ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
2019 թուականին լրանում է Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150ամեակը: Ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձի առիթով յաջորդ տարի նախատեսւում է բազմաբնոյթ ձեռնարկների անցկացում աշխարհի տարբեր երկրներում: Նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով ԱՄՆ էր այցելել Երեւանի Թումանեանի թանգարանի տնօրէն Նարինէ Թուխիկեանը:
«Թումանեանի 150ամեակի առիթով, մեր թանգարանի առաջիկայ անելիքների շարքում է համագործակցութեան եզրեր գտնել եւ ծրագրեր մշակել աշխարհով մէկ սփռուած հայ համայնքների հետ: Եւ առաջին ճամբորդութիւնս, բնականաբար Ամերիկան էր՝ հաշուի առնելով այստեղ բնակուող մեր հայրենակիցների թիւը, բազմաշերտութիւնը: Կալիֆորնիայի տարբեր քաղաքներում հանդէս եկայ Թումանեանին նուիրուած դասախօսութիւններով, եւ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում առաւել յստակացան ծրագրերը: Նախնական պայմանաւորուածութեան եկանք հայկական բոլոր դպրոցներում, տարբեր տարիքային խմբերի համար օլիմպիադաներ անցկացնել: Կարծում եմ, որ սա լաւագոյն առիթներից կը լինի, որ երեխաները նորից ընթերցեն եւ քաջալերուեն, եւ Հայաստան գալիս՝ անպայման այցելեն նաեւ Թումանեանի թանգարան: Տարբեր կառոյցների ներկաացուցիչների հետ զրուցել ենք նաեւ տարբեր ձեռնարկների անցկացման անհրաժեշտութեան մասին», նշեց թանգարանի տնօրէնուհին:
Այցի ընթացքում Նարինէ Թուխիկեանը ամերիկահայ համայնքի համար հանդէս եկաւ նաեւ բանախօսութիւններով՝ ներկայացնելով Թումանեանին որպէս նաեւ ազգային, հասարակական-քաղաքական գործիչ, դրուագներ նրա կեանքի ոչ շատ յայտնի էջերից: «Ապրիլ» գրատանը, Մարտի 27ին, Նարինէ Թուխիկեանը ներկայացրեց վերջերս հրատարակուած երկու գրքեր: «Յովհաննէս Թումանեան Եւ Իշխանուհի Մարիամ» խորագրով նամականիների շարքը, որ ներկայացնում է Ամենայն հայոց բանաստեղծի եւ մշակութային-հասարակական գործիչ, բարերար, մեծ հայրենասէր իշխանուհի Մարիամ Թումանեանի նամակագրութիւնը 1898թ.ից մինչեւ 1919 թիւը: Իշխանուհին գրողի գլխաւոր մեկենասն էր, եւ նրա կողքին է եղել կեանքի ամէնից դժուարի պահերին: Նամակագրութեան շատ դրուագներ, ինչպէս նաեւ Մարիամի որոշ յուշեր տպագրուել են առաջին անգամ: Թուխիկեանը կարծիք յայտնեց, որ այս գիրքը հնարաւորութիւն կը տայ ճանաչելու նրբազգաց բանաստեղծ-մարդու իւրօրինակ ներաշխարհը: «Նամականին թոյլ է տալիս ներթափանցել հայ հանճարի հոգու խորքերը՝ հասկանալու նրա ապրածն ու զգացածը կեանքի տարբեր իրողութիւնների նկատմամբ: Մենք շատ յաճախ կաղապարւում ենք, երբ խօսում ենք մեր յայտնիների մասին՝ կուռք ենք դարձնում նրանց, սակայն այդպէս չի կարելի: Այս աշխատութիւնը նրա մարդկային էութեան իւրատեսակ բացայայտումն է՝ մարդկային թուլութիւններով, վեհութիւններով», նշեց Թուխիկեանը:
«Մտքեր» ժողովածուն ամփոփում է Թումանեանի յօդուածներից, նամակներից քաղուածքներ, որ ներկայացւում են տարբեր բաժիններով՝ լեզուի, ինքնութեան, մասին, ազգային առանձնայատկութիւնների, արուեստի, գրականութեան, եւ այլնի: Ըստ Թուխիկեանի, համատեքստից հանելով այդ մտքերին ինքնուրոյն գոյութիւն ունենալու հնարաւորութիւն, նոր կեանք է տրուել, որոնք «յաճախ, ցաւալիօրէն արդիական են, որովհետեւ տարիների ընթացքում ոչինչ չի փոխուել», նշում է Թուխիկեանը: «Խօսքի ընդունակ մարդիկ պէտք է խօսեն մեր ժողովրդի, մեր երիտասարդութեան, մեր ինտելիգենցիայի հետ: Խօսե՛ն, ոչ թէ ճառեր՝ նրանց զգացմունքները յուզելու համար, այլ խաղաղ, օբյեկտիւ, գիտական, քննադատական լուրջ վերլուծումներով ու խորասուզումներով տանեն դէպի ազգային պայծառ ինքնաճանաչողութիւնը եւ ընդհանուր զարգացման ընդարձակ հորիզոններ բաց անեն», ասում էր Թումանեանը:
Թումանեանի թանգարանի տնօրէնուհին «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց, որ անկնկալում է Սփիւռքի գործուն մասնակցութիւնը՝ Յովհաննէս Թումանեանի ժառանգութիւնը տարածելու եւ աշխարհին ներկայացնելու հարցում:
«Միշտ ասում ենք, որ ունենք մի քանի հազարամեայ մշակոյթ, բայց խնդիր է, թէ ինչպէս ենք այդ մշակոյթը ներկայացնում աշխարհին, որովհետեւ մեզ ճանաչելու հիմնական ճանապարհը մշակոյթի միջոցով է, եւ գրականութիւնն էլ լաւագոյն ձեւն է: Այս մտայնութեամբ, մենք Թումանեանի 150ամեակի առիթով մի ծաղկաքաղ ենք արել գրողի տարբեր ստեղծագործութիւններից՝ չափածոյից, արձակից, հեքիաթներից, յօդուածներից, նամակներից ու թարգմանել ենք անգլերէն ու գերմաներէն: Այժմ հաւաքածուն պատրաստ է, եւ մնում է վերջնական խմբագրումը, որ պէտք է անի տուեալ լեզուի կրողը: Մեր նպատակն է, որ այս գրքերի տպագրութիւնը կատարուի տարբեր երկրների համբաւաւոր տպարաններում: Սա չի նշանակում, որ Հայաստանում միջոցներ չունենք, հակառակը՝ կարող ենք վաղն էլ անել: Սակայն ցանկանում ենք ապահովել արտադրական շղթան, որի միջոցով տուեալ գիրքը առաւել կը տարածուի ու յայտնի կը դառնայ տուեալ երկրում: Օրինակ, Միացեալ Նահանգներում գործող յայտնի տպագրատունը գիրքը հրատարակելուց յետոյ, կ՛ապահովի նաեւ այդ գրքի գովազդը, շնորհանդէս կը կազմակերպի եւ տուեալ աշխատութիւնը կը ներկայացնի գրախանութներին: Ահա օրինակ, այս հարցում կարիք ունենք մեր համայնքի խորհրդատուութեանը՝ տպարանների մասին տեղեկութիւն, նրանց հետ մեզ ծանօթացում:
Միաժամանակ, կը ցանկանայի տեղեկացնել նաեւ, որ կան առանձին այլ ծրագրեր էլ, օրինակ՝ Թումանեանի քառեակների թարգմանութիւն, որի իրականացումը հովանաւորողի անունը կը նշուի որպէս 150ամեակի նախագծի հովանաւոր», տեղեկացրեց Նարինէ Թուխիկեանը:
Ամերիկեան այցի շրջանակներում, Թուխիկեանը տարբեր ձեւաչափերով հանդիպեց համայնքի ներկայացուցիչների հետ: «Յայտնի եւ անյայտ Թումանեանը» թեմայով դասախօսութեամբ, նա Մարտի 22ին հանդէս եկաւ Գլենդելի քաղաքային գրադարանում: Թումանեանի ազգային եւ քաղաքական հայեացքների մասին դասախօսութեամբ ներկայացաւ Ֆրեզնոյի հայ համայնքին Մարտի 26ին, Թումանեանի 150ամեակին նուիրուած ծրագրերի մասին խօսեց Մարտի 29ին Լոս Անջելեսի Իրանահայ միութիւնում: Նանարինէ Թուխիկեանը ելոյթ ունեցաւ նաեւ Համազգայինի Գլենդելի մասնաճիւղի կազմակերպած գրական երեկոյի ժամանակ՝ անդրադառնալով արեւմտահայ գրողներ Յակոբ Պարոնեանին եւ Գրիգոր Զօհրապի կեանքին ու գրական ժառանգութեանը: