ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Մարտի մէկը նշւում է որպէս Քաղպաշտպանութեան միջազգային օր: Այդ օրը Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի Վիլեամ Սարոյեանի անուան միջնակարգ դպրոցում ամէն տարի կազմակերպւում է միջոցառում:
Այս տարի եւս, Մարտի մէկին, ուսումնական օրուայ սկզբում միջոցառման խորհուրդը ներկաներին բացատրեց դպրոցի նախնական զինուորական պատրաստուածութիւն առարկայի ուսուցիչ եւ քաղպաշտպանութեան շտաբի պետ Արման Մանուկեանը:
Պայմանական օդային տագնապից յետոյ, ըստ նախնական պայմանաւորուած սցենարի (բեմագ-րութեան ծրագիրի-Խմբ.), դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները էվակուացուեցին (տարհանուեցան-Խմբ.) դէպի ապաստարան:
Ուսուցիչներից եւ աշակերտներից կազմուել էին քիմիական հետախուզման, առաջին բուժօգնութեան, հրդեհաշիջման խմբեր, որոնցից իւրաքանչիւրն ունէր իր պատասխանատուները:
Պայմանական վիրաւորներին ցուցաբերուեց առաջին բուժօգնութիւն, նրանք տեղափոխուեցին անվտանգ ու ապահով վայրեր:
Մեզ հետ զրոյցում շրջանի զինկոմ Մխիթար Աւանեսեանը նշեց, որ քաղպաշտպանութեան վերաբերեալ գիտելիքն անհրաժեշտ է բնակչութեանն ինչպէս տարերային աղէտների, այնպէս էլ՝ պատերազմական իրավիճակների ժամանակ: «Շրջանում զինկոմ աշխատելու ժամանակահատուածում ուսումնասիրութիւններս ցոյց են տուել, որ մշակուած որոշակի սցենարներ կան հնարաւոր պատերազմական իրավիճակում քաղաքացիական բնակչութեանն ապահով էվակուացնելու համար: Պահանջուող չափանիշներին համապատասխան շրջանը պատրաստ է պատերազմական իրավիճակում քաղաքացիական պաշտպանութիւն կազմակերպել», ընդգծեց մեր զրուցակիցը: Աւելի մանրամասնելով քաղաքացիական պաշտպանութեան իւրաքանչիւր առանձին ու փոքր քայլ հաշուարկելու կարեւորութիւնը՝ Մխիթար Աւանեսեանն ընդգծեց, որ աւելի լաւ կը լինէր ստանդարտներից (չափանիշներէն-Խմբ.) մի քիչ հեռու մնալ:
«Հիմա մեր աչքի առաջ Թուրքիան ռազմական գործողութիւնների է դիմում Սիրիայում, որտեղ չեն առանձնացւում քաղաքացիական անձինք ու զինուորականները: Լաւ ճանաչելով մեր թշնամուն՝ համոզուած ենք, որ եթէ պատերազմ եղաւ, նրանք միայն մտածելու են հայ մարդուն վնաս հասցնելու մասին: Այդ պատճառով՝ մենք առաւել ուշադիր ու զգօն պիտի լինենք՝ ցանկացած դէպքում քաղաքացիներին անվտանգ ու ապահով տարհանելու համար»: Ըստ մայոր (աւագ սպայ) Աւանեսեանի՝ դրա համար պէտք է հաշուարկել իւրաքանչիւր փոքր քայլ: Օրինակ, իւրաքանչիւր բնակավայրի բնակիչ պէտք է յստակ իմանայ, թէ պատերազմի դէպքում ինքը ո՛ր անվտանգ բնակավայրն է տարհանուելու, անգամ՝ ծանօթ լինի այն ընտանիքին, որն իրեն առաջին օրերին ընդունելու է:
«Եթէ մենք ունենք որոշակի կանխատեսումներ յարձակման ուղղութիւնների վերաբերեալ, ապա պէտք է ունենանք համապատասխան ուղղութիւններով դէպի որոշակի բնակավայրեր տարհանում կազմակերպելու յստակ ծրագիր: Ծրագիր կազմելիս պէտք է նաեւ յիշել, որ հրետանու հարուածների տակ շատ դժուար է ամէն ինչ հսկողութեան տակ պահել»:
«Եթէ իւրաքանչիւր բնակիչ իմանայ, թէ իրեն ով է ուղեկցելու անվտանգ բնակավայր, ապա կարող ենք խուսափել նախնական շփոթութիւնից: Եւ եթէ տղամարդիկ ռազմաճակատում վստահ լինեն, որ իրենց ընտանիքն ապահով տարհանուած է, աւելի հանգիստ կը լինեն ճակատում»: Ըստ մեր զրուցակցի, պետութիւնն այս ամէնը ծրագրում է աւելի մեծ ֆորմատներով (ձեւաչափերով-Խմբ.): «Իսկ մանրամասները պէտք է տեղում որոշենք ու իրականացնենք: Դպրոցներում որոշակի սցենարով աշխատում ենք, երեխան գիտի, օրինակ, որ օդային յարձակման դէպքում ինքը պէտք է գնայ ապաստարան, բայց պէտք է պատկերացնի նաեւ յետագայ քայլերը», նշեց Մխիթար Աւանեսեանը: Նաեւ ասաց, որ «իր նախանշած ծրագիրը կեանքի կոչելու համար կարող են համագործակցել վիճակագրութեան համապատասխան բաժիններն ու այն համայնքների ղեկավարները, դէպի ուր կարող է իրականացուել տարհանումը»:
Պատասխանելով այն հարցին, թէ արդեօք հնարաւոր պատերազմական իրավիճակի ու տարհանման մասին խօսելը անտեղի խուճապ չի՞ առաջացնի բնակչութեան շրջանում, մեր զրուցակիցն ընդգծեց, որ եթէ թեման ճիշդ ներկայացուի, ապա որեւէ խուճապի տեղիք չի տայ:
«Բանակում մենք միշտ ասում ենք՝ ուզում ես խաղաղութիւն, պատրաստուիր պատերազմին: Նոյնն էլ այս դէպքում, եթէ մենք բնակչութեանը բացատրենք, որ որեւէ բան չի սպասւում, կամ սպասւում է, բայց չգիտենք երբ, եւ պատրաստ լինենք այդ անսպասելիին, մենք աւելի ապահով ու ինքնավստահ կը լինենք: Հակառակ դէպքում, եթէ ժամանակը ճիշդ չօգտագործենք, միգուցէ եւ չհասցնենք անել այն, ինչ պէտք է անենք», ամփոփեց աւագ սպան:
Թամարա Գրիգորեան՝ «Արարատ» հիմնարկի թղթակից