«Երջանիկ Եմ, Որ Արցախը Տեսնում Եմ Լիովին Վերափոխուած»
ԱՀ նախագահ Բակօ Սահակեանն Ապրիլի 16ին ընդունել է Հայաստան Համահայկական եւ «Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներին, որոնց շարքում էր ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարեանը:
Հանդիպման ընթացքում նախագահ Սահակեանն Արցախին ցուցաբերած մշտական աջակցութեան եւ հանրապետութեանը մատուցած ծառայութիւնների համար Քերոլայն Նաջարեանին է յանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:
Հանդիպումից յետոյ Բակօ Սահակեանի գլխաւորութեամբ մասնակիցները եղել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ Ազատամարտիկների պուրակում:
«Արցախփրէս»ի թղթակցի հետ զրոյցում Քերոլայն Նաջարեանն ասել է, որ, այցելելով Արցախ, ինքը չգիտէր, թէ ի՛նչ կը տեսնի, քանի որ երկար ժամանակ է, ինչ չի եղել Արցախում:
«Սկսած 1992 թուականից՝ 20 տարի շարունակ՝ տարին 3-4 անգամ, գալիս էինք Արցախ: Բախտաւոր ու երջանիկ եմ, որ Արցախը տեսնում եմ լիովին վերափոխուած: Տեսնում եմ ուրախ ու երջանիկ մարդկանց, ովքեր շատ հանգիստ քայլում են փողոցներով: Մեր այս այցի ընթացքում եղել ենք Ստեփանակակերտի «Արփեն» մօր եւ մանկան պահպանման կենտրոնում, ինչպէս նաեւ «Հանգանակ» հասարակական կազմակերպութիւնում: Հանդիպել եմ իմ հին ընկերներին, որոնց արդէն 14 տարի է, չեմ տեսել: Կ՛ուզենայի նշել, որ ես ընդգրկուած եմ «Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մէջ եւ իմ աշխատանքներն այսուհետ կը շարունակեմ իրականացնել նաեւ նրանց հետ», աւելացրել է Ք. Նաջարեանը:
Անդրադառնալով իրականացուող ծրագրերին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է նաեւ, որ իրենք յատկապէս աշխատանքներ են տանում Քաշաթաղի հիւսիսային եւ հարաւային ուղղութիւններում: Ցանկանում են բարելաւել Արցախի առողջապահական ոլորտը՝ յատկապէս յղի կանանց, երեխաների եւ հեռաւոր համայնքների բնակիչների համար: Շարունակելու են նաեւ աշխատանքներ իրականացնել «Արփեն» մօր եւ մանկան պահպանման կենտրոնում, որն ինքը հիմնել է 1995 թուականին: Կենտրոնը անուանել է իր մօր՝ Արփենի անունով:
Ք. Նաջարեանը մեծ ցանկութիւն ունի այցելել Ծիծեռնավանք, որն իր ընտանիքի համատեղ ուժերով է բարեկարգել ու վերանորոգել:
Իր կնոջ հետ Արցախ այցելած Ջորջ Նաջարեանն էլ մեզ հետ զրոյցում ասել է, որ դժուարին տարիներ էին, երբ Քերոլայնը եւ շատ այլ սփիւռքահայեր ժամանել են Արցախ եւ իրենց օգնութիւնը ցուցաբերել արցախցիներին:
Խօսելով Արցախից ստացած իր տպաւորութիւնների մասին՝ Ջ. Նաջարեանը մասնաւորապէս ասել է. «Արցախը Հայաստանի սիրտն է: Արցախցիները կռուել են ռազմաճակատում, իսկ մենք՝ սփիւռքահայերս, մէկ այլ ճակատում՝ փորձելով ֆինանսական եւ նիւթական միջոցներով օգնել Արցախի ժողովրդին: Այն նուաճողական պատերազմ չէր, մենք ընդամէնը ուզում էինք հետ բերել այն, ինչ պատկանում էր մեզ: Եթէ մենք չպատերազմէինք մեր ինքնութեան եւ այն ամէնի համար, ինչ ունենք այսօր, ապա մենք չէինք կարողանայ գոյատեւել եւ չէինք ունենայ մեր յետագայ սերունդները: Շատ կարեւոր է պահպանել հայի ինքնութիւնը եւ հայի կերպարը, որովհետեւ ամբողջ աշխարհում բոլորը գիտեն, որ հայերը խելացի են եւ ունակ անելու բարի գործեր համայն մարդկութեան համար»:
«ԱՐՑԱԽՓՐԷՍ»