ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Ինձ համար է՞ արդեօք տարին այսքան արագ անցնում, թէ դարն է արագացել, այնքան, որ հազիւ նոր տարին ընդունած, մեր մտածած ծրագրերը դեռ չիրականացրած, հրաժեշտ ենք տալիս նրան ափսոսանքով ու ընդունում նորը՝ մեր կիսաւարտ ծրագրերով:
Այս անգամ էլ արագընթաց մտնում ենք 2018 թուական, իր անակնկալներով, իր պահանջներով, իր պարտադրանքով: Բնականաբար իւրաքանչիւր տարի իր նորութիւններն ու հարկադրանքներն ունի քաղաքական եւ համամարդկային յարաբերութիւններում եւ միաժամանակ անցած տարուայ ներքին չլուծուած խճճուած հարցերի մի ամբողջ կոյտ, որոնք ինքստինքեան փոխանցւում են գալիք տարուն, լուծում ստանալու ակնկալիքով:
21րդ դարի իւրաքանչիւր տարին հաստատում է, որ աշխարհի դիմագիծը վիթխարի արագութեամբ, մեծ փոփոխութիւնների մէջ է եւ վտանգուած են այն երկրները, որոնք դարի փոփոխութեան հետ համընթաց չեն շարժւում: Ցաւօք, մենք այդ վտանգուածների ցանկի մէջ ենք եւ ամէն տարի աւելի ետ ենք մնում մեր ընթացքով:
Անշուշտ, իւրաքանչիւրս ինչպէս միշտ, մեր դիտանկիւնից ենք վերլուծում ու գնահատում անցնող տարում ապրուած իրադարձութիւններն ու դէպքերը հիմնականում մեր երկրի, մեր ժողովրդի կեանքում եւ ապա՝ աշխարհում: Հարցն այն է, թէ որ չափանիշով ենք մօտենում իրադարձութիւններին՝ տեղակա՞ն, համահայկակա՞ն, թէ համամարդկային:
Եթէ տեղական, այսինքն մեր հայրենի երկրի իրադարձութիւնները գնահատելու լինենք, չեմ կարծում, որեւէ նոր նուաճում ենք արձանագրել, որ մեր պատմութեան նշանակալից էջը դարձնենք: Ճիշդ է, ընդունել ենք Խորհրդարանական համակարգ նոյն կազմով, անշուշտ ոչինչ է փոխուել եւ չգիտեմ ինչո՞ւ, սպասում ենք այս նոր տարում սահմանադրութեան գործադրումով ինչ որ բան փոխուի:
Մեր երկրի սոցիալ-տնտեսական (ընկերային-տնտեսական-Խմբ.) վիճակը նոյնն է, ժողովրդի դժգոհութիւնը իշխող համակարգից ծայրայեղ լարուածութեան մէջ է, ժողովուրդ-իշխանութիւն յարաբերութեան կամ երկխօսութեան բացարձակ բացակայութիւն, մարդու, քաղաքացու իրաւունքների բացայայտ ոտնահարում ոստիկանութեան եւ ժողովրդի իրաւունքները պաշտպանող հաստատութիւնների կողմից, դիւանագիտական նոյն թերի քայլերը արտաքին յարաբերութիւններում, ոչ մէկ առաջընթաց մեր պահանջատիրութեան մէջ, արտագաղթի դէմ ոչ մէկ միջոցառում: Նոյն տեղքայլը Արցախի հարցում, որին գումարուել են զիջումների վտանգաւոր շշուկները եւ յատկապէս առանց պատերազմի, աւելի յաճախակի դարձած մեր զոհերի թիւը:
Եթէ երկրից դուրս համասփիւռ հայութեան ձեռքբերումները գնահատելու լինենք ոմանք մեծ ոգեւորութեամբ մատնանշելու են Հայաստան-Սփիւռք Համաժողովը որպէս դարի երեւոյթ:
Տարբեր երկրներում ապրող հայութեան ողջ աշխատանքը կրկին նոյն համակարգի մէջ է շրջանառում, նոյն օրակարգով, նոյն միջոցներով եւ նոյն մտայնութեամբ, այսինքն՝ մի կերպ հայ մնալ, գործուն պահել հայապահպանող կազմակերպութիւնները, օգնել հայրենի երկրին, ամէն գնով հասնել Արցախի կարիքներին:
Իսկ աշխարհի գնահատականում՝ տիրող խառնաշփոթութիւնն ու անապահովութիւնը լուրջ մտահոգութիւնների առջեւ է կանգնեցրել բոլորիս: Տեղահանուած անօգնական ժողովուրդների օրէօր աճող թիւը, Աֆրիկայից սկսած, մինչեւ Միջին Արեւելք, նրանց թշուառութիւնը, նրանց անհեռանկար ապագան տեսնելը իրավիճակները վերլուծող, մտածող, մարդկանց արժեզրկում է իր անելանելիութեամբ: Նոր անուանումների տակ, մեծ տէրութիւնների կողմից վարձուած, անյայտութիւնից յանկարծ երկրներում բուսած, ընդդիմադիր յորջորջուող, նոր զէնքերով, հին ու նոր վայրագ մեթոդներով մարդակեր խմբերը աշխարհը դարձրել են եռացող մի կաթսայ, ուր հալւում ոչնչանում են ոչ միայն ժողովուրդները, այլեւ նրանց ստեղծածները, նրանց տարածքները, նրանց ներդրած անցեալ եւ ապագայ ողջ երազանքն ու յոյսերը եւ, ամէնակարեւորը, խաթարւում են նրանց սերունդները:
Ակնյայտ է, որ 2018թ. էլ աւելի ծանր տարի է լինելու բոլորի համար, քանի որ երկրներն այլեւս առանձնացած չեն ապրում եւ զէնքի տիրապետութիւնը համատարած նուաճել է ամենայետամնաց ցեղախմբերին անգամ:
Աշխարհը ծնկի բերող Դեմոկրատիա արտայայտութիւնը պատռել է իր դիմակը, տեսնելով, որ աշխարհում հաշիւ պահանջող չկայ եւ բացէիբաց կառավարութիւնները ծառայում են միայն ու միայն մեծ ընկերութիւնների շահերին (Corporation), քանի որ նրանք են ընտրում այդ կառավարողներին: Նախկինում տիրապետող քարիւղի իշխանութիւնը, նոր տեխնոլոգիայի (արհեստագիտութեան-Խմբ.) նուաճումների արդիւնքում, իր տեղը զիջել է զէնքի ամենազօր իշխանութեանը, նրա վաճառքով հարստանալուն:
Այսօրուայ իրավիճակը ստիպում է մտածել, որ արագօրէն փոխուելու է աշխարհի դիմագիծը: Սկսել է փոխուել ողջ Եւրոպայի քաղաքական կառոյցը, նոր անակնկալների առջեւ կանգնեցնելով ոչ միայն տիրողներին, այլ նաեւ աշխարհի քաղաքական դիմագիծը կերտողներին: Քաթալոնիայի անկախութիւնը ամենափայլուն ապացոյցն է նշածիս, որը ոչ միայն մեծագոյն հարուած էր Սպանիոյ, այլ նաեւ Եւրոմիութեան համար:
Եւրոմիութիւնը աստիճանաբար կորցնում է իր ազդեցութիւնը հետեւաբար եւ իր շահերը: Այդ միութիւնը իրենց ձեռքում պահելու համար Ազդեցիկ երկրները ոտ ու ձեռ ընկած փորձում են ամէն կերպ ամուր պահել միութիւնը իրենց եկամուտները չկորցնելու համար:
Աշխարհի ճակատագիրը գաղտնօրէն տնօրինող Անգլիան, քայքայման հոտը առնելով, ժամ առաջ փորձում է անջատուել, փրկել իր երկրի շահերը, կրկին տիրող երկիր մնալու համար:
Ռուսաստանը աշխարհի ուժը հաւասարակշռելու իր հին դերի մէջ է մտել, մինչ աշխարհի կողմից անտեսուած Չինաստանը օրէօր յայտարարում է իր զարթօնքը:
Արեւմուտքին չհնազանդուելու պատճառով, Միջին Արեւելքի հինաւուրց երկրների մի մասը քարակոյտի են վերածուել, իսկ հարստացած ցեղախմբերը, թագաւորական հովերով տարուած, թագաւորների դարաւոր սովորութեամբ, փորձում են գրաւել, իրենց ենթարկել հարեւան երկրներին:
Թուրքիան աստիճանաբար կորցնում է իր ազդեցութիւնը Արեւմուտքի եւ Եւրոպական շրջանակում եւ ստիպուած իր թշնամիների հետ է համագործակցում:
Ամերիկան, ինչպէս տեսնում էք, դեռ նախագահական ընտրութիւններում Ռուսիոյ ներդրումը փաստելու իրարանցումի մէջ է: Աշխարհի քարտէզը ի օգուտ իր շահերին ծառայեցնող, հաստատուն մնացած դարաւոր քաղաքների ու ժողովուրդների իրաւունքներն իսկ խլող, իր հզօրութեամբ աշխարհը խեղճացնող այս երկրում, ժողովուրդը ապրում է անապահովութեան ծայրայեղ լարուած մթնոլորտում: Մանկապարտէզներից, դպրոցներից, համալսարաններից սկսած մինչեւ մայրուղիներն ու հասարակական վայրերը դարձել են սպանութիւնների թիրախ: Բանտերը լեցուած են յանցագործներով եւ ստիպուած աւելի «մեղմ» յանցանքով դատապարտուածներին ազատ են արձակում, նորերին տեղ բացելու համար: Առեւանգումներն ու տան կողոպուտները արդէն այնքան սովորական են դարձել, որ ոստիկանութիւնը նոյնիսկ հարկ չի համարում հետապնդել դրանց: Տնտեսապէս աշխարհը կերակրող այս երկրում իր քաղաքացիներից 8ից մէկը անօթի է եւ ժողովուրդը իր միջոցներով տօնական օրերին, կամ պատեհ առիթով օգնութեան է հասնում նրանց:
Աւելի չտարածուելու համար, քանի որ թուարկումները անսահման են, ամփոփեմ, որ այս ընդհանուր դիմագծով է աշխարհը հրաժեշտ տալիս հին տարուն եւ թեւակոխում մի թուական, որը վստահաբար, ինչպէս իւրաքանչիւր նոր տարեթիւ, լեցուն է անակնկալներով:
Այդ անակնկալներից անշուշտ զերծ չէ նաեւ մեր փոքրիկ երկիրը եւ մեր բոլորի մտածումները նրա վրայ են կենտրոնացած, յատկապէս, որ մենք էլ դեռ թշնամու հետ ենք առճակատում: Հարցն այն է, որ կարողանալու ե՞նք եկող անակնկալները ի յօգուտ մեզ լուծել: Դարի պահանջը մեզ ստիպում է քաղաքական մտածողութիւն ձեռք բերել ժողովրդից սկսած մինչեւ իշխանութիւն:
Որքան էլ խորհրդարանական ընտրութիւններով ենք տարուած, միեւնոյնն է՝ մեր բոլորի հիմնական խնդիրը մեր Արցախի ամբողջականութիւնը պահելն է, առանց թիզ անգամ զիջումի: Չունենալով մեծ երկրի տարածք, թշնամու աքցանի մէջ սեղմուած, նրա վերջին յարձակումից, մենք արդէն անփութօրէն զիջել ենք մի տարածք՝ Կակաչների Բլուրը, (Լալէ Թեպէ), որի համար դեռ ոչ մէկը պատասխանատուութեան չի ենթարկուել: Առանց պատերազմի մենք դեռ կորուստներ ենք տալիս, երիտասարդ կեանքեր կորցնում այն դէպքում, երբ մեր ժողովրդի թիւը ոչ միայն միլիոնների չի հասնում, այլ եղած սակաւն էլ գնալով փոքրանում է եւ յատկապէս երբ պատերազմ չէ:
26 տարիներ ի վեր սրտի տագնապով հետեւում ենք մեր կառավարութեան գործընթացին, որը ըստ տարածուած լուրերի միտում ունի տարածքների յանձնման: Թէեւ մեզ հանգստացնում են, որ իբր վերջին որոշումը Արցախի ժողովրդին է պատկանում, միեւնոյնն է, դա աւելի է սրում մեր անհանգստութիւնը, քանի որ ժողովուրդների իրաւունքները երբեք չեն յարգւում: Տրամաբանօրէն եթէ ժողովուրդն է որոշելու, բնականաբար բանակցութիւնների արդիւնքները բացայայտօրէն պէտք է կիսել ժողովուրդի հետ, ներառած Հայաստանի: Չէ՞ որ դա ողջ հայութեան ճակատագրին է վերաբերւում: Եւ անհասկանալի է, թէ ինչո՛ւ են առանձնացնում Արցախի ժողովրդին, ի՞նչ է նրանք ուրիշ ազգ են, հայ չեն եւ միթէ՞ Արցախը Հայաստանի մասնիկը չէ: Ուրեմն ինչո՞ւ Հայաստանի ժողովուրդը դուրս է մնում որոշման այդ իրաւունքից:
Եթէ մեր ղեկավարները ի վնաս մեզ են գործում բանակցութիւններում եւ դրա համար են թաքնում արդիւնքները, միթէ՞ չգիտեն, որ այս օրերին անկարելի է որեւէ թաքուն գործարք, յատկապէս երբ թշնամի կողմը բացայայտօրէն յայտարարում է իրենց ձեռք բերելիքը:
Մեր գալիք իշխանութեան կազմի լաւագոյն գործը կը լինի, որ մէկընդմիշտ հրաժարուի Արցախի բանակցութիւնների գաղտնապահութիւնից, ժողովրդի քննարկմանը ներկայացնի հանդիպման արդիւնքները: Մէկընդմիշ հրաժարուի ամենաչնչին հողային զիջումից եւ գործի ինչպէս հարեւան պետութիւններն են գործում՝ երկրի տէր դառնալ, առանց երկիր ունենալու եւ դեռ խլել իր յափշտակած երկրի ժողովրդի իրաւունքները, նրանց հազարամեայ քաղաքն էլ իրենը դարձնել: Արցախը ոչ մէկի անձնական սեփականութիւնն է, որ գաղտնի պահուեն նրա շուրջ ծաւալուող առ ու ծախը, դա ընդհանուր հայ ժողովրդի եւ եկող սերունդների դարաւոր սեփականութիւնն է, ուստի ոչ մէկ քաղաքական ուժ իրաւունք ունի ինքնակամ լուծելու նրա ճակատագիրը:
Այս տարի ամբողջանում է Արցախեան պայքարի 30 ամեակը, իսկ դա նշանակում է էլ աւելի է գրգռուելու թշնամու ախորժակը: Իսկ դա նշանակում է թարմանալու է մեր հազարաւոր հերոսների զոհաբերումը ազատագրուած տարածքների իւրաքանչիւր թիզի համար, երբ նրանք՝ այդ հերոսները, անկարելին՝ կարելի դարձրին: Նրանց թափած արիւնը, այդ տարածքներից իւրաքանչիւրի համար, նրանց նուիրաբերած կեանքերը պարտադրում են մեզ մէկընդմիշտ հրաժարուել ամենափոքր զիջման գաղափարից անգամ, քաջ գիտենալով դրա հետեւանքները, որը ոչ միայն մեր կորուստների պատմութիւնից ենք սովորել, այլ թշնամիների մեզ տուած դասից: Այդ զիջման փայլուն օրինակը մարդկութեան աչքի առաջեւ է՝ այսօրուայ Պաղեստինի ցաւալի վիճակը:
Քաղաքական մեր կեցուածքի փոփոխութեան հրատապութեան մէջ է մտնում նաեւ մեր ժողովրդի Ռուսաստանի հանդէպ կուտակուող բացայայտ ատելութիւնը, որը եւ վտանգում է մեր ժողովրդին, մեր դիւանագիտական յարաբերութիւնը եւ ամենակարեւորը՝ թակարդուած մեր տարածաշրջանի ճակատագիրը: Եթէ մեր ղեկավարները չեն կարողանում Ռուսաստանի ուժերից օգտուել, դա հաստատում է նրանց դիւանագիտական թուլութիւնը: Մենք չենք կարող թշնամանալ, արդէն իսկ թշնամիներով պատնէշուած երկրում: Եւ երկրորդ՝ մենք հաստատուած հայկական մեծ համայնքներ ունենք Ռուսաստանի տարածքում: Մեր ժողովուրդի պարտքն է մտածել նաեւ նրանց մասին, կարիք ունի այս հարցում կրթուելու, հեռանկարային մօտեցումով վերլուծելու յարաբերութիւնները: Երկրի շահերը ամէն ինչից վեր դասելու: Անհասկանալին այն է, որ նոյն ժողովուրդը պատրաստ է իրեն ոչնչացրած Թուրքիոյ հետ անպահանջ բարեկամանալու, իսկ Ռուսաստանին թշնամի նկատելու:
Այո, մեր ժողովուրդը կարիք ունի շատ բաներում կրթուելու, վերանայելու եւ փոփոխելու տղամարդ-կին ընտանեկան, հասարակական յարաբերութիւնները: Աշխարհը սեռային յեղափոխութեան մէջ է, իսկ մենք դեռ շարունակում ենք լուռ մնալ մեր մէջ տիրող սեռային ոտնձգումների դէմ: Ազգ կրթելը, դարին համընթաց մտածողութիւն ձեռք բերելը դժուար աշխատանք է եւ ժամանակի ու ներդրումի կարօտ: Այն պէտք է սկսել, թէկուզ ուշացումով եւ թող դա լինի 2018թ.ը:
Ճկուն դիւանագիտութիւնը, մեր տարածքները միասնական պահելու հրամայականը, ազգին յղկելը, այս ամէնի հետ մէկտեղ մենք աշխատանք ունենք նաեւ մեր պատմութեան էջերը սրբագրելու, այն ճշգրտօրէն ապագայ սերունդին ուսուցանելու եւ կտակելու: Որոնցից ամենանշանակալին 1918ին մեր առաջին Հանրապետութեան ստեղծման խեղաթիւրուած պատմութիւնն է, որի 100ամեայ յոբելեանն է այս եկող տարում:
100 տարի առաջ սովի ու համատարած թշուառութեան մէջ մեր առաջին ղեկավարները կարողացան ժողովրդի ուժն ու երկրին կապուած սէրը օգտագործելով ոչնչութիւնից մեր այսօրուայ երկիրը ստեղծել, մինչդեռ այսօրուայ ղեկավարները հեշտօրէն այն ուզում են նուիրել թշնամուն:
Այս 100ամեայ յոբելեանի նշումը, այն էլ անկախացած քո երկրում մեծ իրադարձութիւն է ողջ հայութեան համար եւ որը ըստ մեր սովորութեան միայն յոբելեանական հանդիսութիւններով է, որ սահմանափակուելու ենք, մեր ողջ ուշադրութիւնը կենտրոնացնելով միայն աւելի ճոխ նշելուն: Սա առիթ է, որ մենք մեր ժողովրդին, յատկապէս նոր սերունդին ուսուցանենք, թէ ի՛նչ բերեց մեզ մեր առաջին անկախութիւնը եւ ի՞նչ կատարուեց մեր երկրում անկախութեան հռչակման առաջին պահից մինչեւ անկախութեան ոչնչացումը բոլշեւիկների կողմից:
Մեր ժողովրդի մէջ դեռ տարածուած է այն թերի կարծիքը, սովետական քարոզչութիւնից, նրան յարող կազմակերպութիւնների տարած թունաւոր աշխատանքից, մինչեւ իսկ մեր երկրորդ հանրապետութեան՝ ՀՀՇ-ականներից եկող, որ մեր առաջին հանրապետութիւնը ՀՅԴին է պատկանում, ուստի այն մոռացութեան պէտք է մատնուի, լաւագոյն դէպքում ատելի քննադատութեան ենթարկուի։ Վկան այն հսկայական սուտ պատմական գրականութիւնն է, որ ստեղծուեց նախորդ 70 տարիների ընթացքին եւ որի արդիւնքում ՀՅԴին չյարող ժողովուրդը անմասն մնաց իրականութիւնից;
Այս ամէնը որքան էլ ցաւալի փաստ է, բայց ժամանակն է ուղղելու եւ բացայայտելու կատարուած բոլոր խեղաթիւրումները պատմագիտութեան եւ քարոզչութեան մէջ, արժանին մատուցելով մեր ազգին նոր դիմագիծ բերած, նրան այսօրուայ մեր փոքրիկ երկիրը ընծայած 100ամեայ այս անփոխարինելի իրադարձութեանը եւ նրա ղեկավար կազմին: Ամէնակարեւորը՝ ուսումնասիրելու, ընդունելու մեր սխալները եւ դաս առնելու դրանցից:
Եւ անշուշտ, արժանին մատուցելու ՀՅԴին, ոչ միայն մեր առաջին հանրապետութեան ղեկավարման մէջ հիմնական կարեւորագոյն դէմքը դառնալու, այլ նաեւ 100 տարի այդ իրադարձութիւնը, թէկուզ փլուզուած, բայց դրա եղելութիւնը, գաղափարն ու ձգտումը վառ պահելու, իրականութիւնը սերունդներին փոխանցելու տարած հսկայական աշխատանքի համար, որի արդիւնքը եղաւ մեր երկրորդ, այսօրուայ հանրապետութեան ստեղծումը:
Թող ինձ ներեն ՀՅԴ ընդդիմադիրները, սակայն ինչպէս երեւում է, այս գալիք տարին այդ կուսակցութեան տարին է: Սփիւռքի տարածքում մէկ ամբողջ տարի նրանք ստիպուած են լսելու եւ ընդունելու այդ կուսակցութեան փառաբանութիւնը, քանի որ ՀՅԴի ներդրած աշխատանքի արդիւնքն է օտար երկրներում ստեղծուած եւ դեռ շարունակուող հայ մամուլի, կրթական, մարմնամարզական միութիւնների ստեղծումը, որոնց գոյութեան իրարյաջորդ յոբելեանն է այս եկող տարում նշուելու:
Դրանցից մէկն էլ այդ կուսակցութեան Լոս Անջելոսում տպագրուող եւ համացանցի միջոցով աշխարհասփիւռ հայութեանը հասնող մամուլի՝ «Ասպարէզ»ի, 110րդ տարեդարձն է: Գրում եմ այս տողերը եւ զարմանում այն առեղծուածին, որ տարիներ, դեռ 1893ին «Հայրենիք» ամսագրի մէջ Արշակ Չօպանեանը բողոքում էր, որ «մեր մէջ ընթերցող չկայ», որը այսօր էլ կրկնում ենք մենք եւ մամուլի աշխատակիցները, սակայն ամէնօրեայ թերթը դեռ շարունակում է տպագրուել եւ տարածուել, դա լինի «Ասպարէզ», «Ազդակ», «Դրօշակ», «Ազատ Օր», «Ալիք» թէ մէկ այլ անուն:
Այսօր դժուար է պատկերացնել, որ 110 տարի առաջ մամուլի ներդրումը հայ ազգային հասարակական կեանքում հրատապ անհրաժեշտութիւն համարելով, մի խումբ հեռատես մտածողներ, հայ ընտանիքներ առաքեցին «Ասպարէզ» թերթը, որ օտար մթնոլորտում ապրող հայը ոչ միայն չկորցնի իր լեզուն, իր կապը իր ժողովրդի հետ, այլ նաեւ ապրի հայ կեանքի անց ու դարձով, դա լինի հայրենիքում, թէ հայրենիքից դուրս: Եւ 110 տարիներ նոյն դժուարութիւնները յաղթահարելով ՀՅԴ այս օրգանը շարունակում է իր ամէնօրեայ հրատարակութիւնը, իր համարձակ անկողմնակալ մօտեցումով կապում հայութեանը ե՛ւ թերթի ե՛ւ համացանցի վրայ:
Բնականաբար եկող տարում իր երկարամեայ գործունէութիւնը յիշատակման եւ նշման է արժանի:
Մէկ այլ տօնակատարութիւն եւս հարստացնում է եկող տարին, դա ՀՄԸՄի 100ամեայ գործունէութիւնն է:
100 տարի ՀՄԸՄը, հարիւր հազարաւոր հայ մարզիկներ է կրթել «առողջ մարմին առողջ միտք» նշանաբանով ու նուիրեալների աշխատանքով, որի դեռ շարունակուող տարեկան Նաւասարդեան մրցումներին սիրով ու հպարտութեամբ են մասնակցում հայ տարբեր տարիքի հարիւրաւոր մարզիկներ: Սփիւռքահայութիւնը իրապէս իրաւունք ունի հպարտանալու իր մարզական միութիւններով, որոնք ձեւաւորում են նաեւ հայ ոգին մեր պատանիների եւ երիտասարդների մէջ:
Անշուշտ հայապահպանումը դժուարին եւ հետեւողական գործ է, որը միայն մարզական միութիւնների գործունէութեամբ չի աւարտւում:
Ի տարբերութիւն մեր երկրորդ հանրապետութեան ղեկավարների, մեր առաջին հանրապետութեան ղեկավարները ոչ թէ ժողովրդի դրամներով իրենց համար դղեակներ, ամրոցներ ու հիւրանոցներ կառուցեցին, զինուած պահապաններով անպատիժ շրջագայեցին, այլ ոչնչից երկիր կերտեցին, պետական կառոյցներ ու բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ հիմնեցին եւ յետոյ վտարանդի, հայրենի երկրի կարօտը իրենց հոգում, որպէս քաղաքական մտածող ու ստեղծագործող անձեր, Սփիւռքում շարունակեցին ազգի ձեւաւորման իրենց առաքելութիւնը: Կրկին ոչնչից Մշակութային եւ Կրթական հաստատութիւններ հիմնեցին, սերունդների դիմագիծը փոխեցին:
Այդ նոյն աքսորեալ, փախստական ղեկավարութեան շնորհիւ Սփիւռքում կեանք առաւ հայ Ճեմարանը, Համազգային Մշակութային Միութիւնը, որը բոլորում է իր հիմնադրման 90 տարին: Այս ամէնով հանդերձ Ափիւռքը աւելի քան երբեւէ կանգնած է հայ լեզուի եւ արեւմտահայ մշակոյթի կորստի եւ ձուլման առջեւ:
Ինչ խօսք, միայն նշածս յոբելեաններով չէ, որ ազգովին ուրախ- անհոգ ապրելու ենք այս եկող տարում: Այդ յոբելեանները մեզ պարտադրում են մտածել մեր գալիքի մասին, մեր վաղուայ ճակատագիրը որոշող հարցերի, մեր որպէս ամբողջական ազգ շարունակման մասին:
Անվերջ խօսում ենք, որ մեր երկիրը դատարկւում է իր բնակչութիւնից, կարդում ենք, որ այս անցած տարում 7000 ուսանող է հեռացել երկրից եւ միայն մտահոգ, իրար մէջ խօսելով սահմանափակւում: Իսկ դա նշանակում է 7000 միտք իր ներդրումը պիտի անի օտար երկրում: 7000 հայ ընտանիք է կազմելու ու բազմանալու օտար երկրներում, աւելացնելով այդ երկրների բնակչութեան թիւը եւ ձուլուելով կորչելու: Ոչ մէկ օր, ո՛չ մեր երկրում, ո՛չ արտերկրում, ցոյցերի դուրս չեկանք, կառավարութիւնից պատասխան չպահանջեցինք արտագաղթի, ոչ էլ Արցախի թաքցուող բանակցութիւնների համար: Ժողովուրդը միայն կենցաղի բարելաւման համար է հրապարակ դուրս գալիս, իսկ իր ամենակարեւոր հարցերը՝ արտագաղթը, Արցախը, իր պահանջատիրութիւնը, Սուրիոյ պատերազմի աւերակների մէջ հասակ առնող իր սերունդների ճակատագիրը, իր հազարաւոր տարիների պղծուող գերզմանների վրայ արտաքնոցի կառուցումը, Ցեղասպանութեան յուշակոթողների պղծումը, իրեն չի յուզում, քանի որ այդ հրապարակում գտնուողներից շատերի միտքն էլ երկրից փախչելն է:
Պատահական չէ, որ ես յոբելեանների մասին խօսեցի՝ հիմնականում մեր առաջին Հանրապետութիւնը շեշտելով, ցանկանալով դա օրինակ ծառայեցնել մեր երկրորդ հանրապետութեան անփոյթ, ոչ ազգանուէր կառավարութեան, թէ ինչպէս առաջին Հանրապետութիւնը կարողացաւ ահաւոր թշուառութեան մէջ հայերին ետ բերել իրենց հողը, իսկ իրենք՝ ապրողներին են երկրից հեռացնում: Նրանք ժողովրդին ազգային դիմագիծ տուեցին, իսկ սրանք ապազգայնացնում ու օտարացնում են ազգային բռնկումով անկախացման համար պայքարի ելած նոյն ժողովրդին:
Այս եկող յոբելեանները էլ աւելի են պարտադրում մեզ մտածել մեր ժողովրդի ի օգուտ իրեն ապագայի մասին: Որքան էլ աշխատանք տարուի երկրից դուրս, միեւնոյն է՝ Ազգը իր ամբողջական դիմագծով, հողի վրայ է ամրանում ու զարգանում, դրանից դուրս ինչ որ տեսնում էք անարմատ, անհեռանկար խղճուկ ապագայ է:
Կատարուելիք, ուղղուելիք գործերը բազմաթիւ են, կուտակուած եւ մեզ են սպասում, իսկ տարին հասել է իր աւարտին եւ այդ հոգսերի բեռը փոխանցում է գալիք տարուն:
Ազգովին աշխատենք, որ գալիք՝ 2018թ. հայութեան համար ազգային նուաճումի նշանակալից տարի լինի եւ խաղաղութիւն ապահովի համայն աշխարհին:
Դեկտեմբեր 2017թ.