Արեւելքում երկարակեացների թիւը մեծ է: Այդ պատճառով, առողջ եւ երկար կեանք ունենալու համար շատ հաւաստի ու արդիւնաւէտ է թւում արեւելեան բժշկութիւնը: Դա կարող է պայմանաւորուած լինել բազմաթիւ հանգամանքներով: Բոլոր այդ խելամիտ խորհուրդներից այսօր առաջարկում ենք հետեւեալ՝ առողջութեանը նպաստող մի քանի անսովոր, բայց շատ տրամաբանական ցուցումների:
– Երբե՛ք մի մոռացէք ժպտալ աչքերով ու սիրտը սիրով լցնել: Թւում է սա անլուրջ խորհուրդ է, սակայն արեւելեան բժշկութեան մէջ սա առողջ լինելու առաջին կանոնն է: Երբ վշտացած էք, զայրացած, ճնշուած, երբ արտասւում էք ու նեարդանանում, ապա ձեր օրգանները սկսում են թոյներ արտադրել: Երբ երջանիկ էք, ժպտում էք, ապա մեղրի պէս բուժիչ հեղուկ է արտադրւում:
Այսօր, գրեթէ բոլորը շատ զբաղուած կեանքով են ապրում եւ աշխատանքային օրը գլխացաւով աւարտելը սովորական է դարձել: Ինչպիսի՞ ուղղում է առաջարկում արեւելեան բժշկութիւնը: Պարզապէս՝ անտեսե՛լ այն դժուարութիւնները, որ օրը պարգեւում է մեզ: Ամէն մի մտահոգութիւն կարող է վերանալ, եթէ հումորով մօտենալ խնդրին: Գուցէ սկզբում թերագնահատէք ժպիտի դրական ազդեցութիւնը, սակայն ժամանակի հետ դուք կը յայտնաբերէք, որ տիրապետում էք մի տեխնիկայի, որ չէզոքացնում է մտահոգութիւնները:
– Քի՛չ խօսէք եւ ընտրէ՛ք, թէ ի՛նչ պէտք է ասել: Սա արեւելեան բժշկութեան երկրորդ կանոնն է: Տեղին ասուած խօսքը ամենաարժէքաւորն է, իսկ լռութիւնը պահպանում է կենսական էներգիան: Թո՛ղ ձեզ արդէն չանհանգստացնեն անձնական յաւակնութիւնները. մոռացէ՛ք ձեր մասին եւ զարգացրէք ձեր սիրտը:
– Միւս կարեւորագոյն խորհուրդն է՝ քի՛չ անհանգստացէք եւ շա՛տ գործէք: Քիչ մտածէք ապագայի ու անցեալի մասին, քանի որ դրանք անհանգստութեան պատճառ են դառնում, իսկ անհանգստութիւնը ընկճախտի պատճառ է դառնում: Եւ նորից վերադարձէ՛ք առաջին խորհրդին՝ ժպտացէ՛ք: