ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Լրագրող Սիսակ Գաբրիէլեան կը գրէ.
«293 միլիոն դոլար. 6րդ գումարման ԱԺի պատգամաւորները ճիշդ այսքան գումար են յայտարարագրել պաշտօնը ստանձնելու պահին:
Առաջին հորիզոնականում Գագիկ Ծառուկեանն է, որը 3 անգամ շատ դրամական միջոց ու փոխառութիւն ունի, քան խորհրդարանի միւս 104 պատգամաւորները միասին: Նրա դրամական միջոցներն ու փոխառութիւնները կազմում են շուրջ 222 միլիոն դոլար:
Ըստ խորհրդարանի գործունէութիւնը ուսումնասիրող «Պարլամենտ Մոնիտորինգ» կազմակերպութեան՝ այսօր (Հինգշաբթի, 15 Փետրուարին) հրապարակուած զեկոյցի, Ծառուկեանը մանդատը ստանալուն նախորդած չորս ամիսների ընթացքում 24 միլիոն 614 հազար դոլարի եկամուտ է յայտարարագրել:
Ընդհանուր առմամբ, խորհրդարանում կայ 11 դոլարային միլիոնատէր պատգամաւոր, 6ը՝ իշխող ՀՀԿից, 5ը՝ ընդդիմադիր «Ծառուկեան» դաշինքից: Գագիկ Ծառուկեանին յաջորդում են ՀՀԿականներ Սամուէլ Ալեքսանեանը՝ 8, Աշոտ Արսէնեանը՝ 7.5, Արայիկ Գրիգորեանը՝ 4.8 միլիոն դոլար:
Ի դէպ, յայտարարագրուած 293 միլիոն դոլարը պատգամաւորների ամբողջ ունեցուածքը չէ. շքեղ առանձնատները, թանկարժէք մեքենաները, բիզնեսները, հիւրանոցային համալիրներն ու այլ շինութիւնները որպէս գումար չեն յայտարարագրւում:
«Պառլամենտ Մոնիտորինգի» ներկայացրած զեկոյցը նաեւ փաստում է, խորհրդարանականան կառավարման համակարգը որդեգրած Հայաստանում օրէնսդրական նախաձեռնութիւնների ԱԺ-կառավարութիւն յարաբերակցութիւնը առայժմ չի փոխուել: Վերջին երկու նստաշրջաններին ընդունուած 254 օրէնքների մօտ 90 տոկոսը ներկայացրել է կառավարութիւնը: Խորհրդարանը արտահերթ նիստերի 6 օրերի ընթացքում հասցրել է 220 քուէարկութիւն անցկացնել: