Յունիսի 12-14 ԱՄՆում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը աշխատանքային այցով գտնւում էր Արգենտինայում:
Այցի շրջանակներում Արցախի մշտական ներկայացուցիչը Արգենտինայի մայրաքաղաք Բուէնոս Այրեսում մասնակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) տեղի մասնաճիւղի կողմից կազմակերպուած միջոցառմանը՝ նուիրուած Արցախին:
Իր ելոյթում Ռոբերտ Աւետիսեանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան պատմական եւ իրաւական ասպեկտները (երեւոյթները-Խմբ.), անդրադարձ կատարել կարգաւորման գործընթացի ներկայ փուլին, ինչպէս նաեւ Արցախում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
Արցախի մշտական ներկայացուցիչը նաեւ պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հանրապետութեան ներքին եւ արտաքին քաղաքականութեանը, Արցախի տնտեսական զարգացմանը եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան հանգուցալուծման հեռանկարներին:
Միջոցառմանը ներկայ էին հոգեւոր առաջնորդներ եւ արգենտինայի հայկական համայնքային կառոյցների ներկայացուցիչներ:
Ռոբերտ Աւետիսեանը նաեւ հանդիպումներ է ունեցել Բուէնոս Այրեսի ՀԲԸՄի ղեկավար կազմի եւ ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկուել են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպէս նաեւ Արգենտինայում Արցախի մասին իրազեկուածութեան մակարդակի բարձրացմանն ուղղուած քայլերը:
Այցի շրջանակներում Արցախի մշտական ներկայացուցիչը դասախօսութեամբ հանդէս է եկել Բուէնոս Այրեսի պետական համալսարանում, որին ներկայ էին համալսարանի դասախօսներ, ուսանողներ եւ հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ռոբերտ Աւետիսեանը խօսել է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան պատմութեան ու կարգաւորման գործընթացի մասին եւ պատասխանել ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտութեան լուծման հեռանկարներին, Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեանն ու միջազգային ճանաչման գործընթացին:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ