ՍԱՀԱԿ ԱՐԱՄԵԱՆ
Յեղափոխական ցնցումների օրերին եւ դրանից յետոյ Հայաստանից գումարների արտահոսքի մասին ժամանակին անդրադարձ եղաւ Ազգային ժողովում: Կենտրոնական բանկի նախագահը մասնաւորապէս յայտարարեց, որ բանկերից գումարների դուրսբերման փաստ արձանագրուել է, բայց յետոյ դրանք վերադարձրել են: Այսինքն, Արթուր Ջաւադեանի հաւաստմամբ, երկրից գումարի արտահոսք չի եղել, այլ միայն բանկերից աւանդներ են հանել մարդիկ եւ տարել պահել են «դօշակի տակ, բայց յետոյ բերել-դրել են բանկում»: Նախ՝ զարմանալի է, թէ ինչպէս էր Արթուր Ջաւադեանը իմացել, թէ մարդիկ հանած գումարը որտեղ են պահել՝ երկրից դու՞րս, թէ՝ իրենց տանը՝ «դօշակի տակ»: Երկրորդ՝ ԿԲ նախագահը խօսել է մի երեւոյթի մասին, որը տեղի է ունենում բանկային հաշիւների գումարների եւ աւանդների հետ բոլոր այն երկրներում, որտեղ նմանատիպ իրավիճակներ են առաջանում: Հետեւաբար, դարձեալ անհասկանալի է, թէ ինչի հիման վրայ է ասում, որ մեզ մօտ նման դէպք («արտահոսք երկրից») չի եղել: Եւ վերջապէս ամենակարեւորը. ԿԲ նախագահի ասածը, թէ բանկերից վերցուած գումարի 50 տոկոսից մի փոքր աւելին Մայիսին արդէն իսկ վերականգնուել է, մեղմ ասած, չի համապատասխանում իրականութեանը: Ճիշդ այնպէս, ինչպէս նրա եզրակացութիւնը, թէ «արտառոց բան, օրինակ՝ գումարի արտահոսք, չկայ»: Փաստերն այլ բանի մասին են վկայում: Համաձայն Կենտրոնական բանկի արդէն հրապարակած տուեալների, որոնց մանրամասները վերոյիշեալ քննարկման ժամանակ չէր ցանկացել յայտնել ԿԲ նախագահը, առեւտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներից (մշտական բնակուող եւ գործող անձինք եւ կազմակերպութիւններ) ներգրաւուած աւանդների ցուցանիշը Ապրիլին իսկապէս կտրուկ նուազել է, իսկ Մայիսին փոքր-ինչ վերականգնուել: Սակայն ոչ 50 տոկոսով, ոչ էլ անգամ 5 տոկոսով եւ չի հասել Մարտ, անգամ Յունուար կամ Փետրուար ամիսների ցուցանիշին: Այսպէս. «սիրոյ» եւ «հանդուրժողականութեան» Ապրիլին մասնաւոր եւ պետական ձեռնարկութիւնների, տնային տնտեսութիւնների, շահոյթ չհետապնդող կազմակերպութիւնների եւ այլ ֆինանսական կազմակերպութիւնների կողմից բանկերում ներդրուած աւանդները կազմել են 2 տրլն. 66 մլրդ. դրամ: Նախորդ՝ Մարտ ամսուայ համեմատ դրանք պակասել էին 45 մլրդ. դրամով: Հէնց այդքան գումար Հայաստանի բանկային հաշիւներից դուրս էին հանուել այդ ամսուայ ընթացքում, իսկ ահա Մայիս ամսին աւանդների եւ բանկային հաշիւների վրայ գտնուող գումարների ընդհանուր չափը եղել է 2 տրլն. 75 մլրդ. դրամ՝ ընդամէնը 9 մլրդ. դրամով աւելի՝ Ապրիլին դուրս բերուած 45 մլրդ. դրամի փոխարէն: Այսինքն՝ Հայաստանի բանկերից միայն մէկ ամսուայ ընթացքում դուրս բերուած եւ յայտնի չէ՝ «դօշակի տակ» դրուած թէ արտասահման ուղարկուած վերոնշեալ 45 մլրդ. դրամի մեծ մասը չի վերադարձել Հայաստանի բանկային համակարգ: ԿԲ նախագահը դժուար թէ դա չիմանար: Սակայն երեւի թէ նա էլ չէր ցանկանում ԱԱԾից հիւրեր ունենալ եւ ժամանակի քամուն համընթաց նախընտրելով «ժողովրդական» վարչապետին եւ նրա զանգուածին «դուխ» տալ, չասելով, թէ իրականութիւնն ինչպիսին է: Խնդիրը ոչ միայն 45 մլրդ. դրամն է (մօտ 90 մլն. դոլար), որը փոքր գումար չէ, այլ փաստը, որ այն մեծ մասամբ չվերադարձաւ Հայաստանի բանկային համակարգ: Եթէ գումարի դուրսբերման պատճառը լինէր միայն ապրիլեան ցնցումները եւ անկանխատեսելի իրավիճակների սպառնալիքը, ապա հիմա նման ցնցումներ չկան կամ գոնէ նման ծաւալով չկան: Խնդիրը այն անվստահութիւնն ու վախի մթնոլորտն է, որ տիրում է Հայաստանում, մասնաւորապէս գործարար շրջանակներում: Իբր թէ «օրինականութեան» հաստատման եւ «կոռուպցիոն սխեմաներ»ի բացայայտման սերիալի պատճառով տնտեսութիւնը յայտնուել է յետընթացի մէջ: Համատարած ստուգումները, ուժային կառոյցների միջամտութիւնը տնտեսավարողների գործունէութեանը, ինչը ժամանակին մեծ ջանքերի գնով յաջողուեց վերացնել եւ արդէն 20 տարի նման երեւոյթ չկար, սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.) խնդիրներ առաջացնելը դանդաղեցրել են տնտեսական ակտիւութեան աճը, իսկ արդիւնաբերութեան մէջ արդէն երկրորդ ամիսն է, ինչ շարունակւում է անկումը:
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»