2019թ. Նոյեմբերի 8-9ը «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» (ՀՑԹԻ) հիմնադրամը կազմակերպում է միջազգային երկօրեայ գիտաժողով՝ «Հայերի Փրկութեան Գործը Մերձաւոր Արեւելքում 1915-1923թթ.» խորագրով: Նոյեմբերի 8ին գիտաժողովը տեղի կ՛ունենայ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով տեղահանուած հայութեան բեկորների ճակատագրերը, լուսաբանել հայկական եւ միջազգային այն կազմակերպութիւնների, անհատների գործունէութիւնը, որոնք զբաղուել են հայ գաղթականների, մասնաւորապէս, երեխաների ու կանանց փրկութեան հարցերով:
Գիտաժողովին զեկոյցով հանդէս են գալու Հայաստանի Հանրապետութիւնից եւ արտերկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, ԱՄՆից ժամանած 23 գիտնականներ, որոնք անդրադառնալու են Ցեղասպանութիւնը վերապրած հայերի փրկութեան գործին առնչուող մանրամասներին: Գիտաժողովի ընթացքում ներկայացուելու են առաւելապէս հայկական, մասամբ նաեւ միջազգային կազմակերպութիւնների ունեցած դերակատարութիւնը, ինչպէս նաեւ հայկական հոգեւոր կառոյցների, ազգապահպան կազմակերպութիւնների՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, Միջագետքի հայկական կազմակերպութիւնների գործունէութիւնը: Մասնագէտները ներկայացնելու են Արեւմտեան Հայաստանի նահանգներում իրականացուած հայահաւաք ձեռնարկումները, անդրադարձ է կատարուելու նաեւ առանձին որբանոցների գործունէութեանը: Գիտաժողովի ընթացքում վեր են հանուելու նաեւ այն խնդիրները, որոնք առկայ էին փրկութեան առաքելութեան իրականացման ընթացքում: Քննարկուելու են ինքնօգնութեան դրսեւորումներին, որբերի թուական տուեալներին, միջազգային իրաւունքի զարգացման համատեքստում հայ կանանց ու երեխաների փրկութեանը, ինչպէս նաեւ թեմային առնչուող մի շարք հարցեր: Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերէնն ու անգլերէնն են:
Գիտաժողովի շրջանակներում՝ Նոյեմբերի 8ին, ժամը 10:00ին, Հայոց Ցեղասպանութեան թանգարանի ժամանակաւոր ցուցադրութիւնների սրահում տեղի կ՛ունենայ նաեւ «Հայերի փրկութեան գործը Մերձաւոր Արեւելքում 1915-1923 թուականներին. ազգային միասնութիւնից դէպի վերածնունդ» խորագրով ժամանակաւոր ցուցադրութեան բացումը:
Միջոցառմանը բացման խօսքով հանդէս կը գան «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրէն Յարութիւն Մարութեանը, ՀՑԹԻ գիտքարտուղար, գիտաժողովի եւ ցուցադրութեան համադրող Նարինէ Մարգարեանը:
Ցուցադրութեան շրջանակներում ներկայացուելու է բացառապէս հայկական կողմի կատարած ներդրումը Ցեղասպանութիւնը վերապրողների փրկութեան գործում: Առանձին խորագրերով լուսաբանուելու են հայկական հոգեւոր կառոյցների ունեցած դերակատարումը: Ներկայացուելու են նաեւ հայկական կազմակերպութիւների՝ ՀԲԸՄ, Հայ Ազգային Միութեան, Եգիպտոսի հայ որբախնամի, Միջագետքի հայկական կազմակերպութիւնների, Հայկական Կարմիր խաչի գործունէութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան, ապա՝ ՀԽՍՀ կառավարութիւնների իրականացրած որբախնամ ձեռնարկումները:
Ընդարձակ խորագրով ներկայացուելու են այն անհատները, ովքեր Միջագետքի անապատներում, Արեւմտեան Հայաստանի տարածքում զբաղուել են որբահաւաք աշխատանքներով, որբերի, կանանց ապաստարանի ու կեցութեան հարցերով:
Ցուցադրութիւնը յագեցած է լինելու եզակի արխիւային նիւթերով՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ցուցանմուշներ՝ հիմնականում Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի, ինչպէս նաեւ Հայաստանի ազգային արխիւի, Երեւանի պատմութեան թանգարանի եւ ՀՑԹԻի աշխատակից Միհրան Մինասեանի հաւաքածուներից: Ներկայացուելու են նաեւ որբերի թուաքանակի հետ կապուած վիճակագրական տուեալներ: Ցուցադրուելու են որբանոցային յուշեր, մինչ այս շրջանառութեան մէջ չդրուած լուսանկարներ, ինչպէս նաեւ գաղթի ճանապարհի իրեր, որբանոցային առարկաներ, որբերի ձեռքով արուած ասեղնագործութիւններ:
Ցուցադրութեան նպատակն է վեր հանել այն կարեւոր դերակատարումը, որը դրսեւորեց հայ ժողովուրդը Ցեղասպանութեան տարիներին: Փրկութեան գործն իրական դարձաւ հայութեան համախմբուածութեան եւ մէկ միասնական գաղափարով առաջնորդուելու շնորհիւ՝ վերականգնելով ազգային ինքնութիւնը, որը եւ հիմք դրեց ազգային վերածննդի:
Գիտաժողովի եւ ցուցադրութեան կազմակերպիչ՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ
Գիտաժողովի համագործակից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Գիտաժողովի եւ ցուցադրութեան հովանաւոր՝ Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութիւն
Գիտաժողովի եւ ցուցադրութեան համադրող՝ պատմ. գիտ. թեկնածու Նարինէ Մարգարեան (ՀՑԹԻ գիտնական քարտուղար)