ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Մէկ շաբաթ առաջ՝ Փետրուարի 20ին, Արցախում հանդիսաւորութեամբ նշեցին Ազգային վերածննդի օրը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ փոխանցելու Ադրբեջանական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի առաջ միջնորդութեան մասին ժողպատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշման ընդունման 30ամեակը:
Իսկ այս օրերին մենք նշում ենք մէկ այլ, բայց արդէն ողբերգական իրադարձութեան՝ Սումգայիթում հայերի ցեղասպանութեան 30րդ տարելիցը: Անիրազեկ մարդուն կարող է տարօրինակ թուալ այս երկու, թւում է, իրար հետ առնչութիւն չունեցող իրադարձութիւնների միաժամանակեայ յիշատակումը, նրանց միջեւ, սակայն, գոյութիւն ունի՝ թող որ անտեսանելի, բայց ուղղակի կապ: Եւ այն կայանում է նրանում, որ «Սումգայիթ»ը դարձաւ Ադրբեջանի յանցաւոր իշխանութիւնների պատասխանը Հայաստանի հետ ԼՂԻՄի վերամիաւորման՝ Արցախի հայազգի բնակչութեան սահմանադրական, զուտ ժողովրդավարական ճանապարհով արտայայտուած պահանջին: Բարբարոսական ու վայրագ պատասխանը: Նպատակն ակնյայտ էր՝ արիւնալի ահաբեկչութեան միջոցով վախեցնել արցախցիներին ու նրանց ստիպել հրաժարուել ազգային-ազատագրական շարժումից ու մոռանալ Հայաստանի հետ մարզի վերամիաւորման միտքն իսկ: Այդ օրերից արդէն 30 տարի է անցել, բայց, կարծում ենք, անգամ հարիւրամեակներ անց այս երկու իրադարձութիւնները, որոնց մէկ շաբաթ է իրարից բաժանում, այդպէս էլ միասին կ՛ընթանան ժամանակի մէջ, կ՛ապրեն պատմութեան մէջ:
Ադրբեջանի՝ ինչպէս խորհրդային, այնպէս էլ ներկայ իշխանութիւնները սուիններով էին ընդունում եւ շարունակում են այդպէս ընդունել Սումգայիթում ցեղասպանութիւն իրականացնելու մէջ մեղադրանքները: Բայց միթէ՞ ցեղասպանութիւն չէ դա, երբ 1988ի Փետրուարի 26-29ը (նահանջ տարի էր) տմարդիների գազազած, արեամբ ու անպատժելիութեամբ արբեցած ամբոխը, որը կառավարւում էր գազանային բնազդներով, սպանում, հրկիզում, բռնաբարում, թալանում էր բոլորովին անմեղ մարդկանց միայն այն բանի համար, որ նրանք հայ էին: Ցեղասպանութիւն չէ՞, երբ այդ յանցաւոր գործողութիւնների արդիւնքում հարիւրաւոր խաղաղ հայ քաղաքացիներ ջարդերի ու կոտորածի զոհ դարձան, հազարաւորներն ստիպուած էին ընդմիշտ լքել իրենց իսկ ձեռքով կառուցուած, բայց իրենց համար իսկական դժոխքի վերածուած քաղաքը:
Այն, որ Սումգայիթում ցեղասպանութիւն է իրականացուել, որեւէ կասկած չի յարուցում: Հետաքննութեան ու դատաքննութեան նիւթերը, ականատեսների պատմութիւնները, ֆոտօ (լուսանկար-Խմբ.) եւ տեսավկայութիւններն ամենայն համոզչութեամբ ապացուցում են անվիճելի ճշմարտութիւնը՝ Սումգայիթում տեղի է ունեցել ծրագրուած ու պետական մակարդակով իրականացուած ցեղասպանութիւն: «Ողբերգական ու դառը իրականութիւնն այն է, որ դեռեւս խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացւում էր խտրականութեան քաղաքականութիւն, իսկ ԽՍՀՄ գոյութեան վերջին տարիներին՝ ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարի համապատկերին, Ադրբեջանի իշխանութիւնները դիմեցին արդէն ցեղասպանական քաղաքականութեան: Այդ քաղաքականութիւնը ենթադրում էր բնակչութեան շրջանում հայերի նկատմամբ ատելութեան ձեւաւորում ու խորը արմատաւորում, ինչի դրսեւորումը դարձան Սումգայիթում, Բաքւում եւ այլ վայրերում տեղի ունեցած սահմռկեցուցիչ իրադարձութիւնները», սա Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Օտտօ Լիւխտենեարդտի կարծիքն է: Նման դէպքերում սովորաբար ընդունուած է ասել՝ մեկնաբանութիւններն աւելորդ են, բայց…
Ադրբեջանի ներկայիս ղեկավարութիւնը, որի ձեռքերը նոյնպէս ամբողջովին թաթախուած են արեան մէջ, այսօր սիրում է ղարաբաղեան կարգաւորման համատեքստում մեծամտօրէն դատել միջազգային իրաւունքի մասին: Սակայն նրան չէր խանգարի աւելի ուշադիր կարդալ Ցեղասպանութեան կանխարգելման ու դրա համար պատժի մասին ՄԱԿի կոնվենցիայի (սահմանադիր ժողովի, համագումարի-Խմբ.) գոնէ այն դրոյթը, որտեղ սեւով սպիտակի վրայ գրած է. «Ցեղասպանութեան տակ հասկացւում են (…) գործողութիւններ, որոնք իրականացւում են որեւէ ազգային, էթնիկ, ռասայական (ցեղային-Խմբ.) կամ կրօնական խմբի՝ որպէս այդպիսին, լրիւութեամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրութեամբ»: Ինչ-որ մէկն Ադրբեջանում կարո՞ղ է կասկած ունենալ, որ հայկական բնակչութեան՝ որպէս էթնիկ խմբի դէմ այստեղ իրագործուած յանցագործութիւնները լիովին համապատասխանում են Կոնվենցիայի տուեալ բնորոշմանը: Իհարկէ՝ ոչ, բայց ողջ հարցը նրանում է, որ հայատեացութիւնն այստեղ բարձրացուած է պետական քաղաքականութեան աստիճանի, ու դրա շրջանակներում Ադրբեջանում աճեցնում են ռասիստների նոր սերունդ, «սումգայիթ»ի, «բաքու»ի, «մարաղա»ի, «բուդապեշտ»ի նոր «հերոսներ», հերոսացւում են դահիճներն ու յանցագործները, ինչը հաստատեց 2016թ. ապրիլեան պատերազմը, որի ընթացքում ադրբեջանական կազմաւորումները ծանրագոյն ռազմական յանցագործութիւններ են կատարել հայկական խաղաղ բնակչութեան ու գերի ընկած զինուորականների դէմ:
Դժբախտաբար, ո՛չ խորհրդային, ո՛չ միջազգային հանրութիւնն այն ժամանակ այդպէս էլ չիմացաւ ողջ ճշմարտութիւնը Սումգայիթի մասին, որը մարդատեացութեան հոմանիշը դարձաւ: Ու պէտք է ասել, դրանում իրենց մեղքն ունէին ոչ միայն Ադրբեջանի իշխանութիւնները, որոնք էլ հէնց հանդիսանում էին հայերի ջարդերի իրական կազմակերպիչները, եւ որոնք այնուհետեւ ամէն ինչ արեցին ողբերգութեան պատճառներն ու իրական պատկերը քօղարկելու համար: Դրանում իր, ուղղակիօրէն ասենք, յանցաւոր դերը խաղաց նաեւ ԽՍՀՄ բարձրագոյն ղեկավարութիւնը՝ Գորբաչովի գլխաւորութեամբ, որի անգործունէութիւնն էլ, փաստօրէն, մարդասպաններին ու դրանց հովանաւորներին խրախուսեց արիւնալի գործողութիւնների: Աւելին, հետաքննութեան ու դատական մարմիններին յանձնարարուել էր մէկ ընդհանուր քրէական գործը տրոհել բազմաթիւ առանձին դրուագների ու հայերի զանգուածային ջարդերն ու կոտորածը որակել որպէս «խուլիգանական տարրերի» գործողութիւններ: Ըստ էութեան, սա դարձաւ եւս մի յանցագործութիւն սումգայիթեան ողբերգութեան կենդանի եւ հանգուցեալ զոհերի նկատմամբ, սրբապղծութիւն՝ զոհուածների յիշատակի հանդէպ: Այդուհանդերձ, ո՛չ Գորբաչովի կոմունիստական ռեժիմը, ո՛չ ադրբեջանական իշխանութիւններն ի զօրու չէին թաքցնել Սումգայիթի մասին ճշմարտութիւնը, քանի որ ժամանակի ընթացքում քրէական գործի տրոհուած այն բեկորները, հակառակ ամէն ինչի, հաւաքուելով, միասնական յանցագործութեան խճապատկերը կազմեցին, յանցագործութիւն, որի անունն է ցեղասպանութիւն:
Առանց վաղեմութեան ժամկէտի… Իրաւաբանական այս ընդգրկուն ու սեղմ արտայայտութեամբ են բնորոշւում ծանրագոյն յանցանքները, որոնց համար ներում չկայ: Որոնք, հակառակ դրանց իրագործումից անցած ժամանակին, պարտադիր կերպով պէտք է իրաւական ու քաղաքական գնահատական ստանան, իսկ դրանց կազմակերպիչներն ու իրագործողներն անպայման կանգնեն պատմութեան դատի առաջ: Դա է պահանջում արդարութիւնը, դրան է կոչում Ադրբեջանի ազգայնական քաղաքականութեան զոհերի յիշատակը: