Մայիսի 10ից Դեկտեմբերի 4ն ընկած ժամանակահատուածում Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) քննչական բաժանմունքում յարուցուել եւ քննուել է շուրջ 30 քրէական գործ, որոնց քննութեան նախնական արդիւնքներով՝ պետական բիւջէին պատճառուել է 18 միլիարդ 965 միլիոն դրամի վնաս: Այդ մասին «Ազատութեան» «Կիրակնօրեայ վերլուծական Հրայր Թամրազեանի հետ» հաղորդմանը տուած բացառիկ հարցազրոյցում ասաց Ազգային անվտանգութեան ծառայութեան պետ Արթուր Վանեցեանը:
Վանեցեանի խօսքով՝ այս պահի դրութեամբ պետբիւջէ է վերականգնուել շուրջ 13 միլիարդ դրամը, «իսկ մնացածն ընթացքի մէջ է»:
«Այսօր մենք Հաշուեքննիչ պալատի, Ֆինանսների նախարարութեան, ՊԵԿի մեր գործընկերների միջոցով տարբեր քրէական գործերով ընդհանուր առմամբ ստուգում ենք շուրջ 216 միլիարդ 539 միլիոն դրամի ֆինանսական գործարքների օրինականութիւնը: Դա ահռելի գումար է, ուղղակի դա շատ մեծ ժամանակ է եւ ջանք: Հաւատացէք, որ այդ գումարները շատ բարդ է հիմնաւորել եւ հետ բերել», ասաց ԱԱԾ տնօրէնը:
«Բացի այդ, երեւի թէ ծանօթ էք յայտնի «Գոլդեն Փելես» հիւրանոցի հետ կապուած խնդրին, որը վերադարձուել է պետութեանը: Գործընթացը սկսուել է, Պետական գոյքի կառավարման վարչութիւնը զբաղւում է այդ հարցով», – յաւելեց Վանեցեանը:
Խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւի ժամանակ նոյեմբերի վերջին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը յայտնել էր, որ Մաքսային ծառայութեան նախկին պետ Արմէն Աւետիսեանը յայտարարել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հիւրանոցը պետութեանը նուիրելու մասին: Աւելի վաղ ԱԱԾն քրէական գործ էր յարուցել Աւետիսեանի կողմից ձեռնարկատիրական գործունէութեանն ապօրինի մասնակցելու եւ յանցաւոր ճանապարհով ստացուած առանձնապէս խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լուացում) դէպքով:
Սերժ Սարգսեանի թիկնազօրի նախկին պետ Վաչագան Ղազարեանն, ով մեղադրւում է ապօրինի հարստացման մէջ, օրերս յայտարարեց, որ պատրաստ է պետութեանը փոխանցել 6 միլիոն դոլար:
Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի ժամանակ «Դաւիթաշեն» թաղամասում այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինեանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսեանի եղբայր Ալեքսանդր Սարգսեանի կարողութեանը, յայտարարել էր, որ «Սաշիկ Սարգսեանը հայաստանեան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար»:
Հարցին, թէ ի՞նչ եղաւ այդ գումարների հետ, Վանեցեանը պատասխանեց. «Յարուցուած են քրէական գործեր, կատարւում է նախաքննութիւն, նախաքննութեան արդիւնքում կը հիմնաւորուի այդ գումարների ծագումը, եւ դրա արդիւնքում… Դուք արդէն լսել էք, որ իրենք տարբեր ԶԼՄներով (մամուլի միջոցներով-Խմբ.) պատրաստակամութիւն են յայտնում նշուած գումարները պետութեանը վերադարձնելու՝ ոչ թէ նուիրաբերելու, այլ վերադարձնելու մասին: Այդ վերադարձը, կարծում եմ, առաջիկայում կը լինի, եւ համաձայն Քրէական օրէնսգրքի յօդուածների, որով այդ գումարների վրայ կալանքները դրուած են, բոլոր ընթացակարգերը պահելով՝ այդ քրէական գործերը կը գնան իրենց հունով, եւ այդ գումարները կը վերադարձուեն Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջէ»:
ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Գաղտնիք չէ, որ Արարատ Միրզոյեանը՝ «Իմ քայլը» դաշինքի առաջատարներից մէկը, որն այժմ առաջին փոխվարչապետ է, կարող է եւ ընտրուել Ազգային ժողովի նախագահ, եւ այստեղ շատ ենթադրութիւններ կան, յամառօրէն այս ենթադրութիւնները շարունակւում են, ոմանք նոյնիսկ համոզուած ասում են, որ դա այդպէս պիտի լինի, ասում են, որ Արթուր Վանեցեանը պէտք է դառնայ առաջին փոխվարչապետ: Ի՞նչ կարող էք ասել:
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ.- Հիմա այդ հարցին ես ինչ ձեւ պատասխան տամ, այդ հարցը դառնալու է շահարկումների առարկայ: Բայց որպէսզի այդ հարցը չդառնայ շահարկումների առարկայ, եթէ թոյլ կը տաք, մի քիչ երկար ներկայացնեմ:
Ես ազգային անվտանգութեան մարմիններում ծառայում եմ արդէն շուրջ 20 տարի, այսինքն՝ 20 տարեկանս լրանալուց յետոյ, մի գաղտնիք էլ բացեմ՝ իմ ամուսնութեան օրը, ես ընդունուել եմ ծառայութեան Ազգային անվտանգութեան ծառայութեան մարմիններ: Դա 20 տարի առաջ համարեա, Դեկտեմբերի 23ին էր: Եւ այդ օրուանից ես մեծ սիրով եւ բարձր պատասխանատուութեամբ կատարել եմ իմ պարտականութիւնները:
Ես անկեղծ հպարտ եմ, հպարտ եմ եղել եւ կարծում եմ միշտ հպարտ եմ լինելու, որ կարողանում եմ կրել այդ բարձր կոչումը, լինել ազգային անվտանգութեան մարմինների ներկայացուցիչ, իսկ այսօր, առաւել եւս՝ այդ կառոյցի ղեկավար: Ես շատ բաւարարուած եմ ինձ զգում՝ որպէս մարդ, որպէս սպայ, լինելով Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն, եւ կարծում եմ՝ իմ պարտականութիւնները այսօր ես կատարում եմ, ես ինքս գնահատական չտամ, բայց՝ բաւականին դրական, եւ կարծում եմ՝ տեսանելի է այն փոփոխութիւնները, որ եղան այս կարճ ժամանակահատուածում ազգային անվտանգութեան համակարգում, եւ կարծում եմ‘ ես դեռեւս շատ անելիք ունեմ ազգային անվտանգութեան համակարգում: Եւ եթէ քաղաքական ղեկավարութիւնը նպատակայարմար կը գտնի ինձ թողնել Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի պաշտօնին, ես մեծ սիրով եւ մեծ պատասխանատուութեամբ կը շարունակեմ կատարել իմ պարտականութիւնները որպէս Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն:
ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ.- Իսկ եթէ քաղաքական ղեկավարութիւնը գտնի, որ Դուք պէտք է լինեք…
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑԵԱՆ.- Իսկ քաղաքական ղեկավարութիւնը եթէ գտնի, որ պէտք է լինեմ, այդ ժամանակ քննարկում կը լինի՝ կը հասկանանք: