2018 թուականի փետրուարի 15-18ը, Մոնտենեգրոյի Բուդուա քաղաքում, Մոնտենեգրոյի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան երիտասարդական կազմակերպութեան հիւրընկալմամբ, կայացաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (International union of socialist youth, IUSY) Համաշխարհային համագումարը:
Բացմանը ողջունի խօսքով հանդէս եկան ԸԵՄՄ գլխաւոր քարտուղար Ալեսանդրօ Պիրիսին, Մոնտենեգրոյի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան նախագահ Միլօ Դիւկանովիչը, ԸԵՄՄ տարածաշրջանային փոխնախագահները եւ այլք:
Համագումարին մասնակցեցին աւելի քան 230 ներկայացուցիչներ ԸԵՄՄ անդամ 115 կազմակերութիւններից: ՀՅԴ Երիտասարդականը համագումարին մասնակցեց հինգ ներկայացուցչով՝ Կարապետ Շատոյեան (Աւստրիա), Սարինէ Աբրահամեան (Նիդերլանդներ), Արշակ Մեսրոպեան (Հայաստան), Անոյշ Յովհաննիսեան (Հայաստան), Ցոլեր Աղճեան (Լիբանան):
Ժողովի առաջին օրուայ օրակարգի համաձայն՝ ԸԵՄՄ տարածարջանային նախագահները ներկայացրեցին իրենց երկամեայ գործունէութիւնը: ԸԵՄՄ Սեւծովեան տարածաշրջանի փոխնախագահ Կարապետ Շատոյեանը խօսեց տարածաշրջանում իրականացուած աշխատանքների, մասնաւորապէս Ուկրաինայի Հանրապետութիւն, ապա Արցախի Հանրապետութիւն իրականացուած ճանաչողական այցերի, Վրաստանում խորհրդարանական ընտրութիւններին որպէս դիրտորդ մասնակցութեան մասին եւ այլն: Օրուայ աւարտին իրականացուեցին աշխատանոցներ, կանանց իրաւունքների, հարկային արդարութեան հաստատման եւ այլ թեմաների վերաբերեալ:
Համագումարի երկրորդ օրը, օրակարգի համաձայն, ներկայացուեցին բանաձեւումներ եւ առաջարկներ եւ, քուերկութեան արդիւնքում, ընդունուեցին միջուկային զէնքերի դէմ պայքարի, իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան խաղաղ լուծման, ինչպէս նաեւ կանոնագրային կէտերի փոփոխութեան վերաբերեալ բանաձեւեր, հաստատուեցին միութեանը անդամագրուելու մի շարք երկրների դիմումներ, որոշ միութիւններ քուէարկութեան արդիւնքում դարձան ԸԵՄՄ լիիրաւ անդամներ, ներկայացուեց ԸԵՄՄ 2018 թուականի գործունէութեան նախնական ծրագիրը եւ այլն:
Համագումարի վերջին օրակարգով տեղի ունեցան ԸԵՄՄ նախագահի, գլխաւոր քարտուղարի եւ փոխնախագահների ընտրութիւնները: Միութեան նախագահ ընտրուեց Եոհաննա Օրտեգան:
Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Համաշխարհային համագումարը՝ նոյն միութեան հիմնական որոշում կայացնող ժողովն է, որը գումարւում է երկու տարին մէկ անգամ: Վերջին անգամ այն հիւրընկարուել էր 2016 թուականին, Ալբանիայում:
Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնը Ընկերվար-միջազգայնականի ուղեկից երիտասարդական կազմակերպութիւնն է, որին անդամակցում են աւելի քան 143 կազմակերպութիւններ աշխարհի շուրջ 100 երկրներից: ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄի լիիրաւ անդամ է:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ