ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ
Փոխգնդապետ Սէյրան Յակոբեանը գրեթէ քառորդ դար բանակում է:
«Զինուորական գործի հանդէպ սէրս գալիս է մանկութիւնից: Պապս զինուորական էր: Ես թէեւ նրան չեմ տեսել, բայց երբ նայում էի նրա լուսանկարներին, լսում էի նրա մասին պատմութիւնները, մէջս խմորւում էր զինուորական դառնալու որոշումը: Բացի այդ էլ, մեր շէնքը խորհրդային բանակի սպաներին էր պատկանում, ու աչքս անընդմէջ զինուորականներ էր տեսնում: Ինձ գրաւում էին համազգեստը, զինուորականների ձիգ կեցուածքը, ուսադիրների աստղերի փայլը: Դեռ չէի պատկերացնում, թէ այդ փայլուն ուսադիրների հետեւում որքա՜ն դժուարութիւններ կան, տքնանք, պատասխանատուութիւն:
1996թ. զօրակոչուեցի բանակ, ու հէնց այդ ժամանակ էլ բախտն ինձ ժպտաց՝ մեզ մօտ հրետանային սպաների դասընթացներ բացուեցին, եւ ես էլ ընդգրկուեցի՝ մարմին տալով իմ երազանքին», պատմում է նա:
Սպայական դասընթացներն աւարտելուց յետոյ Սէյրան Յակոբեանը նշանակուեց խառը հրետանային գնդում՝ որպէս դասակի հրամանատար, յետոյ առաջխաղացումներ, նոր նշանակումներ:
Ներկայումս գնդապետ Կարէն Ջալաւեանի հրամանատարութեամբ գործող պաշտպանական շրջանի հրետանու պետն է:
Փոխգնդապետը ապրիլեան մարտական գործողութիւնների մասնակից է:
Ապրիլեան օրերին հրետանին իր վճռորոշ դերակատարումն ունեցաւ: Հէնց միայն հակառակորդի վիճակագրութիւնում նշուած է, որ իրենց զոհերի մօտ 80 տոկոսը հրետանու կրակից է: Սա ինքնին խօսուն փաստ է, որ վկայում է խոցման աստիճանի ճշգրտութեան եւ մեր հրետանաւորների արհեստավարժութեան մասին: Ապրիլեան պատերազմը մի իւրօրինակ քննութիւն էր, որը եւս մէկ անգամ ապացուցեց, որ մեր զինուորները ե՛ւ հոգեբանօրէն են պատրաստ, ե՛ւ մասնագիտօրէն:
Հրետանին կոլեկտիւ զինատեսակ է, եւ ցանկացած հրետանաւորի վրիպումը ուղղակիօրէն ազդում է վերջնարդիւնքի վրայ: Մեր հրետանաւորները փոխհամագործակցելով, փոխլրացնելով, փոխհամալրելով լուրջ արդիւնք ունեցան: Պատերազմում, սակայն, ոչ միայն հրետանաւորների համախմբուածութիւնը երեւաց: Ամբողջ ազգն էր համախմբուել՝ ազգը զինուոր էր դարձել…
«Այսօր մենք խնդիր չունենք ե՛ւ հեռահարութեան, ե՛ւ ճշգրտութեան, ե՛ւ ամբողջ խորութեամբ մեր հասանելիութեան առումով։ Իւրաքանչիւր զինուոր եւ սպայ թէ՛ խաղաղ, թէ՛ մարտական պայմաններում իր պարտականութիւնները, իր գործառոյթները յստակ գիտի եւ ցանկացած խնդիր պատրաստ է կատարելու: Անձնակազմն էլ անցած ամփոփիչ քննութիւնների ժամանակ արժանացել է «4» գնահատականի», շարունակում է փոխգնդապետը:
***
Փոխգնդապետ Սէյրան Յակոբեանը չորս որդի ունի՝ վաղուայ չորս զինուոր:
«Հիմնականում կնոջս ուսերին է որդիներիս դաստիարակութիւնը: Շաբաթ-Կիրակի օրերին եմ միայն զօրամասից գնում տուն, ու թէ տանն էլ երեխաներս յանկարծ մի բան այն չեն անում, ու կինս էլ ասում է՝ վրաները խօսիր, արդարանում եմ՝ ո՞նց խօսեմ, մի շաբաթ չեմ տեսել, հազիւ կարօտս առնեմ…
Հազար պլան եմ մտքումս գծում-ծրագրում ընտանիքիս հետ անցկացնելու, բայց յաճախ մտադրութիւններս չեմ հասցնում իրագործել»:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ.- 23 տարի բանակում էք, պարո՛ն փոխգնդապետ, իրապէս՝ սպայական փայլուն ուսադիրների յետեւում բազում դժուարութիւններ կան, տքնանք, պատասխանատուութիւն… Ամէնօրեայ ծառայութիւնը խլում է ժամանակի մեծ մասը, անվերջանալի այս խնդիրների միջից, երբ մի պահ բարձրացնում էք գլուխն ու հասկանում էք…
ՍԷՅՐԱՆ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ու հասկանում ես, որ չես կարող ապրել առանց այս ամէնի: Որ հազար տեսանելի ու անտեսանելի թելերով կապուած ես ծառայութեանդ, զինուորներիդ, որ զինուորական համազգեստը վաղուց արդէն դարձել է քո երկրորդ մաշկը, կենսակերպը, ապրելու բանաձեւը, իսկ անցնող տարիները բազմապատկել են սէրդ մասնագիտութեան հանդէպ:
ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԸ
Առաջնագծում ենք: Արցախի հիւսիսային այս հատուածն առանձնանում է բնակլիմայական բարդ պայմաններով, բարդ, կտրտուած տեղանքով ու անպատմելի շքեղ բնութեամբ:
Զինուորական «Վիլիս»ը, յաղթահարելով ճանապարհի բազում խոչընդոտներ, մեզ տանում է հրետանաւորների մօտ:
Հրետանաւորները տեսական, գործնական պարապմունքների միջոցով կատարելագործում են մասնագիտական գիտելիքները:
Հրանօթի հրամանատար, կրտ-սեր սերժանտ Արսէն Գրիգորեանը Ասկերանի շրջանի Այգեստան գիւղից է.
«Հայրս 17 տարեկանում մասնակցել է Շուշիի ազատագրմանը: Ինքն ու հօրեղբայրս մասնակցել են ե՛ւ արցախեան պատերազմին, ե՛ւ ապրիլեանին: Հիմա իրենց գործն եմ շարունակում՝ ամուր պահելով հայրենի եզերքը:
Ծառայութեանս ութ ամիս է մնացել: Զօրացրուելուց յետոյ ուսումս կը շարունակեմ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, ուրիշ վայրում չեմ պատկերացնում ապագաս, կ՛ապրեմ, կ՛աշխատեմ ծննդավայրում:
Հաշուարկի վարորդ, շարքային Ռոստիկ Օզմանեանը Կոտայքի մարզից է.
«Թէեւ ազգութեամբ եզդի եմ, բայց հայոց հողը ինձ համար հայրենիքի պէս հարազատ է, այստեղ եմ ծնուել, մեծացել: Ապրիլեանի ժամանակ զոհուեց նաեւ իմ ազգականներից՝ Բորիս Օզմանեանը: Այն վայրագութիւնները, որ մենք տեսանք թշնամուց, ստիպում է մեզ զէնքը ձեռքներիցս վայր չդնել»:
Հրանօթի հրամանատար, սերժանտ Արտուշ Ենոքեանն էլ յաւելում է.
«Ձգտում ենք զինուորական գիտելիքներն է՛լ աւելի կատարելագործել՝ մեր դիմաց նենգ թշնամին է… Ես ուսումնական զօրամասում եմ վեց ամիս ծառայել, այնտեղի սովորածս հիմա կիրառում եմ գործնականում»:
Հրանօթի նշանառու, շարքային Վահէ Դաւիթեան. «Նոր եկողներին կը յորդորեմ՝ իրենց գործում վարպետանան, տիրապետեն անհրաժեշտ գիտելիքներին: Զինուորական գործում մանրուքներ չկան՝ մի աննշան թուացող սխալը կարող է վճռորոշ լինել»:
Մարտկոցի աւագ վարորդ, շարքային Վռամ Եսայեան. «Երկու եղբայրներս ծառայել են, արդէն մէկ տարի 4 ամիս էլ ես եմ ծառայում: Բացի աւագ վարորդից, նաեւ հաշուարկի համար եմ: Մեզնից ամէն մէկը յստակ գիտի հրետանու կարեւոր եւ վճռորոշ դերը պատերազմի ժամանակ հրետանին հակառակորդին զսպող-սաստող ուժն է, բանակի յուսալի վահանը»:
«Անձնակազմը իրեն տրուած հրահանգներն ու առաջադրուած խնդիրները ճիշդ, ժամանակին ու վստահ կատարում է: Հարկ եղած դէպքում, առկայ ուժերով եւ միջոցներով ունակ ենք խոցելու հակառակորդի ցանկացած նշանակէտ», ասում է խառը հրետանային դիվիզիոնի 2րդ մարտկոցի հրամանատար, կապիտան Մեխակ Եղիկեանը:
Երիտասարդ զինուորականն աւարտել է Վ. Սարգսեանի անուան ռազմական համալսարանը, արմատներով Տաւուշից է:
«Մի սահմանից միւս սահմանն եմ եկել, տարբերութիւն չկայ՝ հայրենիքի որ հատուածում եմ ծառայում»:
Մեխակի հայրը, հինգ հօրեղբայրները արցախեան ազատամարտի տարիներին ինքնապաշտպանական ջոկատում են կռուել՝ պաշտպանել հայրենի բնօրրանը: Մեխակն էլ ապրիլեան մարտերի ժամանակ Թալիշ-Մատաղիս հատուածում էր:
«Ապրիլեան այդ օրը զօրամասի պատասխանատուն էի: 18-20 տարեկան տղերքը մեր սպասուածից էլ լաւ կատարեցին իրենց գործը, այնպէս անվրէպ, այնպէս վարժ էին խոցում, ասես բազմաթիւ մարտերում էին թրծուել: Հրետանին ահռելի մեծ գործ կատարեց այդ ժամանակ եւ իր հատու, վճռորոշ խօսքն ասաց:
«Հրետանաւորների օրուայ առթիւ էլ մաղթանքս, ցանկութիւնս, երազանքս մէկն է՝ թող բոլոր զօրատեսակներն էլ իրենց զէնքը գործածեն միայն ու միայն զօրավարժարաններում:
Բայց, հարկ եղած դէպքում, պատրաստ ենք յուժկու հարուած, վերջնահարուած տալով ընդմիշտ լռեցնել թշնամուն»:
***
Մութն արդէն ընկել էր, երբ հրաժեշտ տուեցինք մեր հրետանաւորներին: Վառվռուն, գունագեղ աշնան հմայքը ձուլուել էր կապտաթոյր մութին: Հրետանաւորները մնացին իրենց տեղակայման վայրում, իսկ նրանց խրոխտ երգը դեռ երկար հնչում էր ունկերումս.
«Մեր հրետանին է ահեղ որոտում,
Թշնամու դիրքերին սարսափ տարածում,
Զարկի՛ր, հպա՛րտ հրետանաւոր…»:
«ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ»
In Memory of Prof. Harut Barsamian
Փրոֆ. Յարութ Պարսամեանի Յիշատակին
Թամարա Պարսամեան