ԹԻՖԼԻՍ.- Սուրբ Ասուածածնի Աւետման տօնը Վիրահայոց թեմում նշուեց առանձնայատուկ բերկրանքով: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միութեան հրաւէրով եւ Սիրիահայերի միութեան տիկնանց խմբի նախաձեռնութեամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հիւրընկալուեցին Երեւանից ժամանած 5 տասնեակից աւելի սիրիահայեր:
Հիւրերը, որ ժամանել էին նախորդ օրը, 2018 թուականի Ապրիլի 7ի առաւօտեան, Հաւլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեցին տօնի առիթով մատուցուած Ս. եւ անմահ պատարագին, որից յետոյ տեղափոխուեցին «Հայարտուն» կենտրոնի «Գալուստ Կիւլպէնկեան» սրահ։
Հիւրերի ժամանումը բարի գալուստի ջերմ խօսքերով ողջունեց Վիրահայոց թեմի մշակոյթի բաժնի տնօրէն եւ «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլեանը, շնորհաւորեց նրանց Աւետման տօնի առիթով, եւ կենտրոնի ու սիրիահայերի միութեան համագործակցութեան պատրաստակամութիւն յայտնեց։
Այնուհետեւ Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միութեան նախագահ Սուսաննա Խաչատրեանը շնորհակալութիւն յայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդարանին եւ թեմակալ առաջնորդին, «Հայարտուն» կենտրոնին սոյն նախագծի իրականացմանը ցուցաբերած աջակցութեան համար։
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգեւոր տեսուչ Մանուկ քհնյ. Զէյնալեանը, փոխանցեց թեմակալ առաջնորդ Վազգէն եպս. Միրզախանեանի օրհնութիւնը եւ շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները: Հոգեւոր հայրը արժեւորեց սիրիահայերի տոկունութիւնը, աշխատասիրութիւնը եւ հաւատքին ու ազգին նուիրուածութիւնը։
Միջոցառմանը ներկայ էր նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանութեան առաջին քարտուղար Արթուր Սարգսեանը: Վերջինս սիրիահայ տիկնանց փոխանցեց արտակարգ եւ լիազօր դեսպան Ռուբէն Սադոյանի շնորհաւորանքները եւ գործընկերութիւնը շարունակելու եւ համագործակցութեանը աջակցելու առաջարկութիւն արեց։
Դահլիճում ներկայ բազում արաբ փախստականների եւ Վրաստանի փախստական կանանց աջակցութեան ասոցիացիայի անունից սիրիահայ տիկնանց ողջունեց կազմակերպութեան նախագահ Մակա Չիչվան, բարձրաձայնելով կազմակերպութեան կողմից նախանշուած արաբ փախստական կանանց այցը Հայաստանի Հանրապետութիւն։
Հիւրերի օրը յիրաւի տօնական դարձրին եւ իրենց շնորհաւորանքները երգի ու նուագի միջոցով յղեցին «Հայարտուն» կենտրոնի դհոլի եւ դուդուկի խմբերի (ղեկավարներ՝ Ռոբերտ Կաշաւանիձեն եւ Իւանէ Մկրտչեան) սրտառուչ նուագը եւ մենակատարներ Նինա Կարապետեանի, Աննա Բադալեանի եւ Հենրիխ Պետրոսեանի հոգեհմայ երգը։
Սիրիահայերի միութեան տիկնանց խմբի ղեկավար եւ սոյն միջոցառման կազմակերպիչ Վանի Նալբանդեանը գնահատանքի խօսքեր ուղղեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միութեանը համագործակցութեան համար եւ յանձնեց շնորհակալագիր։
Ընդամէնը մի քանի ամիս առաջ ծայր առած գործընկերութեան շրջանակներում «Հայարտուն» կենտրոնում կազմակերպուեց սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-վաճառք:
Օրուայ ընթացքում չէր դադարում մարդկանց այցը կենտրոն, որտեղ այցելուները հիացմունքով ծանօթացան եւ սիրով ձեռք բերեցին սիրիահայերի շնորհաշատ ձեռքով կատարուած տարբեր աշխատանքներ, որոնք դարձան նաեւ այս գեղեցիկ օրուայ անմոռանալի յուշ: Մինչեւ երեկոյ շարունակուեց ցուցահանդէսը-վաճառքը, որն աւարտուեց առաջնորդարանի կողմից հիւրասիրութեամբ։
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ