ՖՐԵԴՐԻԿ ՎԱՐԴԱՆԵԱՆՍ
ԳԼԵՆԴԷՅԼ, Քալիֆորնիա.- Հանրութիւնը, հանրային դաստիարակները, պատմութեան հետազօտողները եւ համայնքի ղեկավարները հրաւիրւում են՝ ներկայ գտնուելու The Sins of the Fathers (Հայրերի Մեղքերը) Հայոց Ցեղասպանութեան Թուրքիայի ժխտողութեան մասին գրքի շնորհանդէսին եւ դասախօսութեան, որ տեղի է ունենալու Հինգշաբթի, Յունուարի 31ին, երեկոյեան ժամը 7:30ին, «Ապրիլ» գրախանութում, հասցէ՝ 415 E. Broadway, Gllendale, CA 91205 եւ Ուրբաթ, Փետրուարի 1ին, երեկոյեան ժամը 7:30ին, Հայ Կիլիկիա Աւետարանչական եկեղեցու սրահում, հասցէ՝ 339 S. Santa Anita Ave., Pasadena 91107:
Սիոբան Նաշ Մարշալ՝ «Հայրերի Մեղքերը» գրքի հեղինակը, Մերի Թ. Քլարք կաճառի Քրիստոնէական փիլիսոփայութեան ամբիոնի գլխաւոր աթոռի պաշտօնավարն է: Նա հեղինակն է բազմաթիւ գրքերի եւ յօդուածների մետաֆիզիկայի (բնազանցութեան) եւ չարութեան խնդիրների եւ նա նաեւ գրել է գրքեր եւ յօդուածներ ընդհանուր հասարակութեան համար, որոնցից են՝ «Ժոան դ՛Արքը – Հոգեւոր Կենսագրութիւններ» եւ «Ինչո՞վ Է Սեպւում Ազատ Լինել – Կրօնը եւ Ժողովրդավարութեան Արմատները»:
Վերջին տարիներում, Սիոբան Նաշ Մարշալը շատ ուշադրութիւն է նուիրել Ցեղասպանութեան եւ Ցեղասպանութեան ժխտողականութեան խնդրին: «Հայրերի Մեղքերը» նրա առաջին հեղինակած գիրքն է այս նիւթի շուրջ: Սիրիայում պատերազմական վիճակը սկսուելուց յետոյ, նա եւ իր որոշ ընկերակիցներ հիմնում են CINF (Christians In Need Foundation)ը, որի միջոցով նրանք փորձում են օգնել տեղւոյն հնագոյն քրիստոնէական աշխարհի մշակոյթ ունեցող ժողովուրդներին:
Անթոնիա Ասլան, իտալահայ գրող եւ միջազգային աշխարհում լաւագոյն ճանաչուած «Արտոյտների Ագարակ» (Skylark Farm) գրքի հեղինակ եւ Փադովա (Padova) համալսարանի փրոֆեսոր, ունի հետեւեալ գրառումն «Հայրերի Մեղքերը» գրքի վերաբերեալ. «Հայոց Ցեղասպանութեան օրինակելի պարագայի միջոցով, այս բացառիկ գիրքը մատուցում է մի հզօր եւ թափանցող դաւաճանութեան եւ ոչնչացման նկարագրութիւն, որ ժամանակակից փիլիսոփայութեան մերժումը իր իսկ ճակատագրին աշխատցուած է աշխարհի վրայ»:
Պատմութեան պրոֆեսոր Թաներ Աքչամը, Ռոբերթ Արամը, Մարիան Գալուստեան ու Ստեփան եւ Մարիան Մուգարները ունեն հետեւեալ մեկնաբանութիւնները. «Փիլիսոփայ Սիոբան Նաշ Մարշալի՝ «Հայրերի Մեղքերը» շատ գնահատելի եւ անհրաժեշտ գիրք է: Այն դուրս է գալիս դասական թուրքական ժխտողականութեան բացատրութիւնից եւ հանդիսանում է ուսման գլխաւոր առարկայ Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութիւնների ոլորտում»։
«Հայրերի Մեղքերը» կը ներկայացուի անգլերէնով Սիոբան Նաշ Մարշալի կողմից: Հանդիսավարներն են լինելու Ռիթա Մահտեսեանը (հայերէն) եւ Հէլէն Ալիս Հէյգը (անգլերէն): Ձեռնարկի ընթացքին պիտի արտասանէ եւ երգէ Մարիան Փաչանեանը հայերէնով:
Ձեռնարկի կազմակերպիչներն են՝ «Արարատ» հիմնադրամը, «Ապրիլ» գրատունը, Christians In Need Foundation-ը եւ Փասատինայի Կիլիկիա Հայ աւետարանչական եկեղեցին:
Հասարակութիւնը խրախուսւում է մասնակցելու այս շատ նորոյթ դասախօսւթիւն-շնորհանդէսին:
Մուտքը ազատ է եւ լինելու է հիւրասիրութիւն: Յաւելեալ տեղեկութեան համար հեռախօսել (818) 303-5566 թուին: