ՍԱՍՈՒՆ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆ
Յունուարի 3ին խանդավառ մթնոլորտ էր տիրում Վալանսի Հայ մշակոյթի տան կամարների ներքոյ: Ծնողներ, հիւրեր, աշխատակիցներ… իսկ օրուայ «հերոսներ»ը՝ Մշակոյթի տան՝ Հայ մշակոյթի արուեստանոց մանուկներիի ժրաջան մեղուներն էին, իրենց բազմաբովանդակ ծրագրերով: «Կրթէ՛ մանուկին օրօրոցից», այս նշանաբանով են առաջնորդւում աշխատակիցներ Ռոզի Սարեանը, Լիւսի Համամճեանը, Սոնա Ճանազեանը, օգնականներ՝ Անահիտ Մկրտչեանը, Լիզա Սարեանը, Ժուլիա Քիրազեանը: Նրանք մանուկների հետ աշխատում են փոխադարձ յարգանքի, փոխըմբռնման մթնոլորտում: Աշխատանքի ընթացքում գտնում են մատուցման նոր ձեւեր, աշակերտներին զոյգերով եւ խմբերով սովորեցնելու, աշխատեցնելու նոր հնարներ, եւ ուսուցողական միջոցների օգնութեամբ տալիս են այն օգտակարն ու ուսանելին, որն անհրաժեշտ է Սփիւռքում հասակ առնող մանուկին, որպէսզի սնուի հայեցի դաստիարակութեամբ, ծանօթանայ հայ մշակոյթին ու արուեստին, Հայոց պատմութեանը:
Հայ մշակոյթի տան ատենապետ Նազօ Ճինպաշեանի պրպտող միտքը սահում էր հեռուներ: Նա տեսնում էր տարիներ յետոն, տեսնում էր, որ նոյն այդ մանուկը, որը հայ մշակոյթի տուն կը յաճախի, կը ստանայ հայեցի դաստիարակութիւն, վաղը կառչած կը մնայ ազգային արմատներին: Յիշում էր իր մանկութիւնը, յիշում էր ինչպէս էր սերտում Ս. Կապուտիկեանի «Խօսք Իմ Որդուն» բանաստեղծութիւնը, ու այսօր դեռ իր յիշողութեան մէջ դաջուած են այդ տողերը: Ու յանկարծ մամուլի էջերում երեւում է յայտարարութիւն, ազդարարում է նաեւ ռադիօն, եւ զանգերի տարափ: Հինգ տարի առաջ ծնուեց Վալանսի Հայ մշակոյթի տան կից գործող «Մշակոյթի արուեստանոց մանուկների համար»ը: Ուսումնական տարուայ արձակուրդներին 5-11 տարեկան մանուկները յաճախում են սույն արուեստանոցը: Իւրաքանչիւր օրուայ համար կայ յստակ ժամանակացոյց: Այդ է վկայում դահլիճում փակցուած պաստառը, որը ձեզ կը պատմի մանուկների առօրեան:
Ահա, Յունուարի 3ին լեփ-լեցուն դահլիճում հնչում էր երգն ու պարը, ծափն ու ծիծաղը, ասմունքն ու խաղը, փոքրիկ «խոհարարները» ներկաներին հիւրասիրում էին իրենց պատրաստած բլիթները: Մայրենին՝ Սփիւռքում մեծացող հայ մանուկի շուրթերից հնչում էր վարժ ու սահուն առոգանութեամբ: Ներկաների դէմքերին գոհունակութեան ժպիտ էր շողում: Հանդէսի աւարտին ծնողները շնորհակալութիւն յայտնեցին աշխատակիցներին, իսկ ատենապետ Նազօ Ճինպաշեանին ոչ միայն ծնողները, այլ նաեւ հիւրերը իրենց երախտիքի խօսքը յղեցին այս բացառիկ ծրագրի մտայղացման եւ կեանքի կոչելու համար:
ՍԱՍՈՒՆ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆ՝ Վալանսի Հայ մշակոյթի տան վարչութեան անդամ