ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի Հանրապետական կուսակցութեան նախագահ Սերժ Սարգսեան 31 Հոկտեմբերին ՀՀԿ քաղաքական դպրոցի շրջանաւարտներուն հետ ունեցաւ հանդիպում մը եւ անոնց յանձնեց աւարտական վկայականներ։
Պատասխանելով շրջանաւարտներէն մէկուն այն հարցումին, թէ չի՛ վախնար, որ օրին մէկը երկրին մէջ ապօրինութիւններու շղթան հասնի նաեւ իրեն եւ զինք եւս ձերբակալեն՝ նկատի առնելով, որ երկրին մէջ հետզհետէ կը շատնան քաղաքական հետապնդումները, ապօրինի ձերբակալութիւնները, ընդդիմադիր գործիչներու եւ լրատուամիջոցներու դէմ յարձակողական գործողութիւնները, անհանդուրժողականութիւնը, Սերժ Սարգսեան ըսաւ, որ այսքան զրպարտութիւններէ ետք զարմանալի շատ պատճառ չկայ։
«Ինչպէս յայտնի է՝ ոչ մի բանից չի վախենում միայն կատարեալ յիմարը: Ես 1988ից յետոյ, իրօք, վախեցել եմ՝ վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը, ի հարկէ, շատ մեծ ու իրական վտանգ կը բերէր մեր հայրենիքի մնացած ու վերջին մասի համար: Բայց հազարաւոր, տասնեակ հազարաւոր նուիրեալների հետ միասին նայելով այդ վախի աչքերի մէջ՝ մենք կարողացել ենք յաղթահարել այդ վախը՝ պատերազմի ձեզ յայտնի արդիւնքներով:
«Հիմա ես վախենո՞ւմ եմ, թէ չեմ վախենում: Հիմա էլ եմ վախենում. վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների (ժողովրդահաճ անձերու-Խմբ.)՝ մեր հայրենիքի համար կործանանար քաղաքականութիւնից: Իմ անձի հետ կապված վախենալու որեւէ բան չունեմ: Եթէ ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կը լինի, եթէ ինձ ձերբակալելով Մարտի 1ը, Հոկտեմբերի 27ը կը համարուեն ամբողջովին բացայայտուած, եթէ ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կը չէզոքանան, եթէ ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցութիւնները կը վերադառնան ճիշդ ուղի, ապա թող ձերբակալեն: Գիտէք, ինչպէս ասացի, միայն կատարեալ յիմարը չի վախենում ոչ մի բանից: Իմ կարծիքով՝ վախկոտ են համարւում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցութիւնների հետեւանքով յաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը: Եթէ իմ բացակայութիւնը հասարակութիւնից կը նպաստի, որ տնտեսական յեղափոխութիւնը շատ մեծ թափ ստանայ եւ հայրենադարձների հոսքն այնքան մեծանայ Հայաստան, որ մենք դրանով ուղղակի հպարտանանք, թող ձերբակալեն: Աւելին չեմ ուզում ասել, որովհետեւ, ինչպէս յայտնի է, ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրոյց ունենալ մեր քաղաքացիների հետ, եւ դրա ժամկէտը մօտենում է», ըսաւ նախկին նախագահ Սերժ Սարգսեան: