Հայաստանում մեկնարկած Հայաստանեայց համաաւետարանական երիտասարդական համագումարն այլեւս պատմութիւն է: Օգոստոսի 2-16ին, աշխարհի չորս ծայրերից Հայ աւետարանական եկեղեցու (ՀԱԵ) 100ից աւելի երիտասարդներ եւ աշխոյժ ծառայողներ միացել էին Հայաստանի եւ Արցախի երիտասարդներին՝ հայրենիքում: Այս ծրագիրը կազմակերպուել էր Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան (ԱՀԱԸ) նիւթական աջակցութեամբ՝ ԱՀԱԸ 100ամեակի միջոցառումների շրջանակում: Նպատակը՝ հայրենիքին, ՀԱԵ 170ամեայ պատմութեանը, իրենց ինքնութեանը (թէ՛ որպէս հայ, եւ թէ որպէս հայ աւետարանական քրիստոնեայ), ինչպէս նաեւ դրանցից բխող մարտահրաւէրներին ծանօթացնելն էր:
Համագումարի առաջին օրերը ճանաչողական էին։ Երիտասարդները եղան Հայաստանի Աւետիսեան դպրոցում (www.avedisianschool.am), այցելեցին Եղեռնի թանգարան եւ Ծիծեռնակաբերդ, իսկ երեկոյեան հայկական ժողովրդական երգերի համերգ վայելեցին «Հայրէններ» երգչախմբի կատարմամբ: Եղան նաեւ Խոր Վիրապում, Տաթեւի վանական համալիրում, Սեւանայ լճում, Էջմիածնի Մայր տաճարում եւ Հաղարծինում:
Օգոստոսի 6ից մեկնարկեց համագումարը: Ամէն օր սկսւում էր փառաբանութեան պաշտամունքով, այնուհետեւ, մասնակիցները հովիւների պատգամների միջոցով սերտում էին Պօղոս առաքեալի Տիմոթէոսին ուղղուած 2րդ նամակը՝ ամէն օր մէկ գլուխ: Այդ սերտողութիւնը հնարաւորութիւն տուեց նրանց մտածելու, թէ ի՛նչ կոչում ունեն Աստծուց, եւ ինչպէ՛ս կարող են այն իրականութիւն դարձնել:
Համագումարի կարեւորագոյն բաժիններից մէկը՝ ՀԱԵի անցեալին, ներկային ու ապագային վերաբերող դասախօսութիւններն էին: Բանախօսների մի մասը՝ Միացեալ Նահանգներից եւ Մերձաւոր Արեւելքից, հեռակայ կապի միջոցով դասախօսութիւններ ներկայացրեցին: Առաջին օրուան թեման ՀԱԵ անցեալն էր՝ պատմութիւնը, ձեւաւորման պայմաններն ու սկզբունքային պատճառները: Երկրորդ օրը՝ երիտասարդները լսեցին ՀԱԵ պաշտամունքի ոճի, ինչպէս նաեւ ներկային վերաբերող այլ խնդիրների մասին: Երրորդ օրը՝ ՀԱԵ աւագ հոգեւոր հովիւ վեր. Մկրտիչ Մելքոնեանը պատգամի միջոցով յորդորեց երիտասարդներին մտածել ՀԱԵ ապագայի մասին, փնտռել Աստծոյ կամքն ու տեսնել իրենց առաքելութիւնն այդ կարեւոր գործում:
Իւրաքանչիւր դասախօսութիւնից յետոյ, մասնակիցները ունեցան նիւթը քննարկելու եւ վեր բարձրացուած խնդիրների վերաբերեալ իրենց առաջարկները գրելու հնարաւորութիւն, որոնք ամփոփուեցին համագումարի նախավերջին օրը՝ Օգոստոսի 15ին: Առաջարկների ռազմավարական փաստաթուղթը նախատեսւում է ուղարկել ՀԱԵ համաշխարհային խորհրդին եւ աշխարհի բոլոր ծայրերում գործող հովիւներին, որպէսզի քննարկեն դրանց իրագործման հնարաւորութիւններն ու կեանքի կոչելու ուղիները:
Սերտողութիւններից ու դասախօսութիւններից ազատ ժամերին, երիտասարդները ծանօթացան հայկական մշակոյթին՝ ժողովրդական երգեր ու պարեր սովորեցին, հայկական աւանդական ճաշերու պատրաստման եղանակներին ծանօթացան եւ ցուցադրեցին իրենց տաղանդները:
Համագումարի մասնակիցները նաեւ Աստծոյ սէրը գործնականում դրսեւորելու, իրենց հայրենակիցների հետ լինելու ու զգալու, ինչպէս նաեւ նրանց ծառայելու հնարաւորութիւն ստացան: Երիտասարդները փոքր խմբերով մեկնեցին Հայաստանի 16 շրջաններ (19 վայր, 29 ծրագիր), որպէսզի շօշափելի կերպով ծառայեն եւ պատմեն իրենց հաւատքի մասին: Գրեթէ 4 լիարժէք աշխատանքային օր երիտասարդները կամաւոր ծառայեցին՝ վերանորոգեցին եւ բարեկարգեցին անապահով ընտանիքների բնակարանները, ՀԱԵ եւ ԱՀԱԸ կառոյցները, ուսումնական հաստատութիւններ, ծառատունկ ու հանրային այլ օգտակար գործունէութիւն ծաւալեցին, այցելցին միայնակ ծերերի, մաքրեցին նրանց բնակարանները, քաղցրեղէն պատրաստեցին «Շող» ցերեկային կենտրոնների (www.amaa.am) սաների համար, բանջարային աշխատանքներ կատարեցին, հանրային զբօսայգիներ մաքրեցին եւ գործօն մասնակցութիւն ունեցան տարբեր քաղաքներում տեղի ունեցող ՀԱԵի եւ ԱՀԱԸի ճամբարներին:
Բոլորը շատ տպաւորուած էին այն աշխատանքներով, որոնք իրականացրել էին: Առաջնորդները վկայում էին, որ ոչ մի երիտասարդ չի տրտնջացել եւ սիրով կատարել է ինչպէս ծանր ֆիզիկական աշխատանքները, այնպէս էլ բարեգործական եւ հոգեւոր ծառայութիւնը:
Չորաթան մեկնած խումբը, օրինակ, պատմեց երկու անչափահաս որբերի խնամող մի տատիկի մասին, ով սառնարանի կարիք ունէր եւ դրամահաւաքի առաջարկ արեց, որին երիտասարդները անմիջապէս արձագանգեցին եւ ժամերի ընթացքում գումարը հաւաքուեց: Մարգահովիտ մեկնած խումբը պատմեց, թէ ինչպէս են «Ծառատունկ Հայաստան»ի (ATP, Armenia Tree Project) հետ համագործակցութեան ընթացքում մտերմացել այդ գիւղի երեխաների հետ, իսկ վերջին օրը իրենց միջոցներից տրամադրել եւ դպրոցական պայուսակներ են գնել բոլոր առաջին դասարանցիների համար:
Երիտասարդները վկայում էին, որ կամաւոր ծառայութիւնների ընթացքում շատ բան են սովորել միջանձնեայ յարաբերութիւններից՝ քչով բաւարարուելուց մինչեւ ուրիշին ծառայելու օրհնութիւններն ու ամէն բանի համար Աստծուն փառք տալու կարեւորութիւնը:
Համագումարի վերջին օրը, Հանքաւանի «Շին Շողիկ» ճամբար էր այցելել նաեւ Հայաստանի սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանը, ով իր խօսքում կարեւորել էր համագումարն ու սփիւռքահայ երիտասարդներին՝ Հայաստանի կարիքաւորներին ծառայելու պատրաստակամութիւնը: Երիտասարդներին կոչ արուեց վերադառնալ Հայաստան՝ երկարաժամկէտ կամ կարճաժամկէտ ծրագրերով, եւ ծառայել հայրենիքին՝ ներդնելով իրենց գիտելիքը, ընդունակութիւններն ու շնորհքները:
Ամփոփելով անցած 14 օրը՝ կարելի է ասել, որ զգալի էր Աստծոյ ներկայութիւնը: Աղօթում ենք, որպէսզի այն հոգեւոր սնունդը եւ ուժը, որ երիտասարդները վայելեցին հայրենիքում, իրենց հետ տանեն եւ նպաստեն իրենց եկեղեցիների ու ՀԱԵ միութիւնների աշխուժացմանը: Սա, թերեւս, երիտասարդների շրջանում ԱՀԱԸ 100ամեակը տօնելու ամենակարեւոր տարբերակն էր:
(Թղթակցութիւնը՝
Ամերիկայի Հայ
Աւետարանչական
Ընկերակցութենէն)