ԳԼԵՆԴԵԼ.- Մարտի 7ին, Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանն ընդունեց Ամերիկահայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան (ԱՃԳԸ) նորընտիր խորհրդի անդամներին՝ նախագահ Ռիչարդ Օհանեանի գլխաւորութեամբ:
Օհանեան դեսպան Բայբուրդեանին ներկայացրեց ընկերակցութեան առաջիկայ ծրագրերը: ԱՃԳԸն նախատեսում է հայ ճարտարագէտների եւ գիտնականների մեծ ներուժը ի սպաս դնել կրթական եւ մարդասիրական նոր ծրագրերի իրականացմանը:
Կազմակերպութիւնը նպատակ ունի նաեւ, ժամանակի պահանջներին համահունչ, համալրել իր շարքերը երիտասարդ գիտնականներով եւ ընդլայնել գործունէութեան աշխարհագրութիւնը:
ԱՃԳԸի առաջիկայ ծրագրերից է նաեւ աշխուժացնել գործունէութիւնը Հայաստանում՝ իր ներդրումը բերելով Հայաստան-Սփիւռք կապերին: Կազմակերպութիւնը պատրաստւում է հերթական ամէնամեայ միջոցառմանը, որը առիթ կը ծառայի ստեղծել հայ գիտնականների եւ ճարտարագէտների մասին տեղեկատուական արխիւ, պարգեւներով խրախուսել լաւագոյններին, որոնք աչքի են ընկել մասնագիտական գործունէութեամբ, նախանշել Հայաստանում կառոյցի անելիքները աջակցել հետազօտական աշխատանքներին, ինչպէս նաեւ հայաստանեան «սթարթափ»ներին:
Դեսպան Արմէն Բայբուրդեանը ողջունեց Ամերիկահայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան առաջիկայ ծրագրերը՝ պատրաստակամութիւն յայտնելով աջակցել կազմակերպութեան նախաձեռնութիւններին, որոնք միտուած են հայ գիտական մտքի զարգացման եւ հայրենիքի շահերին ծառայեցնելու նպատակին: Յատուկ ուշադրութիւն դարձուեց կազմակերպութեան կողմից կրթական մակարդակներում՝ գիտութիւն, տեխնոլոգիաներ (արհեստագիտութիւններ), ճարտարագիտութիւն եւ ուսողութիւն, (STEM) զարգացմանը ե՛ւ Կալիֆորնիայում, ե՛ւ Հայաստանում:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան խորհրդական Էդգար Գրիգորեանը, Ամերիկահայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան փոխնախագահ Արամ Տէր Մարտիրոսեանը, գործադիր քարտուղար Լինդա Մկրտչեանը եւ գանձապահ Սոնա Ջուհարեանը: