2019 թուականի Մարտի 3ին, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու տօնացոյցով նշուեց Բուն Բարեկենդանը: Մեծ Պահքին նախորդող օրը Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում նշանաւորուեց Սբ. եւ անմահ պատարագով:
Թբիլիսիի Սուրբ Գէորգ առաջնորդանիստ եկեղեցում Սբ. պատարագը մատուցուեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպս. Միրզախանեանի հանդիսապետութեամբ:
Յաւարտ սրբազան արարողութեան, թեմակալ առաջնորդը ներկաներին շնորհաւորեց Բուն Բարեկենդանի տօնի առիթով, մաղթեց հոգով եւ մարմնով ամրապնդուած անցնել Մեծ Պահքի ճանապարհը: Վազգէն սրբազանը օրհնութեան եւ գնահատանքի խօսքեր ուղղեց Մանուկ քհնյ. Զէյնալեանին, ով ծառայութեան է փոխադրւում ՀՀ զինուած ուժեր եւ մաղթեց նրան նուիրական հոգեւոր ծառայութիւն հայոց բանակում:
Ի յիշատակ Վրաստանում իրականացրած ծառայութեան տարիների, թեմակալ առաջնորդը Մանուկ քահանային նուիրեց թբիլիսեան պատկերով գեղանկար:
Բուն Բարեկենդանին էր նուիրուած նաեւ աւանդական հարիսայի փառատօնը, որը Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցութեամբ կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միութիւնը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում:
Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ այս փառատօնը անց է կացւում 2012 թուականից անընդմէջ, տարէցտարի ընդարձակուելով այն վերածուել է ժողովրդական տօնահանդէսի:
Կենտրոնի «Գալուստ Կիւլպէնկեան» սրահի երկայնքով շարուած իւղալի եւ համեղ հարիսայով երեսուն կաթսաներն ու կաւէ կճուճները գեղեցկացնում էին հայ տիկնայք:
Իրենց պատրաստած հարիսայով էին ներկայացել Վրաստանում ՀՀ դեսպանութիւնը, «Մայիսբար» ռեստորանը, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Մովսէս Խորենացի» նախակրթարանը, մէկօրեայ դպրոցների սաները, «Սբ. Ներսէս Շնորհալի» երգչախումբը, «Տարօն» պարային համոյթը, դհոլի եւ դուդուկի խմբերը, Թեմի երիտասարդական բաժինը, «Շուշանիկ» միութեան անդամները, բազում կամաւորներ:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպս. Միրզախանեանը շնորհաւորեց հայ տիկնանց՝ Վրաստանում նշուող Մայրութեան օրուայ կապակցութեամբ, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ռուբէն Սադոյեանին՝ դիւանագէտի օրուայ առիթով, օրհնեց հարիսայով կաթսաները եւ ներկաներին հրաւիրեց համտեսելու համեղ ճաշատեսակը: Դահլիճում տարածուեց ուրախ երգն ու երաժշտութիւնը: Օրհնուած հարիսայ փոխանցուեց նաեւ հիւանդներին եւ տարեցներին: Բուն բարեկենդանի տօնակատարութեանը ներկայ էին «Իսան»ի շրջանային վարչութեան նախագահ Կախայ Լաբուչիձէն, տեղակալ Գիորգի Ռչէուլիշվիլին, շրջանային վարչութեան աշխատակիցներ, քաղաքի Սակրեբուլոյի ազգային փոքրամասնութիւնների բաժնի ղեկավար Ռիտա Խիդիրբէգաշվիլին, լիւթերական եկեղեցու ներկայացուցիչներ, Վրաստանի հայերի միութեան նախագահ Հենրիխ Մուրադեանը, Պ. Ադամեանի անուան հայպետդրամայի թատրոնի գեղարուեստական ղեկավար Արմէն Բայանդուրեանը, բազմաթիւ հիւրեր եւ հաւատացեալներ:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միութիւնը շնորհակալութիւն է յայտնում Վիրահայոց թեմի առաջնորդին, «Արմէնիա» խանութին, անհատ բարերարներին եւ բոլոր մասնակիցներին միջոցառման իրականացմանը ցուցաբերած աջակցութեան համար:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑՈՒ
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ