ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսում կայացաւ հայկական տարազների ցուցադրութիւն, որտեղ ներկայացուեցին հայոց պատմութեան տարբեր ժամանակաշրջանները պատկերող հարիւրից աւելի հագուստներ: Յատկանշական էր, որ հայոց թագաւորների ու թագուհիների, հարսների ու աշխատաւորների հագուստներով բեմ բարձրացան հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ՝ արուեստագէտներ, գործարարներ, հասարակական գործիչներ: «Տէրեան» մշակութային կենտրոնի ազգային տարազների շուրջ նրանց միաւորել էր նաեւ հայրենիքին օգնելու բարեգործական առաքելութիւնը: Ընտանիքի փրկութեան հիմնադրամի (Family Rescue Fund) նախաձեռնութեամբ անցկացուած տարազների նորաձեւութեան ցուցադրութեան ողջ հասոյթը տրամադրուելու է Հայաստանում անապահով ընտանիքներին:
«Հայաստան իմ յաճախակի այցերի ընթացքում ծանօթանում էի սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդկանց խնդիրներին՝ նաեւ «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարի միջոցով: Արդիւնքում, որոշեցի օգնել իմ հայրենակիցներին, եւ Հրաչ Մուրադեանի հետ խորհրդակցելով, ստեղծեցինք հիմնադրամ, որի միջոցով արդէն չորս տարի է Երեւանում եւ մարզերում տասնութ ընտանիքի նուիրել ենք վերանորոգուած եւ կահաւորուած բնակարան: Միաժամանակ, շարունակում ենք կապ պահպանել այդ ընտանիքների հետ, եւ նրանց ապահովում ենք անհրաժեշտ կենցաղային իրերով, հագուստով ու մթերքով: Այս ամէնը հնարաւոր է դառնում Լոս Անջելեսի մեր հայ նուիրատուների շնորհիւ, ովքեր ամէն տարի մասնակցում են մեր հանգանակային միջոցառմանը: Այս տարուայ մեր ձեռնարկն էլ որոշեցինք անցկացնել ազգային ոգով, եւ համագործակցելու մեր առաջարկը սիրով ընդունեց «Տէրեան» մշակութային կենտրոնը», պատմում է Ընտանիքի փրկութեան հիմնադրամի հիմնադիր Նազ Աթիկեանը: Նրա տեղեկացմամբ, հիմնադրամն օգնում է նաեւ ամերիկահայ համայնքին՝ կրթաթոշակներ տրամադրելով հայկական մի քանի վարժարաններում սովորող աշակերտներին, նաեւ՝ «Լոս Անջելեսի երեխաների հիւանդանոցին Լոս Անջելես չիլդրընզ հոսբիտալ):
«Ընտանիքի փրկութեան հիմնադրամի կողմից նորաձեւութեան ցուցադրութիւն կազմակերպելու առաջարկից յետոյ, մեր Լիլիթ Մելիքեանի ղեկավարութեամբ մի քանի ամիս շարունակ մանրակրկիտ աշխատանք է իրականացուել տարազները պատրաստելու ուղղութեամբ», նշում է «Տէրեան» մշակութային կենտրոնի մոդելաւորող (ձեւաւորող-Խմբ.) Ժաքլին Քզրտեանը: «Մեր կենտրոնը Լոս Անջելեսում ներկայանում էր առաջին անգամ, եւ ցանկանում էինք ամբողջական հաւաքածու ներկայացնել: Չորս մասերից կազմուած ցուցադրութիւնը ներառում էր տարբեր ժամանակների հայոց թագաւոր թագուհիների հագուստները, աւանդական տարազ, այդ թւում՝ հայկական գոգնոցներ, զարդանախշերով գլխազարդեր, գօտիներ, երրորդ հատուածում ժամանակակից տարազն էր՝ նորաոճ զգեստներ, որոնք կրում էին հայկական գորգանախշեր, յատկապէս՝ Արցախի գորգերից վերցուած, եւ ցուցադրութիւնն աւարտուեց հարսանեկան զգեստների ցուցադրմամբ», պատմում է Ժագլին Քզրտեանը, ով նաեւ ներկայացրեց հագուստների իր անհատական հաւաքածուից նմուշներ:
«Տէրեան» մշակութային կենտրոնը յայտնի է որպէս հայկական ազգային հագուստներն ու հայկական աւանդական ասեղնագործութիւնը վերականգնող, հնի հիմքի վրայ նոր ոճաւորուած հագուստներ ստեղծող կենտրոն: Կազմակերպելով վերականգնուած տարազների ցուցադրութիւններ նաեւ Հայաստանից դուրս, «Տէրեան» կենտրոնը ճանաչելի եւ սիրելի է դարձնում հայկական տարազը հայերին ու օտարներին: Միաժամանակ, նպաստում է, որպէսզի հայկական ազգային հագուստի տարբեր տարրեր ներառուեն ժամանակակից կենսակերպում: Կենտրոնը նաեւ կատարում է ազգային հագուստի, մանրանկարչութեան, գորգերի, կարպետների, ասեղնագործութեան բազմակողմանի ուսումնասիրութիւն:
Ընտանիքի փրկութեան հիմնադրամի ու «Տէրեան» մշակութային կենտրոնի համատեղ նախաձեռնութիւնը բազում հաճելի պահեր պարգեւեց Նոյեմբերի 19ին «Տաղլեան» սրահում հաւաքուած հիւրերին ու ցուցադրութեան մասնակիցներին: Ներկաներն առիթ ունեցան տարազների միջոցով նաեւ ծանօթանալու տուեալ ժամանակաշրջանի պատմութեանը, կենցաղին, մշակոյթին՝ չորս մասից բաղկացած ցուցադրութեան իւրաքանչիւր հատուածի նախաբանում ներկայացուած տեսանիւթից: Տարազ նորաձեւութեան ցուցադրութեան ողջ ընթացքում հնչում էր ժողովրդական երաժշտութիւն, կատարումներով հանդէս եկան Յարութ Փամբուկչեանը, Աննա Բոյրազեանը, Գագիկ Բադալեանը, Գրիշա Ասատրեանը, Գուրգէն Գալստեանը, Արամ եւ Արման Ասատրեանները, Հայբերտ Սարեանը, Լիլուն, Անի Քրիսթին, Արմինկան եւ Գոռ Եփրեմեանը: