ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Հարիւրամեակներ յաճախ չեն պատահում, եւ մեծ էր ցանկութիւնս ներկայ գտնուելու ընկեր Ցոլակի 100ամեակի տարեդարձին. չստացուե՛ց:
Ընկեր Ցոլակին ծանօթացել ենք «Ասպարէզ»ի յարկի տակ, մի քանի տարիներ մեր այնտեղ աշխատելու շրջանում: Նրա առաւօտեան այցելութիւնների ժամանակ փոխանակում էինք «բարի օր»ը. մեր նստած անկիւնը նմանեցնում էր Պոլսոյ գրագէտների հաւաքատեղիի, հասցնում էր հաղորդել պատմական համառօտ դէպքեր եւ տեղեկութիւններ, ուսումնասիրում էր սեղանին դրուած այդ օրուայ հիւրասիրութիւններն ու՝ անհետանում: Ո՞ւր, ի՞նչ անելու՝ անուն չունէր: Իսկ իր հետ առանձին խօսելու առիթ համարեա չենք ունեցել։
Եւ ահա հասնում է մեզ այն ֆիլմը, որ պատրաստուած էր յատուկ հարիւրերորդ տարեդարձի առթիւ, բեմադրիչ՝ Ճորճ Ատուրեան, ու բացւում է կծիկը այն բոլոր հարցերի ու պատասխանների, որոնց համար ժամանակ չէր լինում աշխատանքի պահերին:
1935ին, Իրաքում, ՀՅԴ շարքերն անցած Ցոլակ Յովսէփեանը մինչեւ օրս էլ հպարտ է իր կուսակցական պատկանելիութեամբ, եւ այդ դիրքորոշման պատճառով էր, որ նա ստիպուած է լինում լքել ծննդավայրը եւ հաստատուել Միացեալ Նահանգներում: Սակայն, ֆիլմում այնքան զգուշօրէն է ներկայացուած այդ զգացումը, որ առանց հատուածային կողմնորշման՝ ներշնչուել կարելի է ազգայինի վեհ գաղափարապաշտութեամբ, եւ որեւէ յարանուանութիւն կարող է ներկայացնել ֆիլմը որպէս հարիւրամեայ մի հայորդու պատմութիւն:
Պատահականօրէն լուսանկարչութիւնը արհեստ ընտրած եւ հետագայում այն արուեստի վերածած Ցոլակի լուսանկարչատունը Բաղդադի Ֆայսալ հրապարակում վերածուել էր ակումբի՝ լինի հայերի թէ արաբների համար, պատմում է յոբելեարը: Ընկերասէր խառնուածքն էր, որ այդ օրերից մինչեւ հիմա պատճառ էր դարձել ընկեր Ցոլակի լայն եւ բազմատեսակ բարեկամների ցանցի ստեղծմանը: Ֆիլմի ընթացքում խօսք ունեցող ընկերները բոլո՛րն էլ շեշտում էին այդ յատկանիշը, առաւել՝ այն զուարթախոհութինը, որով վարակում է շրջապատին 100ամեայ ընկեր Ցոլակը:
Չնայած շատ էին սրտի խօսքերը, սակայն անցնում էին կադրերը եւ տարօրինակ մագնիսականութեամբ վերադառնում էր ընկեր Ցոլակն իր ներկայութեամբ եւ զրոյցով, հանգիստ, առանց աճապարանքի՝ ստիպելով լսել, մտապահել, նաեւ զարմանալ եւ ուրախանալ, որ պատմական այսպիսի դէպքերն ու փաստերը արդէն վաւերագրուած են մեր սերունդների համար:
Ըստ «Ասպարէզ»ի խմբագրին՝ ընկեր Ցոլակի ամէնօրեայ այցելութիւնները խմբագրատուն օրհնութի՛ւն են թերթի եւ աշխատակիցների համար: Իսկ հիւրերը միշտ կարող են նրա ոսպնեակի թիրախը դառնալ, որից մեզ եւս բաժին է հասել: Կանանց նկատմամբ միշտ ուշադիր, բայց զգոյշ, կնամեծար, սակայն արեւելքցու պահպանողականութեամբ այս հայ տղամարդը, նոյնի՛սկ իր սեփական կնոջը չի ուզում հրապարակայնօրէն կոչել «կինս», այլ նախընտրում է անուանել՝ «երեխաների մայրը»:
Ցոլակ Յովսէփեանը Սփիւռքի տարբեր երկրների եւ Հայաստանի հայրենակիցների իր լուսանկարներով, դրանց մէկ մասն ամփոփող «Հարազատ Դէմքեր» ալբոմով՝ շրջող մի պատմութիւն է, նաեւ՝ իր ընկերներով եւ ընկերուհիներով, գաղափարական բարեկամներով: Ըստ ընկեր Ցոլակի՝ «ինք վրիպած է Վերինի աչքէն», ու դրա համար էլ այսպէս երկար է ապրում, իսկ այդ ներկայութիւնը միշտ հաճելի է շրջապատի մարդկանց:
Առանց տեսնուելու յոբելեարի հետ, դիտելով բծախնդրօրէն պատրաստուած ժապաւէնը՝ մեղմ եւ պատշաճ երաժշտութեան ուղեկցութեամբ, դո՛ւ եւս, ակամայ, ուզում ես փոխանցել սրտի խօսք, ջերմ մի նախադասութիւն, մի անկեղծ մաղթանք, ու զգալով, որ արժանին մատուցուել է արդէն՝ շնորհաւորում ես բոլորին: