(Նահատակութեան 25րդ Տարելից)
Այսօր Արցախեան շարժման ու պատերազմի առաջամարտիկ ու հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարակիր, «Մարտական խաչ առաջին աստիճան»ի եւ «Ոսկէ արծիւ» շքանշանակիր պետրոս Ղեւոնդեանի նահատակութեան օրն է:
Պետրոս Ղեւոնդեանը ծնուել է 1964թ. Յունուարի 30ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշեան գիւղում: Ղարաբաղեան շարժման ալիքի վրայ Հայաստանում օր օրի ահագնացող յուզումների, զանգուածային ցոյցերի ակտիւ մասնակից էր: Բայց երբ օղակը սկսեց սեղմուել «Ազատութեան կղզեակ»ի շուրջ, նա, որպէս կամաւոր, մեկնեց Արցախ:
ԵՊՀ ռադիօֆիզիկայի ուսանող Պետոն, մարտի դաշտում շատ արագ ԼՂ մայոր Պետրոս Ղեւոնդեան դարձաւ, ընտրուեց Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար: Ոչ միայն մշակեց Օմարի լեռնացքի գրաւման դժուարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն:
Շահումեանի շրջանում անցկացուած հէնց առաջին իսկ օրերից Պետոն աչքի ընկաւ մարդկանց հետ աշխատելու իր բացառիկ վարուեցողութեամբ, մարդկանց հասկանալու կարողութեամբ:
1991 թ. Ապրիլի 18ին պռօշեանցիների խումբն ուղղաթիռով Շահումեանից մեկնեց Գետաշէն ու տեղ հասնելուն պէս Պետոն ու իր ընկեր Կարօտը անմիջապէս ներկայացան Թաթուլ Կրպեյեանին` քննարկելու իրենց ջոկատի յետագայ անելիքների մանրամասները: Դա Թաթուլի, Պետոյի եւ Կարօտի առաջին, եւ, ցաւօք վերջին հանդիպումն էր:
Մահը բազմիցս անցել է Պետոյի կողքով, սակայն նա Ղարաբաղի ամենաօրհասական օրերին, անգամ Գետաշէնի, Մարտունաշէնի ողբերգական անցքերից յետոյ, երբեք չապրեց պարտուողի հոգեբանութեամբ, նրա դաւանանքը միայն յաղթանակն էր:
Անգամ Շահումեանի դէպքերի ողբերգական ընթացքն ու իր մարտական ընկեր-հրամանատար Կարօտի անհետանալու վիշտը չխանգարեցին, որպէսզի նա կորցնէր իր վճռականութիւնն ու անսասան ոգին:
սակայն 1994թ. Փետրուարի 14ին Քելբաջարում, երբ նոր էր լրացել նրա 30 տարին, Պետրոս Ղեւոնդեանը զոհուեց:
Պետրոս Ղեւոնդեան Ղարաբաղեան ազգային-ազատագրական պայքարի լաւագոյն ներկայացուցիչներից է, ովքեր զգալով օրհասական պահը` աճապարեցին Արցախ, զէնքը ձեռքներին կանգնեցին ազերական հրոսակների հեղեղի առաջ, սեփական արեամբ ամրագրեցին մեր լինելութեան գաղափարը:
Պետոյի գործի միակ չափանիշը անմահութիւնն է, քանզի մահն անգամ նրան չբաժանեց իր ժողովրդից. Արցախի հերոս, ազատամարտիկ, հրամանատար Պետրոս Ղեւոնդեանը 1996 թուականին ԼՂՀի կողմից յետմահու պարգեւատրուել է «Մարտական խաչ» շքանշանով: Նոյն թուականին Հայաստանի Հանրապետութեան կողմից յետմահու պարգեւատրուել է «Արիութեան» մեդալով, աւելի ուշ ստացել է «Ոսկէ արծիւ» շքանշան, արժանացել «Արցախի հերոս» կոչմանը: Նրա անունով է կոչւում Պռոշեանի, Եղէգնուտի եւ Քաշաթաղի շրջանի Տիգրանաւան գիւղի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007թ.ին նրա հարազատ ֆակուլտետում բացուել է «Պետրոս Ղեւոնդեան» անունը կրող լսարան: