ՅԱՍՄԻԿ ԴԻԼԱՆԵԱՆ
Ազգային վիճակագրական կոմիտէն այսօր (Ուրբաթ, 30 Նոյեմբերին) ամփոփել է 2017 թուականի սոցիալական տնտեսական պատկերը:
Անցեալ տարուայ 7.5 տոկոս տնտեսական աճն այստեղ իր դրական ազդեցութիւնն ունեցել է:
Որքա՞ն է հարկաւոր Հայաստանում գոյատեւելու, լաւ ապրելու եւ շատ լաւ ապրելու համար: Հարցի պատասխանը գտել են վիճակագիրները՝ հարցնելով քաղաքացիներին:
«Գոյատեւելու համար մէկ շնչի հաշուով ամսական անհրաժեշտ է 94 հազար դրամ, լաւ ապրելու համար՝ 341 հազար դրամ, շատ լաւ ապրելու համար՝ 873 հազար դրամ», ասում է ԱՎԿ նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան:
2017 թուականին Հայաստանում աղքատութեան մակարդակը նուազել է 3.7 տոկոսով՝ կազմելով՝ 25.7 տոկոս (2016-ի 29.4 տոկոսի փոխարէն): Ծայրայեղ աղքատութեան մակարդակը 1.4 տոկոս է: 2008ից ի վեր այս ցուցանիշը գրեթէ չի փոխուել (1.6 տոկոս էր 2008ին):
Հայաստանում 776 հազար մարդ 2017 թուականին աղքատ է եղել (880 հազար մարդ): Եթէ 2016ին աղքատ էր Հայաստանում իւրաքանչիւր տասը բնակչից երեքը, ապա 2017ին՝ տասը բնակչից չորսը:
«2017թ.ին աղքատութեան վերին, ստորին եւ պարէնային գիծը՝ ըստ սպառման, արտայայտուած մէկ չափահաս անձի հաշուով, մէկ ամսուայ համար եղել է, համապատասխանաբար, 41,612 դրամ (կամ 86.2 ԱՄՆ դոլար), 34,253 դրամ (կամ 71 ԱՄՆ դոլար) եւ 24,269 դրամ (կամ 50.3 ԱՄՆ դոլար)», նշում է ՀՀ ԱՎԿ նախագահի խորհրդականը:
Աղքատութեան մակարդակի նուազմանը նպաստել է 2017ի 7.5 տոկոս տնտեսական աճը: Աղքատութեան մակարդակը նուազել է, սակայն, պատկերը չի փոխուել: Աղքատութեան ամենացածր մակարդակը Երեւանում է:
Տարիներ շարունակ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, 2017ն էլ բացառութիւն չէ: Այստեղ աղքատ է բնակչութեան գրեթէ կէսը (2014ին այս մարզում աղքատութեան մակարդակը կազմում էր 44 տոկոս, 2016ին՝ 45.5 տոկոս: Շիրակում անցեալ տարի աղքատութեան մակարդակը 44.3 տոկոս է):
«Ծայրայեղ աղքատութեան մակարդակը աճել է Արմաւիրի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում: 2017 եւ 2008թ.ին Արարատի մարզում ծայրայեղ աղքատութեան մակարդակը մնացել է նոյնը»:
Մեր երկրում 2017ին էլ եկամուտների բեւեռացուածութեան աստիճանը շարունակել է բարձր մնալ: Աղքատութեան ռիսկային (վտանգուած-Խմբ.) խմբում են երեք եւ աւելի երեխաներ ունեցող ընտանիքները: Իսկ աւելի ռիսկային են այն ընտանիքները, որոնց գլուխը կանայք են: 2017թ.ին մինչեւ 18 տարեկան երեխաների 2.1 տոկոսը ապրել է ծայրայեղ աղքատութեան, իսկ 30.8 տոկոսն՝ աղքատութեան մէջ:
Որքա՞ն գումար է անհրաժեշտ Հայաստանին աղքատութեան յաղթահարման համար: ԱՎԿ նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան ներկայացնում է հաշուարկները.
«65.2 մլրդ. դրամ կամ ՀՆԱի 1.2 կազմող գումար՝ ի լրումն սոցիալական (ընկերային-Խմբ.) աջակցութեան համար արդէն իսկ յատկացուած միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցութիւնը բարձր հասցէականութեամբ կը տրամադրուի միայն աղքատներին: Ծայրայեղ աղքատութեան վերացման համար անհրաժեշտ է եւս 1.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱի 0.02 տոկոսը, ծայրայեղ աղքատներին ներկայում տրուող սոցիալական հասցէական աջակցութիւնից բացի»:
Պարզւում է, սակայն, սոցիալական նպաստների հասցէականութիւնն ապահովելն այնքան էլ հեշտ գործ չէ:
«Քանի որ հիմնական բոլոր գործառոյթը ընտանիքինն է, հետեւաբար քաղաքականութիւնն ուղղւում է ընտանիքին: Կարեւորւում է ընտանիքի կազմը, որը միգրացիայի (գաղթի-Խմբ.) նման պայմաններում շատ դժուար է որոշել: Եթէ տնտեսութիւնը ոտքի կանգնի այնպէս, ինչպէս մենք ենք ակնկալում, այս խնդիրը մեր համար մի քիչ աւելի հեշտ լուծելու կը դառնայ», նշում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան սոցիալական աջակցութեան վարչութեան պետ Աստղիկ Մինասեանը:
Հետաքրքրական է, որ չնայած աղքատութեան մակարդակը վերջին ինը տարիների համեմատութեամբ էականօրէն է նուազել, սակայն, 2017թ.ին սննդամթերքի համարեա բոլոր տեսակների սպառումը նուազել է: Սա ազգային վիճակագիրները կապում են նախորդ տարուայ համեմատ սննդի սպառողական գների ինդեքսի (գիներու ցուցակ-Խմբ.) աճով:
«ՌԱԴԻՕԼՈՒՐ»