ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ.- Ծերակուտական Անթոնի Պորտանտինօն (D, CA SD 25) յայտնեց իր աջակցութիւնն Էլեն Ասատրեանի թեկնածութեանը՝ որպէս Դեմոկրատական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի (DCCC) անդամ, Մարտի 3ի ընտրութիւններին:
«Ես Էլենին տասնեակ տարիներ է ճանաչում եմ, եւ հաւատում եմ, որ նա տաղանդաւոր է, աշխատասէր եւ առաջադիմական: Այսպիսով, նա արժանի է ներկայացնելու Դեմոկրատական կուսակցութիւնը Կալիֆորնիայում: Էլենը վայելում է իմ ամբողջ աջակցութիւնը», յայտարարել է Պորտանտինօն, որը ղեկավարում է Կալիֆորնիայի Ծերակոյտի Յատկացումների հզօր յանձնաժողովը:
«Ես հպարտ եմ եւ պատիւ ունեմ ստանալու իմ ծերակուտականի՝ Անթոնի Պորտանտինոյի աջակցութիւնը։ Նա նուիրեալ պետական ծառայող է եւ անխոնջ աշխատում է իր ընտրողների համար: Յուսով եմ, որ նրա հետ սերտօրէն համագործակցելու ենք մեր հանրային կրթութեան համակարգում ներդրումներ կատարելու, հոգեկան առողջութեան ճգնաժամը յաղթահարելու, մարդու իրաւունքների եւ արդարութեան համար պայքարելու, կանանց, փոքրամասնութիւնների, աշխատող դասի եւ փոքր բիզնես իրաւունքները պաշտպանելու համար»», ասաց Էլեն Ասատրեանը:
Երկու տասնամեակից աւել է ձգւում Ասատրեանի հասարակական ակտիւ գործունէութիւնը՝ սկսելով միջնակարգ դպրոցում ուսումնառութեան տարիներից, երբ նա Կրթութեան հարցերի խորհրդի եւ քաղաքային իշխանութեան ուշադրութեանը ներկայացրեց իր դպրոցում եւ քաղաքում հայ համայնքի դէմ իրականացուող խտրականութեանն առնչուող հարցեր: 15 տարեկանում առաջին անգամ որպէս կամաւոր ներգրաւուել է քաղաքական ընտրարշաւում եւ 19 տարեկանում Գլենդելի տեղական ընտրութիւններում դարձել է արշաւի ղեկավար: Սա ճանապարհ է հարթելու քաղաքական յաջողուած բազմաթիւ այլ արշաւների եւ հասարակական շարժումների համար, որոնք Ասատրեանը ղեկավարել է 1999ից ի վեր:
Ասատրեանը եղել է Արեւմտեան Ամերիկայի առաջադէմ դեմոկրատների, Գլենդելի ժողովրդավարական ակումբի, Սան Ֆերնանդոյի հովտի դեմոկրատների եւ Հարաւային Կալիֆորնիայի հայ դեմոկրատների հպարտ անդամ: Նա նաեւ 2015 թուականից ծառայում է որպէս Կալիֆորնիայի դեմոկրատական կուսակցութեան պատուիրակ:
DCCCն Դեմոկրատական կուսակցութեան պաշտօնական կառավարման մարմինն է Լոս Անջելեսի շրջանում: Այն նաեւ Միացեալ Նահանգների ամենամեծ տեղական Դեմոկրատական կուսակցութիւնն է, որը ներկայացնում է մօտ 2.7 միլիոն դեմոկրատ, 88 քաղաքներում եւ Լոս Անջելեսի շրջանի չմիաւորուած հատուածներում՝ 42 առանձին նահանգներից աւելի մեծ բնակչութեամբ:
Ընտրութիւնները տեղի կ՛ունենան Մարտի 3ին: 43րդ ընտրատեղամասում գրանցուած դեմոկրատները եւ նրանք, ովքեր հրաժարուել են քաղաքական կուսակցութիւն նշել, սակայն պահանջել են դեմոկրատական քուէաթերթիկ, կը տեսնեն Էլեն Ասատրեանի անունն իրենց քուէաթերթիկի մէջ:
43րդ ընտրատարածքը ընդգրկում է՝ Բըրբանք, Գլենդել, Լա Քնիադա Ֆլինթրիջ, Լա Կրեսենտա, Մոնտրոզ քաղաքները, ինչպէս նաեւ Հոլիվուդ Հիլզ, Ուեստ Հոլիվուդ, Լիթլ Արմինիա, Ֆրանկլին Հիլզ, Լոս Ֆելիզ, Սիլվեր Լէյք եւ Աթուաթեր Վիլեջ թաղամասները, փոստային հետեւեալ կոդերում՝ 90027, 90029, 90039 եւ 90068ի մեծ մասը:
Քուէարկելու համար գրանցուելու, ընտրութիւնների մասին տեղեկացուելու եւ քաղաքական կուսակցութեան նախընտրութիւնը փոխելու համար այցելէք lavote.net կայքը:
Ասատրեանի նախընտրական քարոզարշաւին նպաստելու համար՝ այցելէք www.electelen.com յղմամբ: Նորութիւնների համար հետեւէք Էլենին սոցիալական կայքերում՝ «Ֆէյսբուք»ում, «Ինս-տագրամ»ում եւ «Թուիթեր»ում՝ @ElectElen յղումով: