ԵՐԵՒԱՆ.- Յուլիսի 9ին, Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը եւ գլխաւոր յանձնակատարի գրասենեակի ղեկավար Սառա Անջարգոլեանն ընդունեցին 8 երկրներից՝ Միացեալ Նահանգներից, Կանադայից, Աւստրալիայից, Լիբանանից, Սիրիայից, Շուէցարիայից, Ֆրանսիայից եւ Արգենտինայից ժամանած 17 սփիւռքահայ երիտասարդների: Նրանք Հայաստանում են մարդասիրական ծառայութիւններ անցկացնելու համար եւ գտնւում են Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութեան (ԱՀԱԸ) հովանու ներքոյ: 15 օրուայ ընթացքում երիտասարդները ոչ միայն ծանօթանալու են Հայաստանին, այլեւ 5 օր Վանաձորում ապրելու են միայնակ տարեցների հետ, խնամելու են նրանց, օգնելու են առօրեայ գործերում, մաքրելու են նրանց բնակարանները:
Հանդիպման մեկնարկին Զարեհ Սինանեանն ու Սառա Անջարգոլեանը նախ ներկայացրեցին իրենց հայրենադարձութեան պատմութիւնները, Հայաստան վերադառնալու, այստեղ ապրելու, աշխատելու շարժառիթները: Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարը նշեց, որ 31 տարի ապրել է Ամերիկայում, սակայն անցած տարի Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութիւնից յետոյ որոշել է վերադառնալ հայրենիք, բնակուել այստեղ եւ աշխատել կառավարութեան համար: Սառա Անջարգոլեանն ընդգծեց, որ Հայաստանում մշտական բնակութեան է եկել 7 տարի առաջ, Երեւանում հիմնել է «Impact Hub»ը եւ սկսել օգնել նոր գործառնութեանց նախաձեռնող երիտասարդին Հայաստանում հաստատուելու համար:
Դիմելով սփիւռքահայ երիտասարդներին՝ Անջարգոլեանը շեշտեց, որ անչափ կարեւոր է մշտապէս յետադարձ կապ ունենալ, իրար հետ նորութիւններով կիսուելը, առաջարկութիւններով հանդէս գալը:
Խմբի ղեկավար՝ Փասադենայի Հայ Կիլիկիա աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ վեր. Սերոբ Մկրտչեանը, ներկայացնելով «Vision for Mission» նախաձեռնութեան նպատակը, ասաց, որ երիտասարդներն այսպիսով հնարաւորութիւն ունեն շօշափել, տեսնել, համտեսել Հայաստանը, գործնականում շփուել մարդկանց հետ: «Նրանք արդէն սիրահարւում են Հայաստանին: Այս երիտասարդները նաեւ ձեր դեսպաններն են Սփիւռքում», նշեց վեր. Սերոբ Մկրտչեանը:
Հանդիպման ընթացքում Սինանեանն ընդգծեց. «Եթէ դուք ձեր ապագան կապէք Հայաստանի հետ, ուրեմն մենք յաջողել ենք: Սփիւռքի դերը միայն Հայաստանին օգնելու մէջ չէ, Սփիւռքը պիտի մասնակցի հայրենիքի ապագայի կերտմանը»:
Անջարգոլեանն էլ յորդորեց գալ Հայաստան կամաւորական աշխատանքի, գործունէութիւն ծաւալել, բիզնես հիմնել, զբաղուել զբօսաշրջութեամբ կամ աշխատանքի անցել կառավարութիւնում, քանի որ դռներն արդէն բաց են:
Այնուհետեւ երիտասարդները հարցեր ուղղեցին Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարին: Հարցին, թէ որոնք են նպատակակէտերը Սփիւռքի հետ յարաբերութիւններում, Սինանեանը պատասխանեց, որ նախ եւ առաջ պէտք է բարելաւել, առողջացնել այդ յարաբերութիւնները, նպատակային ծառայեցնել Սփիւռքի ներուժը՝ Հայաստանի համար, միեւնոյն ժամանակ հայրենիքն էլ իր հերթին պիտի կանգնի համայնքների կողքին եւ նպաստի դրանց զարգացմանը:
Տղաներից մէկը հարցրեց նաեւ, թէ Հայաստանի կառավարութեան համար Սփիւռքի հետ աշխատանքը որքանո՞վ է առաջնահերթութիւն: Ըստ Սինանեանի՝ այժմ նպատակ կայ հնարաւորինս շատ սփիւռքահայերի կապել Հայաստանին եւ նախարարութիւնից վարչապետի աշխատակազմում գրասենեակի վերափոխումը աւելի բարձր կարգավիճակ հաղորդեց Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին:
Երիտասարդներին հետաքրքրում էր նաեւ յանձնակատարի կարծիքը սփիւռքահայ-հայաստանցի բաժանարար գծի մասին: «Այդ տարանջատումները պատմական իրադարձութիւնների արդիւնք են: Իրականում մենք տարբեր չենք. այն պահին, որ հասկանանք՝ մենք հայ ենք, եւ մեր հայրենիքը Հայաստանն է, տարբերութիւնները կը վերանան», նշեց յանձնակատարը:
Հարց հնչեց նաեւ, թէ ինչպէս Սփիւռքի երիտասարդները կարող են օգնել տեղի երիտասարդներին: Անջարգոլեանը պատասխանեց, որ պէտք է կապել երիտասարդներին իրար, նրանք պէտք է նախ եւ առաջ շփուեն իրար հետ, գործունէութիւն սկսեն միասին:
Հանդիպման աւարտին երիտասարդները պատմեցին իրենց տպաւորութիւնների մասին: Նրանք ընդգծեցին, որ Հայաստանում մարդիկ ջերմ են, միանգամից զգացւում է հայկական սիրտը, պատրաստ են իրենց ունեցածով կիսուել: Զգացւում էր, որ նրանք իրօք սիրահարուել են Հայաստանին:
(Թղթակցութիւնը՝ Սփիւռքի գործերու
գլխաւոր յանձնակատարի գրասենեակէն)