ԱՒԱՆԴԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22ԻՆ
ՆՈՒՆԷ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Սոցցանցերում եւ տարբեր լրատուական կայքերում մինչ շարունակւում են Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի անուան հետ կապուած՝ ամառուանից սկիզբ առած քննարկումներն ու կանխատեսումներ են հնչում՝ կը լինի՞ հեռուստամարաթոն, թէ ոչ, ժամանակաւոր դժուարութիւնները յաղթահարած համահայկական կառոյցն արդէն իսկ ազդարարել է 21րդ ամէնամեայ հեռուստամարաթոնի մասին. այն կը կայանայ Նոյեմբերի 22ին եւ կը կրի «Արարենք միասին» խորագիրը:
Աւելի վաղ աշխատանքային առաջին այցի համար Արցախն ընտրած՝ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրէն Հայկակ Արշամեանը յայտնել էր, որ ստեղծուած ճգնաժամային իրավիճակում հիմնադրամը որեւէ ֆինանսական կորուստ չի կրել, եւ կառոյցի ղեկավարութեան առաջնահերթ խնդիրներից են հիմնադրամի նկատմամբ վստահութեան վերահաստատումն ու բարձրացումը: Նա նաեւ վստահութիւն է յայտնել, որ թէ՛ առաջիկայ հեռուստամարաթոնի արդիւնքները, թէ՛ հիմնադրամի յետագայ ծրագրերն ու աշխատանքները հայութեան համար միայն ուրախանալու առիթ են դառնալու: Յիշեցնենք նաեւ, որ ԱՀ նախագահ Բակօ Սահակեանն անմիջապէս արձագանգելով ստեղծուած իրավիճակին՝ յանձնարարել էր հիմնադրամի կողմից Արցախում իրականացուած ծրագրերի վերաբերեալ տեղեկանք պատրաստել:
Ըստ հիմնադրամի պաշտօնական կայքի հրապարակման՝ հեռուստամարաթոնին ընդառաջ համահայկական ընտանիքը հերթական անգամ համախմբուել է, գործադիր տնօրէն Հայկակ Արշամեանը Տորոնտոյում հանդիպումներ է ունեցել կանադահայերի հետ, այնուհետեւ մեկնել ԱՄՆ, հիւրընկալուել Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆ Արեւմտեան գրասենեակում: Ամէնամեայ դրամահաւաքը մեկնարկել է Տորոնտոյում անցկացուած բարեգործական ճաշով՝ մէկ միլիոն ԱՄՆ դոլար արդիւնքով: Հիմնադրամը Unibank Armenia ընկերութեան կողմից արդէն ստացել է առաջին խոշոր նուիրատուութիւնը՝ 15 միլիոն դրամի չափով: Աճում են անհատական նուիրատուութիւնները, կ՛անցկացուի նաեւ համաեւրոպական ֆոնեթոնը:
Յիշեցնենք, որ նախորդ՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի հանգանակած գումարներով մեր հանրապետութիւնում կեանքի է կոչուել երկու խոշոր ծրագիր. իրականացուել են խորքային հորերի հորատման ու նոր ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ, նաեւ՝ տեղակայուել արեւային էներգետիկ կայաններ: Ոռոգման ժամանակակից համակարգերի ստեղծումը նպատակ ունէր նոր որակ հաղորդել հանրապետութեան պարէնային անվտանգութեան ապահովմանը, գիւղատնտեսութեան զարգացմանը, այն նաեւ լուրջ խթան է գիւղական բնակչութեան բարեկեցութեան մակարդակի բարձրացման համար, քանի որ մշտական ու երաշխաւորուած աշխատատեղեր է ապահովում շրջաններում:
Աւարտուած եւ ընթացքի մէջ գտնուող ծրագրերի ու նախանշուող անելիքների մասին խնդրեցինք պատմել Հայաստան Համահայկական հիմնադրամի Ստեփանակերտի գրասենեակի ղեկավար Վալերի Ղազարեանին: Ըստ արցախեան ծրագրերի պատասխանատուի՝ համահայկական կառոյցի՝ Արցախում իրականացուող ծրագրերը միշտ էլ կրել են թափանցիկ բնոյթ՝ ապահովելով աշխատանքների լաւագոյն արդիւնք եւ բարձր որակ: Տարուայ ընթացքում նախատեսուած էր կառուցել 18 խորքային հոր: Նախօրօք իրականացուել են գէոդեզիական նախնական հետազօտութիւններ, հին քարտէզների օգնութեամբ մօտաւոր պարզուել ջուր պարունակող վայրերը: Արդիւնքում 18 հոր է փորուել, սակայն միայն 14ում է ջուր յայտնաբերուել: Պէտք է նշել, որ այդ աշխատանքներում մասնագէտներն ու շինարարները հմտացել են եւ գալիք տարուայ ընթացքում, ամենայն հաւանականութեամբ, դրանք կը շարունակուեն աւելի մեծ թափով:
Անդրադառնալով արեւային ջրատաքացուցիչների տեղադրմանը՝ Վ. Ղազարեանը նշեց, որ այն տարուայ ամենայաջողուած ծրա-գրերից է. Շուշիի շրջանի Քարինտակ համայնքի շուրջ 60 տներում արդէն համակարգերը գործում են, աշխատանքներն այս ուղղութեամբ գալիք տարում եւս շարունակութիւն են ունենալու: Արեւային էներգիայի շնորհիւ լուծուել է Ասկերանի բուժմիաւորման, Ասկերանի Աւենտարանչական ընկերակցութեան եւ Խնապատի մանկապարտէզների տաք ջրի հարցը: Նոյն համակարգերը գործում են նաեւ Իւանեանի, Այգեստանի, Խաչէնի նախակրթարաններում: Ծրագրին միացել են նաեւ Շուշի քաղաքը, Ակնաղբիւր եւ Աւետարանոց գիւղերը:
Տարուայ ընթացքում շարունակուել է բազմազաւակ ընտանիքներին նորակառոյց տներով ապահովելու ծրագիրը, որի շրջանակում 3 տուն կառուցուել է Մարտակերտի շրջանի Չափար, 1ա-կան՝ Մարաղա եւ Կուսապատ գիւղերում: Ճարտարում, Շահումեանի Չարեքտար եւ Հադրութի շրջանի Ուխտաձոր եւ Մարիամաձոր գիւղերում եւս 4 բազմազաւակ ընտանիքներ հիմնադրամի տարբեր բարերարների շնորհիւ նորակառոյց տուն են տեղափոխուել: Ստեփանակերտում շահագործման է յանձնուել 9րդ դպրոցը, օրերս նաեւ Ուղտասարի դպրոցականներն ունեցան նոր դպրոց: Աւարտին է մօտենում շինարարութիւնը Շօշ գիւղի մանկապարտէզում:
Շարունակուել է նաեւ համայնքային կենտրոնների կառուցումը: Արդէն 250 տեղանոց դահլիճով ժամանակակից համայնքապետարան ունի Իւանեանը, 150 տեղանոց դահլիճով՝ Գետաւան, Թաղասէր ու Քռասնի համայնքները: Ներկայ դրութեամբ լրիւութեամբ աւարտուել են աշխատանքները Տումիի նոր համայնքային կենտրոնում: Ընթացքի մէջ է Խնձրիստանի համայնքապետարանի շինարարութիւնը: Շարունակուել են մեծածաւալ աշխատանքները Թալիշում՝ համայնքային կենտրոն, կաթսայատուն, հանդիսութիւնների սրահ, կենցաղի տուն, բացի այդ ներքին ջրացանցն է վերակառուցուել, իրականացուել են նաեւ համայնքային նշանակութեան այլ բարեկարգման աշխատանքներ: Ընթացքի մէջ է գիւղի դպրոցի, մանկապարտէզի, ջրահեռացման ցանցի կառուցումը: Հիմնադրամի միջոցներով Թալիշում նաեւ 18 տան հիմնանորոգում է կատարուել, ներկայում այնտեղ եւս մէկ տուն է կառուցւում: Պատասխանելով շինարարութեան որակի հետ կապուած մեր հարցին՝ Վ. Ղազարեանը տեղեկացրեց, որ տեխնիկական հսկողութիւնն իրականացւում է պայմանագրային հիմունքներով՝ քաղաքաշինութեան նախարարութեան տեխնիկական հսկիչների կողմից: Իրականացւում է նաեւ հեղինակային հսկողութիւն նախագծային կազմակերպութեան կողմից: Արցախեան ծրագրերի պատասխանատուն ինքը եւս մանրակրկիտ վերահսկում է շինարարութեան ողջ ընթացքը: Ըստ մեր զրուցակցի՝ լուրջ խախտումներ չեն յայտնաբերուել, շինարարութեան ընթացքում տեղ գտած սխալներն ու նախագծային շեղումները վերացւում են շինարարութիւնն իրականացնող կազմակերպութեան միջոցներով:
Եւ այսպէս՝ հայ ժողովրդի միասնական ջանքերով կատարուած հանգանակութիւնների ամենախոշոր ծրագիրը կը մեկնարկի ինչպէս միշտ՝ Լոս Անջելեսում, այս անգամ՝ Նոյեմբերի 22ին: Տարբեր երկրներում կը կազմակերպուեն հեռախօսամարաթոններ, ռադիօմարաթոններ, հեծանուարշաւներ, ճաշկերոյթներ, բարեգործական համերգներ ու ցուցահանդէսներ, փոստային ու SMS նուիրատուութիւններ, անհատական կտակներ, իսկ գումարը կ՛ամբողջացուի Լոս Անջելեսից հեռարձակուող ամենամեայ հեռուստամարաթոնում: