«Արուեստ-Խաղ» Գիրքը՝ Հայ Երեխաների Գեղագիտական Ճաշակի Ձեւաւորող
Վարեց՝ ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Նորարարական տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու-Խմ.) մեծ առաջընթաց ունեցող եւ արագ քայլերով զարգացող մեր ժամանակներում հետաքրքիր ու աննախադէպ ձեռնարկներով են հանդէս գալիս հայ երիտասարդները, որի վառ ապացոյցը երեք հրաշալի հայուհիների՝ մասնագիտութեամբ լեզուաբան Լիա Մխիթարեանի, գրաֆիկական դիզայներ Լիլիթ Ստեփանեանի եւ համաշխարհային գրականութեան մասնագէտ Գայիանէ Այվազեանի ստեղծած «Արուեստ-Խաղ» գիրքն է, որի առիթով էլ «Հայերն Այսօր»ի համար զրուցեցի ՀՀ սփիւռքի նախարարութիւնում հիւրընկալուած արուեստասէր, տաղանդաւոր, նպատակասլաց հայուհիների հետ: Մեր զրոյցի ընթացքում աղջիկները հանգամանօրէն ներկայացրեցին իրենց համագործակցութեան առաջին քայլերը, մտայղացման ծրագրի մեկնարկն ու աշխատանքային գործունէութեան սկիզբն ու ընթացքը:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Լիա՛, ասացէք, խնդրեմ, ո՞րն է ձեր նախաձեռնութեան բուն նպատակը:
ԼԻԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Նախ՝ ասեմ, որ 2012 թուականին մենք ստեղծեցինք «ԷՅՎԱ» արուեստների հիմնադրամը (EYVA arts foudation), որի նպատակը Հայաստանում արուեստի զարգացմանը նպաստելն է եւ դրսում հայ արուեստը ներկայացնելն ու տարածելը: Համահիմնադիրները ես ու Լիլիթն ենք, յետոյ մեզ միացաւ Գայիանէն, ում հետ, մինչեւ հիմնադրամի ստեղծումն, աշխատել էինք: Մեր աշխատանքում ամէն մէկն ունի իր պարտականութիւնները, սակայն, ընդհանուր առմամբ, այն թիմային աշխատանք է: Հաշուի առնելով մեր երկրում մշակոյթի, արուեստի ոլորտում նման գրքերի, հետաքրքիր նիւթերի, խաղերի եղած պակասը՝ ձեռնարկեցինք «Արուեստ–Խաղ» գիրք ստեղծելը: Բնականաբար, մեր հիմնադրամի նպատակը նաեւ այս նախաձեռնութիւնը իրականացնելուն աջակցելն էր:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ ծրագրեր էք կեանքի կոչել «ԷՅՎԱ»ի աջակցութեամբ:
ԼԻԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Մենք ունենք կրթական, սոցիալական մի շարք ծրագրեր, իսկ համահայկական ծրագրեր սկսեցինք 2015 թուականից՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին. ստեղծեցինք «100 տարի-100 արուեստ» նախագիծն ու այն կեանքի կոչեցինք: Կայք ստեղծեցինք, որտեղ զետեղեցինք 1915ից 2015 թուականներին ապրած ու ստեղծագործած աշխարհի բոլոր հայ նկարիչների՝ Ցեղասպանութեան թեմաներով արուած աշխատանքները, ստեղծեցինք առցանց կատալոգ (ցուցակ-Խմբ.). նկարիչները www.100years100 arts.com հասցէով կարող են մեզ հիմա էլ ուղարկել իրենց նկարները: Կայքն անընդհատ թարմացւում է: Սա համահայկական մի մեծ ծրագրի մեկնարկ էր: Միւս ձեռնարկը մեր խաղի ստեղծումն էր, որի մասին կարող ենք ասել, որ այն Հայաստանում արուեստ ուսուցանող առաջին խաղ-գիրքն է, որը շուտով կը վաճառուի նաեւ «Բիւրոկրատ» գրախանութում: Այն քարտային խաղ է, տպագրել ենք հազար օրինակից, մեզ հովանաւորել է ՀՀ մշակոյթի նախարարութիւնը, երկրի նախագահի դրամաշնորհային աջակցութիւնն ունեցանք, ծրագիրը կեանքի կոչելուն նպաստեց Եւրոմիութիւնը, ՄԱԿի հայկական գրասենեակը, «Փիւնիկ» մարդկային ռեսուրսների հիմնադրամը, եւ այս նիւթական ու բարոյական աջակցութիւնների շնորհիւ մենք կարողացանք ոչ միայն ստեղծել խաղը, այլեւ՝ այդ խաղից որոշակի քանակ նուիրաբերել մարզերում, գիւղերում ապրող երեխաներին եւ հիւանդ երեխաներին: Խաղի նոր թողարկումից յետոյ նախատեսում ենք մի խմբաքանակ էլ նուիրել սահմանամերձ շրջանների, գիւղերի երեխաներին: Գիրքը վաճառւում է առցանց:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հարցս ուղղեմ Լիլիթին՝ ո՞ր տարիքի երեխաները կարող են օգտուել դրանից, մանրամասնէք, խնդրեմ, խաղի բնոյթը:
ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Այն նախատեսուած է 5ից բարձր տարիքի երեխաների, պատանիների համար. ասեմ, որ ծնողներին էլ է խաղը շատ հետաքրքրում. կարելի է ասել, որ այն նաեւ ընտանեկան խաղ է: Իմաստալից, հետաքրքիր խաղ է, որը արուեստի հանդէպ գեղագիտական ճաշակ է ձեւաւորում, գիտելքներ է տալիս երեխաներին՝ հայ արուեստի, մեր աշխարհաճանաչ նկարիչների մասին: Այս խաղ-գիրքը ներառում է 12 հայ նկարիչների (Յակոբ Հովնաթանեան, Յովհաննէս Այվազովսկի, Գէորգ Բաշինջաղեան, Վարդգէս Սուրէնեանց, Մարտիրոս Սարեան, Երուանդ Քոչար, Յարութիւն Կալենց, Յակոբ Յակոբեան, Սերգէյ Փարաջանով, Գրիգոր Խանջեան, Մինաս Աւետիսեան, Աշոտ Յովհաննիսեան) առաւել յայտնի ստեղծագործութիւնները պատկերող խաղաքարտեր՝ երեխաների հետ թէ՛ խմբային, թէ՛ անհատական խաղեր կազմակերպելու համար, ինչպէս նաեւ՝ ուշագրաւ տեղեկութիւններ պարունակող պատկերաւոր գրքոյկ: Խաղն ուղղակի կոչել ենք՝ «Արուեստ»:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գայիանէ՛, դուք ի՞նչ կարող էք ասել «Արուեստ-Խաղ» գրքի մասին, ի՞նչ հեռանկարներ ունի այն, հասանելի՞ է արդեօք Սփիւռքում ապրող հայ երեխաներին:
ԳԱՅԻԱՆԷ ԱՅՎԱԶԵԱՆ.- Ուրախութեամբ եւ հպարտութեամբ պէտք է ասեմ, որ մեր ստեղծած խաղն իր պատուաւոր տեղն է գտել Ամերիկայի հայկական թանգարանում, Նիւ Եորքի յայտնի (MOMA) ժամանակակից արուեստների թանգարանի գրադարանում: Այն պարզապէս խաղ չէ, նաեւ գեղագիտական իւրօրինակ ճամբորդութիւն է, որը վերարժեւորում է ստեղծագործ ուսուցման ուղիները եւ մշակութային իւրօրինակ կամուրջ դառնում երեխայի մտածողութեան եւ արուեստի միջեւ: Մենք ցանկանում ենք, որ այն տարածում գտնի նաեւ Սփիւռքում, ուստի որոշեցինք դիմել նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեանը եւ խորհրդակցել յարգարժան նախարարի հետ:
Նշեմ նաեւ, որ այս ծրագիրը կեանքի կոչելու հարցում մասնագիտական մի մեծ թիմ է աշխատել՝ նկարիչներ, ձեւաւորողներ, գեղագիր, խմբագիր եւ այլ մասնագէտներ:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Լիա՛, ո՞ւմ հետ էք կարեւորում ձեր համագործակցութիւնը՝ խաղն իրացնելու համար, ովքե՞ր են ճիշդ հասցէատէրերը:
ԼԻԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Շատ ենք կարեւորում համագործակցութիւնը թանգարանների հետ. մեր ֆէյսբուքեան էջում կարող էք հանդիպել նման գրառումների՝ «Արուեստ» խաղը կարող էք ձեռք բերել՝ այցելելով Մարտիրոս Սարեանի տուն-թանգարան: Համագործակցել ենք Փարաջանովի թանգարանի հետ. կարեւոր է, որ մեր ցանկում ընդգրկուած նկարիչների թանգարանները կան Հայաստանում, եւ երեխաները կարող են այցելել: Երեխաները տուեալ նկարչի գործերը կարող են տեսնել նրանց թանգարաններում եւ այնտեղից ձեռք բերել խաղը. սա միանգամից մի քանի կարեւոր քայլի խթանում է՝ երեխան այցելում է մեծանուն նկարչի թանգարան, հասկանում թանգարանի բուն էութիւնը եւ տեսնում նկարների բնօրինակները, գնում խաղը: Այժմ համագործակցում ենք «ԱՅԲ» դպրոցի հետ, նաեւ Էրեբունու դպրոցներից մէկից են որոշակի քանակ ձեռք բերել. դեռ շատ անելիքներ ունենք: Անհրաժեշտութեան դէպքում մենք լինում ենք տուեալ դպրոցում եւ ուսուցչին, տուեալ դէպքում՝ կերպարուեստի, բացատրում խաղի կանոնները, որպէսզի նրանք էլ ներկայացնեն երեխաներին:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այդ խաղի նախատիպը կա՞ր աշխարհում եւ ո՞ր երկրի օրինակն է ձեզ առաւել հետաքրքրել:
ԼԻԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Անշու՛շտ. զարգացած երկրներում վաղուց են կեանքի կոչուել նման նախագծեր: Մենք շատ երկար ենք ուսումնասիրել եղած օրինակները, բազմաթիւ նիւթեր ենք գնել, ձեռք բերել, ճամբորդել ենք տարբեր երկրներով, դիտարկել նման խաղերի յաջողութիւնները:
Ասեմ, որ դրսում երեխաներին արուեստին աւելի շատ են մօտեցնում. այդ գաղափարն ենք ցանկանում զարգացնել նաեւ մեզանում: Ուսումնասիրելով ուրիշ երկրների նման խաղերի ձեւաչափերը՝ մենք առանձին մասեր ենք վերցրել, սակայն հիմնականում մեր աշխատանքում սեփական մտահղացումներն ենք օգտագործել: Խաղ կայ, որն ամբողջութեամբ ինքներս ենք ստեղծել, մշակել:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Լիլի՛թ, ձեզ ճանաչո՞ւմ են Հայաստանում, մեր հասարակութեան լայն շերտերն արդեօք ծանօ՞թ են խաղին:
ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Մեր ստեղծած խաղը մէկ ամսուայ պատմութիւն ունի եւ բուռն կերպով քննարկւում է. մասնագիտական ոլորտներում մեզ, իհարկէ, ճանաչում են: Մենք ցանկանում ենք, որ խաղը լայն տարածում գտնի Սփիւռքում, որովհետեւ այն հայապահպանական զգալի նշանակութիւն ունի:
ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն է լինելու ձեր աշխատանքի շարունակութիւնը, Գայիանէ՛:
ԳԱՅԻԱՆԷ ԱՅՎԱԶԵԱՆ.- Յետագայում էլ կը շարունակենք անդրադառնալ միւս հայ նկարիչներին, համաշխարհային նկարիչներին, ճարտարապետութեանը, հնարաւոր է՝ նաեւ երաժշտութեանն ու երգարուեստին:
Իմ այն հարցին, թէ արդեօք աղջիկները գո՞հ են սեփական աշխատանքի արդիւնքներից՝ երեքն էլ արձագանգեցին ժպիտներով, այնուհետեւ յաւելեցին, որ յաջորդ «Արուեստ-Խաղ» գիրքը նուիրուելու է հայ քանդակագործներին: