ՀՅԴ 129ամեակի տօնակատարութեան առիթով Թեհրանի «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ, տեղի է ունեցել հանդիսաւոր միջոցառում:
«Երկիր»ի թղթակիցն Իրանից յայտնում է, որ ելոյթով հանդէս են եկել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծուիկ Մինասեանն ու Իրանի հիւսիսային շրջանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Սուրիկ Աբնոսեանը:
Ինչո՞ւ ստեղծուեց Դաշնակցութիւնը, արդեօք հասե՞լ է նպատակին եւ դէպի ու՞ր է գնում. այս հարցերի պատասխաններն է հնչեցրել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծուիկ Մինասեանը:
Ըստ նրա՝ ՀՅԴի գոյութեան 129 տարիներից միայն 30ն է անցել Հայաստանի՝ պետականութիւն ունենալու պայմաններում, բայց Դաշնակցութիւնը շարունակել է մնալ կենսունակ՝ իր գաղափարաբանութեամբ, պատկերացումներով, 129 տարի՝ տարբեր սերունդների՝ նոյն նպատակին գնալու գործողութիւններով: Սա, Մինասեանի համոզմամբ, ապացոյց է, որ ոչինչ եւ ոչ ոք չի կարող պառակտել այն քաղաքական կազմակերպութիւնը, որի նպատակը հայ ժողովրդի ինքնութեան հաստատումն է:
Դաշնակցութեան առաքելութիւնը, ըստ նրա, իւրաքանչիւր հայի մէջ հայեցիութիւնը պահելով՝ իրական նպատակի կերտումն է: Մինչդեռ՝ ապազգային մարդկանց, որոնք փորձել են հարուածել Դաշնակցութեանը, հանդիպել ենք անկախ հանրապետութեան կազմաւորման առաջին օրուանից:
«1990ական թուականների այն շրջանը, երբ ապազգայինը, անպէտքը, ազգի տականքը որոշել էր, որ Հայաստանը, հայ ժողովուրդը չպէտք է ազգային մտածողութեամբ ապրի եւ Հայաստանի անվտանգութիւնը ձեւակերպում էր նրա՝ չպաշտպանուած լինելու մէջ, ասում էր՝ մեր պաշտպանութիւնը մեր անպաշտպանութեան մէջ է, այս մտածողութիւնը մերժուեց մեր ժողովրդի կողմից: Սակայն, ցաւօք, այսպիսի երեւոյթները նորից արմատաւորուելու յատկութիւն ունեն, եւ այսօր էլ մեզ սպառնում է այդպիսի վիճակ, որովհետեւ, երբ այս տեսակը սկսում է ազգային մտածողութիւնը թիրախաւորել, մեր աւանդական ընտանեկան արժէքները, եկեղեցին, բանակը, իւրաքանչիւր հայի մէջ նստած հայկականութիւնը թիրախաւորել, սա վտանգաւոր երեւոյթ է, որը սնուցում է ստանում, եւ ազգի մէջ սկսում են տիրել խանդը, նախանձը եւ թշնամութիւնը: Սա սպառնալիք է մեր միասնականութեանը», ասել է Արծուիկ Մինասեանը:
ՀՅԴ Իրանի Հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Սուրիկ Աբնոսեանը ելոյթում յիշեցրել է ՀՅԴ Ծրագրի առաջին էջում տպուած պարբերութիւնը. «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն իր էութեամբ, աշխարհայեացքով եւ աւանդներով ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական եւ յեղափոխական կուսակցութիւն է»:
Նա մեկնաբանել է այս դրոյթները՝ համեմելով Ռուբեն Տէր Մինասեանի խօսքով՝ գաղափարն արժէք է, երբ ժողովրդականացնում ես այն:
«Մենք պէտք է ծանօթանանք մեր ազգի՝ հայրենաբնակ, թէ՝ սփիւռքահայ, կացութեանը եւ պատմութեանը, մենք պէտք է մեր հայրենիքի՝ ազատագրուած թէ՝ դեռեւս բռնագրաւուած, վիճակին ու կարգավիճակին լաւապէս ծանօթանանք, որ ժամանակը երբ հասնի, պատրաստ լինենք ցուցաբերել ճիշդ կեցուածք: Մենք պէ՛տք է ազգասիրութիւնը եւ հայրենասիրութիւնը ժողովրդականացնենք, սերմանենք ու արմատաւորենք մեր նոր սերնդի մտքի ու հոգու մէջ եւս», ասել է նա:
Սուրիկ Աբնոսեանը շնորհաւորել է ՀՅԴի հիմնադրման 129ամեակը:
«Բայց ովքե՞ր են դաշնակցականները: Դաշնակցութիւնը հիմնովին հաւաքականութիւնն է մի շարք հաւատացեալ մարդկանց՝ լինեն նրանք գիտնականներ, արուեստագէտներ, արհեստաւորներ, թէ պարզ անհատներ եւ նոյնիսկ անգրագէտներ, որոնք հաւատում են, որ բարին յաղթելու է չարին, լոյսը՝ խաւարին, արդարութիւնը՝ անարդարութեանը: Եւ նրանք պատրաստ են այդ պայքարում դնել ամէն ինչ, անգամ՝ իրենց կեանքը: Ճշմարտութիւն է, որ Դաշնակցութիւնը ծնունդ է առել հայ ժողովրդի ծոցից ու հասակ նետել՝ նոյն ժողովրդին ծառայելու համար», ասել է նա:
Սուրիկ Աբնոսեանն ընդգծել է, որ ճակատագրական պահին ազգն ու կուսակցութիւնը միաձուլւում են:
Միջոցառումը եզրափակուել է գեղարուեստական մասով, որի ընթացքում ելոյթով հանդէս են եկել ՀՅԴ «Ռոստոմ» երիտասարդական միութեան եւ «Քրիստափոր» պատանեկան միութեան անդամները:
Թեհրան այցի շրջանակներում Արծուիկ Մինասեանն այցելել է նաեւ «Ալիք» պարբերականի խմբագրութիւն:
Նշենք, թէ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծուիկ Մինասեանը իր Նոր Ջուղա կատարած այցելութեան ծիրում, Շաբաթ, 5 Հոկտեմբերի առաւօտեան այցելելով Ս. Ամենափրկիչ վանք հանդիպեց Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպս. Քէչէճեանին, Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներին: