ԵՐԵՒԱՆ, «Հրապարակ».- ՀՀ արդարադատութեան նախարարութիւնը հրապարակել է «Անվտանգութեան խորհրդի կազմաւորման եւ գործունէութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի նախագիծը, որով ամրագրուել է Անվտանգութեան խորհրդի կարգավիճակը, գործառոյթը եւ լիազօրութիւնները, սահմանուել է Անվտանգութեան խորհրդի կազմը եւ այլն: Օրէնքի նախագիծը մշակւում էր յոյժ գաղտնի պայմաններում, անգամ խորհրդարանական իրաւաբանները մինչեւ վերջերս տեղեակ չէին, թէ ինչ օրէնք է բերուելու խորհրդարան: Որովհետեւ կասկածներ կային, թէ Սերժ Սարգսեանը, ի վերջոյ, կը հրաժարուի վարչապետական յաւակնութիւններից, կը ստանձնի այս կառոյցի ղեկավարումը, կը զբաղուի երկրի անվտանգութեան հարցերով, իսկ այդ պարագայում նրա «հագով» օրէնք կը գրուէր, որպէսզի նա լիակատար ինքնուրոյնութիւն ունենար եւ դառնար ուժային կառոյցների ղեկավար, սակայն հրապարակուած նախագծից պարզ է դառնում, որ խորհրդի գործունէութիւնը ամբողջովին ղեկավարելու է ՀՀ վարչապետը:
Ըստ առաջարկուած նախագծի՝ անվտանգութեան խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգութեան խորհրդի քարտուղարը, պաշտպանութեան նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնը, ոստիկանութեան պետը, զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետը:
Անվտանգութեան խորհրդի գործունէութիւնն իրականացւում է կոլեգիալ (հաւաքական-Խմբ.) հիմունքներով՝ նիստերի միջոցով: Անվտանգութեան խորհրդի՝ պաշտպանութեան ոլորտի քաղաքականութեան հիմնական ուղղութիւններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունւում են Անվտանգութեան խորհրդի առնուազն 7 անդամների ձայներով: Անվտանգութեան խորհրդի նիստերի օրակարգը եւ քննարկուելիք փաստաթղթերն Անվտանգութեան խորհրդի անդամներին տրամադրւում են, որպէս կանոն, նիստից առնուազն 5 օր առաջ: Անվտանգութեան խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց կարող են տրամադրուել վարչապետի յանձնարարութեամբ: Անվտանգութեան խորհրդում քննարկուած հարցերի եւ ընդունուած որոշումների մասին վարչապետի յանձնարարութեամբ կարող է տարածուել պաշտօնական հաղորդագրութիւն:
Նախագծի ընդունման դէպքում այն ուժի մէջ կը մտնի նորընտիր Հանրապետութեան նախագահի կողմից՝ իր պաշտօնի ստանձնման օրը:
Նշենք, որ այժմ Ազգային անվտանգութեան խորհուրդը գլխաւորում է ՀՀ Նախագահը, խորհրդի անդամներն են ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ փոխվարչապետը, ՀՀ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարը, ՀՀ պաշտպանութեան նախարարը, ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ գլխաւոր դատախազ, ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետը, եւ ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարեանը:
Եթէ նախագիծը նոյնութեամբ ընդունուի, նախագահը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ գլխաւոր դատախազը չեն լինի խորհրդի կազմում: