել ոչ միայն հայ, այլեւ՝ բազմաթիւ թուրք եւ այլազգի, անգամ՝ մինչեւ նախարարի եւ նահանգապետի մակարդակով մի շարք թուրք բարձրաստիճան պաշտօնեաներ: Թուրք եւ օտարազգի վկաների առատութեամբ յատկապէս աչքի է ընկել Տրապիզոնի հայերի տեղահանութեան եւ կոտորածների դատավարութիւնը:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Ֆերուդուն Աթայի խմբագրութեամբ լոյս տեսած «1915ով Կաշկանդուած Պատմութիւնը» յօդուածների ժողովածուն եւս պատմակեղծարարութեան հերթական օրինակն է, որի նպատակն է ոչ թէ պատմութեան իրական դէպքերը վերլուծելը, այլ՝ թուրքական պաշտօնական պատմագրութեանը յատուկ կերպով պատմութիւնը խեղաթիւրելը: