ԱԽԱԼՔԱԼԱՔ.- Հինգշաբթի, 6 Յունիսին, Ախալքալաքի հայ բնակիչներու եւ ազգութեամբ վրացի պարեկային ոստիկանութեան միջեւ տեղի ունեցած է միջադէպ, որուն ընթացքին ոստիկանները ցուցաբերած են դաժանութիւն: Ջաւախքի հայութիւնը, Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւններու խորհուրդին անունով այս միջադէպին առթիւ իր ընդվզումը արտայայտած է՝ հանդէս գալով յայտարարութեամբ, որուն մէջ կ՛ըսուի.
«Ախալքալաքում Յունիսի 6ին տեղի հայ բնակիչների եւ ազգութեամբ վրացի պարեկային ոստիկանութեան միջեւ տեղի ունեցած միջադէպը, որի ընթացքում ոստիկանները ցուցաբերել են առանձնակի դաժանութիւն, առաջին դէպքը չէ Ջաւախքում: Ականատեսների վկայութիւնները, առկայ տեսանիւթերը խօսում են այն մասին, որ դիմադրութիւն ցոյց չտուող եւ անզէն բնակչի նկատմամբ զինուած եւ մեծաթիւ ոստիկանները կիրառել են բռնութիւն: Վերջիններս, բոլորովին հաշուի չառնելով այն հանգամանքը, որ դէպքի վայրում եղել են տուժողի ընտանիքի անդամները, կանայք եւ երեխաները, Ախալքալաքի բնակիչ Մեխակ Խաչատրեանին գետնին են տապալել եւ ստորացուցիչ մեթոդներով ծեծի ենթարկել:
Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը փաստում է, որ այս երեւոյթը լրացուցիչ լարուածութիւն է ծնում առանց այն էլ բազմաթիւ խնդիրների առաջ կանգնած ջավախահայութեան շրջանում: Չհաստատելով, որ այս երեւոյթն ունի ուղղորդուած բնոյթ, այդուհանդերձ, Խորհուրդը փաստում է, որ նման դէպքերը յաճախակի են դառնում հէնց Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում:
Ելնելով վերոնշեալից՝ հայկական կազմակերպութիւնների խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանութիւններին եւ երկրի իրաւապահ մարմիններին՝ ցուցաբերել առանձնակի զսպուածութիւն, հասարակ ազգաբնակչութեան հանդէպ բացառել անհամաչափ ուժի եւ այլ ստորացուցիչ մեթոդների կիրարկման այսպիսի դէպքերը, որոնք կարող են շեշտակի մեծացնել լարուածութիւնը հայաբնակ տարածաշրջանում, հասարակութեան շրջանում խորացնել անվստահութիւնը երկրի իշխանութիւնների եւ իրաւապահ մարմինների հանդէպ, ինչպէս նաեւ սպառնալ երկրի կայունութեանը»:
Նշենք, որ Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան այս հարցով հեռաձայնային զրոյց ունեցած է Վրաստանի հանրային պաշտպան Նինօ Լոմճարիայի հետ:
«Գործընկերս ինձ տեղեկացրեց, որ միջադէպի հետ կապուած հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իր անմիջական ուշադրութեան ներքոյ: Նա իր յատուկ ներկայացուցչին է ուղարկել ոստիկանութեան բաժին, ապա հիւանդանոց: Մէկ անձ գրեթէ անմիջապէս ազատ է արձակուել, միւսը բուժում է ստանում հիւանդանոցում, որի պատճառով հնարաւոր չի եղել առանձնազրոյց ունենալ նրա հետ:
Տիկին Լոմջարիա նշեց, որ կը շարունակի ուշադրութեան ներքոյ պահել հարցը:
Պայմանաւորուեցինք, որ որեւէ խնդրի դէպքում մեր հայրենակիցները կարող են դիմել ինչպէս Վրաստանի հանրային պաշտպանին, այնպէս էլ ինձ:
Բարձր եմ գնահատում Վրաստանի իմ գործընկերոջ պատրաստակամութիւնը, նրա հետ համատեղ աշխատանքս ու շնորհակալ եմ արագ արձագանգի համար», յայտնեց Թաթոյեան:
Ախալքալաքի Ազատութեան փողոցին վրայ, վրացի շրջիկ ոստիկաններ ձերբակալեցին երկու հայ բնակիչներ:
«Ամէն ինչ սկսուել է նրանից, որ շրջիկ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլավարին: «Մերսեդես» մեքենայի վարորդը կանգնել է շրջիկ ոստիկանների մօտ եւ հարցրել է՝ ինչումն է խնդիրը:
Շրջիկներն ասել են, որ շարունակի ճանապարհը, նա առաջ չի շարժուել, նրա հօրեղբայրն այդտեղ է ապրում, նա ինչ որ հարցեր է տուել, որից յետոյ արդէն ուժով նրանց աւտոմեքենայից դուրս են բերել եւ սկսել են ծեծել», պատմեցին ականատեսներ:
Այնուհետեւ, տղուն հօրեղբայրը, որ կ՛ապրի կողքի թաղը, իր զարմիկին օգնութեան հասած է. անոր համար ալ ձերբակալուած է:
«Իմ ներկայութեամբ թոռիս ծեծեցին, յետոյ հրացանը դրեցին նրա ճակատին», լալով պատմեց ծեծի ենթարկուած անձին մեծ մայրը։