«Հայերի Վիճակը Օսմանեան Կայսրութիւնում Ու Թուրքիայում Միշտ Անյուսալի Է Եղել՝ Չզիջելով Ներկայիս Մակարդակին»
Վարեց՝ ԿՈՐԻՒՆ ԳՈՅՈՒՆԵԱՆ
Անգլերէնից թարգմանեց՝
ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Աւետիս Հաջեանն ապրում է Նիւ Եորքում: Նա տպագրուել է «Լոս Անջելես Թայմզ», «Սի.Էն.Էն», «Բլումբերգ Նիւզ» եւ այլ թերթերում ու կայքէջերում:
Դա կարելի է անուանել «կեանք ապոկալիպսիսից յետոյ»: 1915թ. Ցեղասպանութիւնը, թւում էր, մահացու հարուած էր հայերի գոյութեանը Անատոլիայի (Արեւմտեան Հայաստանի-«Ակունք»ի Խմբ.) տարածքներում: Այնուամենայնիւ, ոչ բոլորը կիսեցին մահուան կամ աքսորի ճակատագիրը: Որոշներին յաջողուել է փրկուել, որոշներն էլ փրկուել են իրենց ինքնութիւնը թաքցնելու, հիմնականում՝ իսլամ ընդունելու ու թուրքական հասարակութեան մէջ ասիմիլացուելու (համարկուելու-Խմբ.) միջոցով: «Գաղտնի Ազգ. Ծպտեալ Հայերը Թուրքիայում» գրքի հեղինակ՝ ամերիկահայ լրագրող եւ գրող Աւետիս Հաջեանը շրջել է մի ժամանակ պատմական Հայաստանի տարածքում ներառուած քաղաքներով ու շրջաններով, որոնք բազմաթիւ հայեր համարում էին իրենց հայրենի տունը: Նրա գրքում կան բազմաթիւ ապշեցուցիչ պատմութիւններ, որոնք ներկայացնում են նրանց ամէնօրեայ պայքարը, փորձութիւնները: Այդ պատմութիւններն ընթերցողի մօտ հայկական ինքնութեան եւ հայերի ու Թուրքիայում առկայ բազմաթիւ էթնիկ ու կրօնական խմբերի հետ յարաբերութիւնների շուրջ խորհելու հարցեր են առաջացնում: Այս էլ-փոստային հարցազրոյցի միջոցով ես փորձել եմ նման հարցեր պարզել գրքի հեղինակի՝ Աւետիս Հաջեանի հետ:
ԿՈՐԻՒՆ ԳՈՅՈՒՆԵԱՆ.- Դուք գրել էք, թէ ինչպէս են երիտթուրքերը, ովքեր իբր ցանկանում էին բարեփոխումներ իրականացնել հայերի համար, աստիճանաբար վերափոխւում Ցեղասպանութեան կազմակերպիչների: Ինձ դա յիշեցրեց նմանատիպ մի մեկնաբանութիւն, որն արուել է Թուրքիայի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի կողմից, ով մի ժամանակ նշել էր, թէ Էրդողանի անվիճելի աւտորիտարիզմը (մենատիրականութիւնը-Խմբ.) Թուրքիայի հայ համայնքի համար կանխանշում է էլ աւելի վտանգաւոր շրջան, քան՝ մինչ 1915թ. էր: Դուք մտահոգութիւն ունէ՞ք այնտեղ մնացած ու իրենց պատմական հայրենիքում ապրող ծպտեալ կամ բացայայտ հայերի ճակատագրի համար:
ԱՒԵՏԻՍ ՀԱՋԵԱՆ.- Չափազանցութիւն չի լինի նշել, որ հայերի վիճակը Օսմանեան կայսրութիւնում ու Թուրքիայում միշտ անյուսալի է եղել՝ չզիջելով ներկայիս մակարդակին: Չկարողանալով հանդուրժել այնպիսի քաղաքական գործիչների, ինչպիսին Կարօ Փայլանն է, նրանք սպաննեցին լրագրող Հրանտ Դինքին ու հայ համայնքի բազմաթիւ այլ առաջնորդների եւ մտաւորականների, եւ Թուրքիան այլեւս չունի որեւէ պատճառ տարածքային ամբողջականութեան հարցում հայերին որպէս վտանգ դիտարկելու համար: Ցեղասպանութեան հետեւանքով հայերը դարձան ամենասակաւաթիւ փոքրամասնութիւնը իրենց իսկ հողում, այսինքն՝ Արեւմտեան Հայաստանում ու Կիլիկիայում: Բռնութեան թիրախ դարձնել արեւմտահայերին ու Կիլիկիայում բնակուող հայերին իմաստ չունի, դա առկայ է միայն պարանոյիկ (հալածախտէ տառապող-Խմբ.) թուրք ղեկավարների մտքերում (եւ նրանք կան): Դա նաեւ կը լինի շատ դժուար իրականացնելի: Պատմական տարածքներում հայերի դէմ արուած ցանկացած քայլ աւելի շատ կարող է լինել ոստիկանական ուղղորդուած գործողութիւն, քան էթնիկ զտում կամ զանգուածային սպանութիւններ, քանի որ նրանցից շատ քիչ հայեր են մնացել, իսկ նրանք էլ սփռուած են ողջ տարածքով մէկ: Մենք երբեմն խօսում ենք անհատների մասին, ովքեր ունեն խառը արմատներ, մարդիկ, ովքեր գիտեն իրենց հայկական ծագման մասին, սակայն գրեթէ չունեն պատմական յիշողութիւն կամ հայերի կողմից առաջ քաշուած քաղաքական պահանջներ, իսլամացած են:
Միաժամանակ ճիշդ է այն, որ իսլամիստ-ազգայնական, աւտորիտար էրդողանական ռեժիմը լաւ բան չի գուշակում հայերի, յատկապէս Ստամբուլում գտնուող ակտիւ հայկական համայնքի համար: Հայկական համայնքն ու նրա ինստիտուտները (եկեղեցիներ, դպրոցներ եւ այլն), ինչպէս նաեւ յունական ու հրէական ինստիտուտները, գործում են սկսած 1924թ. Լօզանի պայմանագրից բխող դրոյթներով, որի ժամկէտը կը լրանայ 2023թ. (այն կնքուել է 1923թ., սակայն ուժի մէջ է մտել մէկ տարի անց): Միայն նրանով, որ Թուրքիան վիժեցնի պայմանագրի դրոյթներն ու չթարմացնի դրանք, կը կարողանայ մեծ հարուած հասցնել հայերին ու միւս փոքրամասնութիւններին: Այժմ այն քաղաքականապէս չի ընկալուի ու կ՛առաջացնի միջազգային հանրութեան անհամաչափ արձագանգը, բայց վերջիվերջոյ ցասումը կ՛անցնի, ու աշխարհում բազմաթիւ կառավարութիւններ կը խուսափեն ճնշման միջոցների կիրառումից, եւ կարիք չկայ օրինակներ բերել այս պնդումն ապացուցելու համար, պարզապէս դրանք այնքան շատ են: Ամենամեծ վտանգը, որի առաջ կանգնած են հայերն այժմ Թուրքիայում, խառն ամուսնութիւններն են, որոնք սովորական են դարձել, լեզուն գնալով չի գործածւում, առկայ են բազմաթիւ այլ մարտահրաւէրներ, որ Սփիւռքում էլ կան:
ԿՈՐԻՒՆ ԳՈՅՈՒՆԵԱՆ.- Ձեր ճանապարհորդութեան սկզբում դուք այցելել էք Սասուն՝ առասպելական Սասունցի Դաւթի հայրենիք: Էպոսի հերոսը համարւում է հայկական ինքնութեան արտայայտիչը: Ձեր կարծիքով, ի՞նչ համընկնումներ կան Սասունցի Դաւթի ու ժամանակակից սասունցի հայերի միջեւ, որոնցից շատերն ուղղակի նոյն կապուածութիւնը չունեն իրենց հայկական ինքնութեան հետ, ինչպէս մնացածը: Միթէ՞ առասպելն այլեւս կիրառելի չէ:
ԱՒԵՏԻՍ ՀԱՋԵԱՆ.- Արդեօք կիրառելիութի՞ւնն է, որ առասպելին կեանք է հաղորդում: Սասունցի Դաւիթը հայկական բանաւոր պատմութիւնների անկիւնաքարն է, պատմութիւններ, որոնց մեծ մասն անհետացել են: Ցաւօք սրտի, այժմ շատ սասունցի հայեր խիստ աղօտ պատկերացում ունեն այդ մասին: Ես հարցազրոյց եմ արել վերջին յայտնի սասունցի հայի հետ, ով դեռ 2013թ. ձմրանը կարողանում էր անգիր մէջբերել հատուածներ էպոսից: Նա մահացաւ դրանից որոշ ժամանակ անց: Դեռեւս այնքան էլ անհնար չէ գտնել չափահաս սասունցու, ով գիտի էպոսից մէկ կամ երկու հատուած կամ առնուազն այն, որ Դաւիթը՝ իր ձիուն հեծնած, թռել է դէպի արեւը: Բայց սասունցիները շատ քաջ են ու հպարտ՝ իրենց հայկական ինքնութեամբ: Կան մարդիկ, ովքեր գիտեն Սասունցի Դաւթի մասին եւ իսկապէս հաւատում են, որ նա եղել է պատմական դէմք՝ ի հակադրութիւն առասպելական հերոսի: Դրան աւելանում է նաեւ նրանց ազնուութիւնն ու քաջութիւնը: Սասունի լեռներում դեռ հայեր կան, ովքեր յիշում են, որ Օսմանեան կայսրութիւնում սիստեմատիկ կերպով հայերի առաջին սպանութիւնները սկսուել են 19րդ դարում Սասունում, ինչը նրանց անհնազանդ բնոյթի վկայութիւնն է: Պատահական չէ նաեւ այն, որ Սասունցի Դաւիթ էպոսը ձեւաւորուել է Սասունում: Որպէս դիտորդ՝ կարող եմ ասել, որ Արեւմտեան Հայաստանի շրջաններից Զէյթունն էլ է յայտնի իր անպարտելի ոգով, եւ պատահական չէ այն պնդումը, որ Զէյթունն առաջինն է բնակեցուել սասունցի հայերի կողմից, աւելի քան մէկ հազարամեակ առաջ: Այսպիսով, ես կ՛ուզեմ հայերէնով աւելացնել «Կեցցէ՛ Զէյթունը, խրոխտ Սասունը»:
ԿՈՐԻՒՆ ԳՈՅՈՒՆԵԱՆ.- Հայոց Ցեղասպանութիւնը ծրագրուեց նրա համար, որ ստեղծուէր «մաքուր» թուրքական ազգային-պետութիւն, Ցեղասպանութիւնը լայն առումով արուեց կրօնական պատկանելութեան հիման վրայ: Դուք ունէ՞ք այնպիսի զգացողութիւն, որ Էրդողանի՝ ընդլայնուած իրաւունքներով նախագահութեան շրջանը նախանշաններ ունի վերադառնալու այդպիսի մինչ-ազգային ժամանակներ, երբ Թուրքիայում իսլամը գերազանցում էր թուրքականութեանը: Այս պարագայում, ո՞րն է իսլամացած հայերի տեղը:
ԱՒԵՏԻՍ ՀԱՋԵԱՆ.- Այո՛, Էրդողանի ռեժիմը ունի եւ յայտարարել է իր իսլամական բնոյթի մասին եւ այո՛, այն ունի նաեւ պանիսլամական ձգտումներ: Այդ նէօ-օսմանեան (նոր-օսմանեան-Խմբ.) նպատակները, որոնց անիրականանալի լինելն ակնյայտ կը դառնայ ժամանակի ընթացքում, բացայայտում են Թուրքիայի իմպերիալիստական (կայսերապաշտական-Խմբ.) նկրտումները: Իսլամացած հայերն այս իրավիճակին լիովին համապատասխան են, բայց միայն այն դէպքում, եթէ իրապէս կրօնափոխ են եւ նրանց, ում համար, համաձայն իմ հաւաքած վկայութիւնների, իսլամական ինքնութիւնը գերադասւում է հայկական ինքնութեանը: Չի կարելի բացառել նաեւ այն, որ այդ մասին կան բազմաթիւ դիրքորոշումներ ու գաղափարներ, բայց հիմնականում թւում է՝ դա այդպէս է: Կան նաեւ հայեր, որոնց դաւանափոխութիւնը զուտ քօղարկուելու միջոց է: Նրանք կարող են վերջնականապէս ձուլուել թուրքերին մէջ կամ էլ վերադառնալ հայկական համայնք: Էրդողանին յաջողուեց ընտրութիւններում տանել ձայների 50 տոկոսը, քանի որ նա միախառնեց վերջին տասնամեակում առկայ իսլամական դիսկուրսն ու թուրքական ազգայնականութիւնը, որը միշտ ծայրայեղական է ու ռասիստ (ցեղապաշտ-Խմբ.): Այո՛, իսլամացած հայերը, այս պարագայում իրենց տեղն ունեն:
ԿՈՐԻՒՆ ԳՈՅՈՒՆԵԱՆ.- Ձեր ճանապարհորդութեան ընթացքում հանդիպած բազմաթիւ «ծպտեալ» հայերի համար Ցեղասպանութիւնը չի աւարտուել 1915թ., ընդհակառակը, ի տարբերութիւն սփիւռքահայերի, այն շարունակուել է մինչեւ 1950-60ականները, ինչպէս նաեւ՝ դրանից յետոյ: Այդ իսլամացած հայերի համար 1915թ.ն իր նշանակութիւնը կորցրե՞լ է արդեօք այս տասնամեակներ շարունակուող ճնշումների ու անապահովութեան պատճառով:
ԱՒԵՏԻՍ ՀԱՋԵԱՆ.- Ես չեմ հաւատում, որ 1915թ. կորցրել է իր նշանակութիւնը որեւէ մէկի համար, ով իրեն հայ է համարում: Այն Մեծ Եղեռն էր: Մենք կարող ենք քննարկել, թէ ինչպէս կարող ենք առաջ շարժուել, բայց դա մէկ ուրիշ խնդիր է: Բոլորի համար, յատկապէս նրանց համար, ովքեր 60ականթթ. շարունակում էին ենթարկուել յարձակումների, Ցեղասպանութիւնը շարունակւում է: Ամէն ինչ այդտեղից է սկսուել, մէկ դար անց էլ նրանք աւելի ուղղակի են զգում դրա հետեւանքները:
ԿՈՐԻՒՆ ԳՈՅՈՒՆԵԱՆ.- Թուրքիայում բնակուող էթնիկ հայերը, ներառեալ նրանք, ովքեր հրաժարուել են իրենց պապերի ինքնութիւնից ու լեզուից, դեռեւս համարւում են «պոտենցիալ» (հաւանական-Խմբ.) հայեր: Ընդհանուր առմամբ, նրանց խոչընդոտում են բարձրանալ իշխանական աստիճաններով, կառավարութիւնը շարունակում է ուշադրութիւն դարձնել նրանց իրական ծագմանը, կապ չունի՝ նրանք փոխել են իրենց ինքնութիւնը, թէ ոչ: Դուք դա խոչընդոտ համարո՞ւմ էք, եւ կարո՞ղ է, արդեօք, թուրքական այս քաղաքականութիւնը, ոչ միտումնաւոր, վերջիվերջոյ յանգեցնի նրան, որ հայերը վերահաստատեն իրենց հայկական ինքնութիւնը:
ԱՒԵՏԻՍ ՀԱՋԵԱՆ.- Այո՛, այո՛: Դա խոչընդոտ է, հայերի նկատմամբ կայ խտրական վերաբերմունք: Թուրքական պետութեան ինստիտուցիոնալ (կառուցային-Խմբ.) խտրական քաղաքականութիւնը եւ հարեւանների ամէնօրեայ ռասիզմն ու ընդհանուր աւանդոյթները որոշիչ են եղել հայերի ասիմիլացիան կանխելու կամ յետաձգելու հարցում, յատկապէս՝ իսլամացած հայերի դէպքում:
ԿՈՐԻՒՆ ԳՈՅՈՒՆԵԱՆ.- Դուք պատմել էք այն մասին, որ Թուրքիայում ձեր հանդիպած հայերի մեծ մասը, ի տարբերութիւն Սփիւռքում բնակուողների, 2007թ. Հրանտ Դինքի սպանութեան հարցին ցինիկ (լկտի-Խմբ.) մօտեցում են ցուցաբերում, համարում նախազգուշացում՝ չհետեւել նրա օրինակին: Միեւնոյն ժամանակ նրանցից շատերը, թէեւ յաճախ զգուշօրէն, ցանկանում են վերականգնել իրենց հայկական ինքնութիւնը: Դուք կարծո՞ւմ էք, որ գուցէ, նրանց բացայայտ ցինիզմը աւելի խորը ազդի, քան՝ զուտ հիացմունքը Հրանտ Դինքի լեգենդի նկատմամբ:
ԱՒԵՏԻՍ ՀԱՋԵԱՆ.- Ես կարծում եմ, որ շատ ծայրայեղ յայտարարութիւն կը լինի ասել, թէ Թուրքիայում ինձ հանդիպած շատ հայեր Հրանտ Դինքի սպանութեանը վերաբերւում են ցինիկաբար: Ընդհակառակը, հայերի եւ հայերի իրաւունքների համար պայքարողների շրջանում նրա նկատմամբ համընդհանուր հիացմունք կայ: Այո՛, որոշ մարդիկ, յատկապէս 50-60 տարեկան, ովքեր տեղեակ են, թէ ինչպէս են Թուրքիայում գործում ինքնութեան նկատմամբ քաղաքականութիւնն ու մարդու իրաւունքները, զգուշացնում են ինձ միամիտ չլինել թուրքական պետութեան ու հասարակութեան հարցում. Սփիւռքում բնակուող շատ հայերի համար շոկ (ցնցում-Խմբ.) էր տեսնել զանգուածային ցոյցեր, որոնք Ստամբուլում Հրանտ Դինքի սպանութիւնից յետոյ արտայայտում էին համեշախութիւն հայերի հետ: Մենք նկատեցինք, որ այդ մարդկանց մեծ մասը հաւանաբար թուրքեր ու քրդեր էին եւ ոչ՝ հայեր: Թւում էր, թէ դա նոր ժամանակաշրջանի աւետիսն էր, առնուազն գոնէ հասարակութեան մակարդակով. այն ցոյց տուեց, որ հայերի ու թուրքերի միջեւ երկխօսութիւնը հնարաւոր է, որ նրանք գիտեն պատմութիւնն ու որ ցնցուած են դրանից: Բայց այն հայերից ոմանք, ում հետ Թուրքիայում քննարկել ենք Հրանտ Դինքի լեգենդը (առասպելը-Խմբ.), պատմում էին, որ այդ աջակցութիւնն ու համակրանքը հարցի միայն մի կողմն է, եւ զգուշացնում էին, որ այնտեղ կային բազմաթիւ թուրքեր, ովքեր ատում էին հայերին, եւ որ շատ հայեր անհրաժեշտ կերպով չէին հասունացել: Դեռ աւելին, նրանք բոլորը կողմ են այն բանին, ինչ Հրանտ Դինքն արեց, եւ այն չդիտարկեցին որպէս զգուշացում՝ չգնալ ճշմարտութեան ու արդարադատութեան այդ ճանապարհով: Ընդհակառակը, նրանք նրան նայում են որպէս հերոս ու նահատակ, ով արեց Թուրքիայում այն, ինչ պէտք էր ու պէտք է անել:
ԿՈՐԻՒՆ ԳՈՅՈՒՆԵԱՆ.- Թուրքիայի որոշ քաղաքական գործիչներ, ովքեր բարեփոխումների կողմնակից են, պնդում են, որ երկիրը, որին տրուած է նման չափեր, աչքի ընկնող էթնիկ ու կրօնական բազմազանութիւն, աւելի լաւ կը գործի ապակենտրոն, բազմամշակութային քաղաքական համակարգի կիրառմամբ կառավարման դէպքում: Դա կարո՞ղ է համարուել կենսունակ լուծում Թուրքիայի մշտական սոցիալական (ընկերային-Խմբ.) տարաձայնութիւնների համար:
ԱՒԵՏԻՍ ՀԱՋԵԱՆ.- Սա մի մոդել է, որի կողմնակիցն է եղել Աբդուլլահ Օջալանը՝ PKK-ի առաջնորդը, ապակենտրոն դեմոկրատիա (ժողովրդավարութիւն-Խմբ.) կամ ֆեդերալիզմ (դաշնակցային համակարգ-Խմբ.): Այո՛, թղթի վրայ այն կը գործի, բայց այս պահին այդ մօտեցումն իրականում ուտոպիստական (երազատեսական-Խմբ.) է: Թուրքական պետութիւնը դա երբեք թոյլ չի տայ. Թուրքիան ու նրա նախորդ թուրքական պետութիւնը՝ Օսմանեան կայսրութիւնը, միշտ եղել են ուժեղ կենտրոնացուած, բազմաէթնիկ (բազմացեղ-Խմբ.) պետութիւններ: Ժամանակակից Թուրքիան դեռեւս կայսրութիւն է՝ մի տարածք, որը ղեկավարւում է մի խմբի կողմից, որը գրեթէ բացառապէս մի ժողովրդից է, որը իւրացրել է բնիկ ազգերի հողերը՝ հիմնականում յոյների, հայերի ու ասորիների, ովքեր մեծ մասամբ բնաջնջուել կամ տեղափոխուել են, իսկ նրանք, ովքեր մնացել են, զրկուած են իշխանական լծակներից: Դեռ աւելին, Թուրքիան մի պետութիւն է, որն ունի պետութիւն իր մէջ, քան հակառակը, մի ժողովուրդ, որը զարգացրել է այնպիսի ինստիտուտներ (հիմնարկութիւններ-Խմբ.), որոնք վերջապէս միաւորուել են պետութեան հետ: Թուրքիան եւ Օսմանեան կայսրութիւնը ստեղծուել են որպէս պետութիւններ, եւ ցանկացած այլ պետութեան նման եւ, ընդհանրապէս, ցանկացած ապրող օրգանիզմի նման հակուած են դէպի ինքնապահպանութիւն: Այն դարերով արւում էր զանգուածային արիւնահեղութիւնների գնով: Ոչ միայն դա: Թուրքիան դա կարող էր իրեն թոյլ տալ անգամ առանց որեւէ լուրջ սպառնալիքի գոյութեան. կարելի է ենթադրել նաեւ, որ Թուրքիային անհրաժեշտ է մշտական բռնապետութիւն, իրական կամ պոտենցիալ, որպէսզի կարողանայ մնալ կենտրոնացուած ու ուժեղ ռազմականացուած պետութիւն: Թուրքիայի գոյութեան պատճառը պետութեան իշխանութիւնը հաստատելն է. պետութեան կողմից, պետութեան համար, եւ ոչ թէ ժողովրդի: Թուրքիայի պետութիւնն ազգերի, յատկապէս ոչ-թուրք, ոչ-մուսուլման փոքրամասնութիւնների դէմ է:
Ինչ վերաբերում է քրդական դեմոկրատական ապակենտրոնացման տեսլականին, ապա դա լաւ է հնչում, բայց ես կարծում եմ, որ այն դժուար իրականանայ: Տարիներ շարունակ այդ ժողովուրդը պայքարել է իր անկախ պետականութեան հաստատման համար, նրա առաջնային նպատակը սեփական քրդական դրօշ բարձրացնելն ու անկախ պետութիւն հռչակելն է: Եւ եթէ անգամ քրդական ղեկավար դասերը եւ հասարակութիւնը իսկապէս ցանկանան ապակենտրոն դաշնութիւն, որին ես չեմ հաւատում, նրանց կը ստիպեն դառնալ սովորական երկիր՝ նման հարեւանութեամբ ու ուժեղ ռազմականացուած պետութեան պայմաններում: Պատկերացրէք, ժամանակակից Թուրքիայի այն տարածքները, որոնք պահանջում են քրդերը քրդական պետութիւն ստեղծելու համար, զտուել են հայերից քրդական աւազակախմբերի եւ անհատների կողմից, ովքեր թուրքական պետութեան յանցակիցն են եղել համիդեան ջարդերի ու Հայոց Ցեղասպանութեան ժամանակ: Նրանք դա արեցին նաեւ նրա համար, որ տիրանան այդ հողերին. այն պնդումները, թէ իրենք «անտեղեակ են եղել» եւ օգտագործուել թուրքերի կողմից, արդարացումներ չեն: Թուրքերը նրանց օգտագործել են միայն այնքանով, որ չեն տուել ինքնավարութիւն: Այլ կերպ ասած, թուրքերը գործառքի վերջում չեն պահել իրենց խոստումը: Բայց քրդերը, ովքեր մասնակցել են կոտորածներին, շատ լաւ գիտէին, թէ ինչ են անում եւ ինչի համար: Այն հայերը, ովքեր հաւատում են քրդական քաղաքական շարժումների կողմից վերջին երկու կամ երեք տասնամեակի ընթացքում նկատուող պրօ-հայկական դիրքորոշումներին, պէտք է հաշուի առնեն այն համաձայնութիւնը, որը եղել է թուրքերի ու քրդերի միջեւ չորս դար շարունակ՝ մինչեւ ժամանակակից Թուրքիայի հիմնադրումը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, որը զրկեց մուսուլմաններին իրենց յատուկ իրաւունքներից: Սա էր եւ ոչ թէ քրդական ազգայնականութիւնը, որ ազդարարեց քրդական առաջին ապստամբութեան սկիզբը, որը վերաճեց ներկայիս ապստամբական շարժման: Քուրդ աղայ Շէյխ Սաիդը, ով 1925թ. Աթաթուրքի դէմ քրդական առաջին ապստամբութեան առաջնորդն էր, եղել է Հայոց Ցեղասպանութեան ակտիւ իրագործողներից մէկը: Նա ապստամբեց թուրքական պետութեան դէմ խալիֆայութեան վերացման եւ այդ ժամանակ մուսուլմանների ունեցած արտօնութիւնների վերացման պատճառով, արտօնութիւններ, որոնցմով քրդական աւազակախմբերը օգուտներ էին ստանում հայերի հաշուին:
ԿՈՐԻՒՆ ԳՈՅՈՒՆԵԱՆ.- Յաճախակի տրուող պատասխանը, որ դուք ստանում էք ձեր ճանապարհորդութեան ընթացքում իսլամացած հայերից, ովքեր հայ չեն համարում իրենց, այն է, որ նրանք մուսուլման են, հետեւաբար նրանք չեն կարող հայ լինել: Միւսները չեն նոյնականացնում այդ երկուսը: Ինչո՞ւ է կրօնը նոյնականացւում էթնիկ կամ ազգային պատկանելութեան հետ:
ԱՒԵՏԻՍ ՀԱՋԵԱՆ.- Սա դեռեւս գալիս է Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում գործող միլլեթների համակարգից, երբ կրօնը նոյնականացւում էր ազգութեան հետ՝ «հայ»ը նոյնականացւում էր «քրիստոնիա»ի հետ (քան էթնիկ կամ ազգային ինքնութիւն էր): Դեռ աւելին, դա ինչ որ տեղ երբեմն մի տեսակ պաշտպանական ճանապարհ էր՝ խուսափելու համար անցանկալի հետեւանքներից, այն ժամանակ, երբ հայերի համար իրենց ծագումը կարող էր ռիսկային (վտանգաւոր-Խմբ.) լինել:
ԿՈՐԻՒՆ ԳՈՅՈՒՆԵԱՆ.- Որոշ ոչ-հայեր իրենց զարմանքն են արտայայտում առ այն, թէ քիչ հայեր վերադառնում էին իրենց տները՝ Արեւելեան Անատոլիա (Արեւմտեան Հայաստան-«Ակունք»ի խմբ.): Այդպիսի պնդումներին ուշադրութիւն դարձնո՞ւմ էք: «Արեւմտեան Հայաստան»ի գաղափարն աւելի արդիւնաւէտ է արդեօք թւում այս ոչ-հայերի, քան սփիւռքահայերի դէպքում:
ԱՒԵՏԻՍ ՀԱՋԵԱՆ.- Ես չեմ կարծում, որ այն մարդիկ, ովքեր տեղեակ են այդ մասին, իրենց մտքում ունեն Արեւմտեան Հայաստանի տեսլական, քան հայերը, ովքեր վերադառնում են իրենց տները եւ իրենց հարստութիւններին տէր դառնում աւելի շուտ որպէս լաւ հարեւաններ, քան այդ երկրի տէրեր: Նրանցից ոմանց ասածները կարող են ասուել քաղաքավարութիւնից ելնելով, սակայն կարող են լինել նաեւ մարդիկ, ովքեր չեն եղել Ցեղասպանութեան զոհ: Առանց վիրաւորելու ցանկութեան՝ նրանք կարող են հետաքրքրուել, թէ ինչու են հայերը դեռեւս այսքան ակնյայտօրէն պահպանում մի իրադարձութեան մասին յիշողութիւնները, որոնք տեղի են ունեցել մէկ դար առաջ: Ես ընդհանրապէս խուսափում եմ համեմատութիւններ անել, բայց կ՛ասեմ, որ եւրոպացիների սերունդները, յատկապէս ներգաղթեալ ամերիկացիները, շատ բան չգիտեն այն տառապանքի մասին, որ կրել են բնիկ ժողովուրդները, բնիկ ամերիկացիները կամ այն մարդկանց սերունդները, ովքեր բերուել են այդտեղ որպէս ստրուկներ: Սա ուղղակի նողկալի է, քանի որ այն մարդիկ, ովքեր չեն զգացել դա, մտադրութիւն ունեն առաջ շարժուել ու սպասում են, որ զոհերն ու նրանց սերունդներն էլ անեն նոյնը:
Ես արդարացիօրէն կարծում եմ, որ շատ թուրքեր, ներառեալ նրանց սերունդները, ովքեր եկել են Յունաստանից, Մակեդոնիայից եւ այլ վայերից՝ Առաջին Համաշխարհայինից յետոյ տեղի ունեցած բնակչութեան փոխանակումից յետոյ, Ցեղասպանութիւնից յետոյ, կարող են Ցեղասպանութիւնը դիտարկել որպէս պատմական իրադարձութիւն, որը տեղի է ունեցել շատ ժամանակ առաջ, որին նոյնիսկ իրենց նախապապերը չեն մասնակցել (նրանք այդ ժամանակ այլ վայրում էին, ինչպէս հայերն էին, երբ եւրոպացիները նուաճում էին եւ գաղութացնում Ամերիկան) եւ որոշ ժամանակ անց, կառավարութեան հովանաւորութեամբ կատարուած քարոզչութեան շնորհիւ, համարում են, որ այն համընկնում է Առաջին Համաշխարհայինի եւ այլ դաժան իրադրաձութիւնների հետ, նրանք չեն կարողանում հասկանալ ազգին ոչնչացնելու այն մեծ տառապանքը, որից դեռ չորս-հինգ սերունդ տանջւում է յայտնի պատճառներով:
ԿՈՐԻՒՆ ԳՈՅՈՒՆԵԱՆ.- Ձեր ճանապարհորդութեան ընթացքում հանդիպած մտահոգութիւններից մէկն էլ կապուած է ազգայնականութեան հետ, որն ազդեցիկ բաժանարար ուժ է: Դուք պնդում էք, որ հայերը՝ լաւ թէ վատ, չեն կարող իրենց թոյլ տալ մտածել համաշխարհային գաղափարական մոդելով, ինչը դարերով Ցեղասպանութիւն գործելու զէնքը տուեց իրեն ճնշողների ձեռքը: Դուք կարծո՞ւմ էք, որ հայկական ազգայնականութեան աստիճանի ու Թուրքիայում ապրող ծպտեալ հայերին ներգրաւելու մակարդակի միջեւ փոխզիջում է անհրաժեշտ:
ԱՒԵՏԻՍ ՀԱՋԵԱՆ.- Շատ դժուար է պատասխանել այդ հարցին: Կը ցանկանամ նշել, որ այդ վերաբերմունքի պատճառները զարգացել են ժամանակի ընթացքում: Սփիւռքահայ որեւէ կազմակերպութիւն կամ Հայաստանի կառավարութիւնը կարող է քաղաքականութիւն մշակել ծպտեալ հայերի վերաբերեալ, բայց մենք չգիտենք, թէ ժամանակի ընթացքում այն ինչպէս կը զարգանայ: Ես կարծում եմ՝ իմ պատասխանը «այո» կը լինի միայն այն ժամանակ, եթէ բնական միտուածութիւն լինի դէպի դրա իրագործումը. պարզ է, որ դա ոչ ոք չի կարող կանխատեսել: Պատմութիւնն այն չէ, ինչ խաղացողները նպատակադրւում են անել:
«ԱԿՈՒՆՔ»
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
ՍԱՈՒԹ ՊԷՅ
ՀՅԴ «Արամ Մանուկեան» Կոմիտէ
ՀՕՄի «Արաքս» Մասնաճիւղ
ՀԵԴ «Փոթորիկ» Ուխտ
ՕՐԵՆՃ ՔԱՈՒՆԹԻ
ՀՅԴ «Արմէն Գարօ» Կոմիտէ
ՀՕՄի «Սեւան» եւ «Գառնի» Մասնաճիւղեր
ՀՅԴ «Սերոբ Աղբիւր»
Պատանեկան Միութիւն
ՀՄԸՄի «Սարդարապատ» Մասնաճիւղ
Համազգայինի «Սիամանթօ» Մասնաճիւղ
ՀԵԴ «Աշոտ Երկաթ» Ուխտ
Մէկուկէս միլիոն նահատակներու յիշատակը վառ պահել պահանջատիրական ոգիով
Ս. Երրորդութիւն Եկեղեցի Ֆրեզնօ
Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. Առաքելական Եկեղեցի Սան Ֆրանսիսքօ
Արդարութեան Ճանապարհը Պահանջատիրութիւնն է
Հայ Քոյրերու Վարժարանի Մեծ Ընտանիք
AAG SERVICES