ԵՐԵՒԱՆ, «Սիվիլնեթ».- Ադրբեջանցի ուսուցիչ Ռովշան Ազիզովը դատարանի միջոցով պայքարում է Բաքուի դպրոցներից մէկում աշխատանքի վերադառնալու համար: Նա պնդում է, որ աշխատանքից հեռացուելու պատճառ է հանդիսացել իր քաղաքացիական դիրքորոշումը: Մարտի 12ին դպրոցի տնօրէնը դատարանում խոստովանել է, որ Ազիզովը հեռացուել է Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ խաղաղութեան կոչերի համար:
35ամեայ Ազիզովը դասաւանդել է Բաքուի Նիզամինի շրջանի դպրոցներից մէկում 2004ից, սակայն 2017ի վերջին հեռացուել է աշխատանքից: Նրա դէմ ճնշումները սկսուել են այն բանից յետոյ, երբ իր աշակերտների հետ պատրաստել է տեսաուղերձ հայ եւ ադրբեջանցի երեխաների միջեւ բարեկամութեան կոչերով:
Kavkazel-Uzel կայքին ուսուցիչը պատմել է, որ մշտապէս նախապատուութիւն է տուել դասաւանդման ոչ աւանդական մեթոդներին:
«Ես ցանկանում եմ, որ հայ եւ ադրբեջանցի երեխաներն ապրեն խաղաղ եւ անվտանգ: Ոչ ոք չի կարող ատելութիւն հրահրել երեխաների միջեւ, ծնողները պէտք է երեխաներին դաստիարակեն բարեկամութեան եւ սիրոյ ոգով», ասել է Ազիզովը:
Նրա հրապարակած բազմաթիւ տեսահոլովակներից մէկում երեխաները դերեր են խաղում՝ խօսելով անգլերէն, ադրբեջաներէն, հայերէն, թուրքերէն: Ըստ բեմադրութեան՝ նրանք սկզբից թշնամաբար են տրամադրուած, սակայն յետոյ հաշտւում են եւ սկսում ընկերութիւն անել:
Ազիզովի տեսահոլովակներին արձագանգել են «Ղարաբաղի ազատագրման կազմակերպութեան» ակտիւիստները, որոնք դէմ են Հայաստանի հետ ցանկացած կապերի:
Ռովշան Ազիզովը «Ֆէյսբուք»ում արած գրառումներում տեղեկացնում է, որ իրեն անուանում են «դաւաճան», «հայերի գործակալ», անգամ նրան վերագրել են հայկական ծագում:
Ուսուցիչը յոյս ունի դատարանի միջոցով վերականգնուել աշխատանքում:
«Ես ցանկանում եմ վերադառնալ դպրոց, այնտեղ ինձ սպասում են իմ աշակերտները: Եթէ դատարանը ինձ չվերականգնի, իմ ընտանիքը կը մնայ առանց գոյատեւման միջոցների, ես չեմ կարողանայ պահել իմ հնգամեայ որդուն: Եթէ անգամ դատարանի որոշումը իմ օգտին չլինի, ես կը շարունակեմ պայքարը», ասել է Ազիզովը:
Ուսուցչի խօսքով՝ ծնողները նրա դէմ առարկութիւններ չունեն եւ անձնական նամակներում աջակցում են իրեն, սակայն վախենում են բացայայտ օգնութիւն ցուցաբերել:
«Աջակցութեան խօսքեր եմ ստանում նաեւ հայ օգտատէրերից: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում նոյնպէս յայտարարեն, որ ադրբեջանցիները հայերի թշնամիները չեն», պատմել է ուսուցիչը:
Դպրոցի տնօրէնը մեկնաբանութիւն չի տուել կայքին:
Ռովշան Ազիզովի դասաւանդման մեթոդներն ու խաղաղասիրութիւնն իսկապէս ապշեցնող են Ադրբեջանում համատարած հայատեացութեան ֆոնին:
Վերջերս օգտատէրերի շրջանում տարածուել էր տեսանիւթ ադրբեջանական մէկ այլ դպրոցից, որտեղ ուսուցչուհին նախադպրոցական տարիքի երեխաների հետ անցկացնում է ատելութեան եւ թշնամանքի դասընթաց:
Նա հարցնում է. «Գիտէ՞ք ովքեր են մեր թշնամիները», ինչին երեխաները միաձայն պատասխանում են՝ «հայե՛րը»:
Ապա մանկավարժը, ցոյց տալով քարտէզը, պատմում է, որ «ադրբեջանական հողերի 20 տոկոսը նուաճել են հայերը»:
Տեսանիւթի առնչութեամբ Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը փաստահաւաք է անցկացրել՝ արձանագրելով Ադրբեջանում հայատեացութեան հերթական աղաղակող դէպքը: