ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Նոյեմբերի 6ին կայացած ընտրութիւններում Գլենդելի եւ Բրբենքի բնակիչները կողմ են քուէարկել համաժողովրդական հանրաքուէի դրուած՝ վաճառքի հարկի երեք քառորդ տոկոսով բարձրացմանը: Ըստ այդմ, երկու քաղաքներում, նշուած հարկը 9.5 տոկոսից կը դառնայ 10.25տոկոս: Գլենդելում «օրինագիծ Էս»ին (measure S) կողմ է քուէարկել ընտրողների 52.94 տոկոսը (18.472 մարդ), դէմ՝ 47.06 տոկոսը (16.422 մարդ): Այս հարկի գանձման արդիւնքում, քաղաքապետարանը նախատեսում է տարեկան 30 միլիոն դոլարի եկամուտ: Հաւաքուած գումարը կը ծախսուի մատչելի բնակարանների ստեղծման, փողոցների բարեկարգման, ոստիկանական եւ հրշէջ ծառայութիւնների որակի բարելաւման նպատակներով:
Բրբենքում, «օրինագիծ Փի»ի (Measure P) օգտին կողմ է քուէարկել բնակիչների 60.02 տոկոսը
(16,039 մարդ), դէմ՝ 39.98 տոկոսը (10,685 մարդ): Վաճառքի տուրքի աւելացումը տարեկան շուրջ 20 միլիոն դոլար կ՛աւելացնի քաղաքապետարանի բիւջէին: Բրբենքի քաղխորհուրդն այդ գումարը նախատեսում է օգտագործել քաղաքային ծառայութիւնների զարգացման ուղղութեամբ, ինչպէս օրինակ՝ հրշէջ, ոստիկանական ծառայութեան աշխատանքների որակի բարձրացում, ենթակառուցուածքների պահպանում, փողոցների բարեկարգում ու կանաչապատման աշխատանքները, զբօսայգիների, ժամանցի կենտրոնների, այդ թւում՝ գրադարանների ծառայութիւնների բարելաւում: