ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեան Հանրապետութեան տօնի առթիւ յղեց շնորհաւորական հետեւեալ ուղերձը.
«Հայոց պետականութիւնը վերականգնուեց միջազգային բարդագոյն իրադրութեան պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին Համաշխարհային պատերազմը, որի ամենաարիւնալի ճակատներից մէկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արեւմտեան եւ Արեւելեան մասերով:
«Պատերազմի քօղի տակ Օսմանեան Թուրքիան արդէն տեղահանել եւ կոտորել էր միլիոնաւոր հայերի եւ վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյութիւնը:
«Այս օրհասական պայմաններում, թուրք նուաճողների դէմ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերից յետոյ, 1918թ. Մայիսի 28ին հռչակուեց Հայաստանի անկախութիւնը:
«Առաջին Հանրապետութեան պատմական նշանակութիւնը անգնահատելի է: Կիլիկեան հայոց թագաւորութեան անկումից աւելի քան 500 տարի անց վերականգնուեց հայոց պետականութիւնը: Դա սերունդների երազանքն էր եւ ազգային-ազատագրական դարաւոր պայքարի արդիւնքը:
«Երկրում ստեղծուեց բազմակուսակցական դեմոկրատական կառավարման համակարգ, հաստատուեցին քաղաքացիական ազատութիւններ, հաւասար ընտրական իրաւունքներ, այդ թւում՝ կանանց: Սկիզբ դրուեց պետական շինարարութեանը, զարկ տրուեց լուսաւորութեանը, գիտութեանն ու կրթութեանը: Ամէն կողմից հայրենիք շտապեցին կարող ուժեր՝ իրենց ծառայութիւնը մատուցելու նորանկախ պետութեանը: Հայաստանը դարձաւ միջազգային սուբյէկտ (ենթակայ-Խմբ.), հաստատուեցին արտաքին կապեր, մի շարք երկրներում նշանակուեցին Հայաստանի դեսպաններ եւ ներկայացուցիչներ:
Անկախ եւ միացեալ Հայաստանի ստեղծման նպատակը, որը 1919թ. Մայիսի 28ին արձանագրուեց նաեւ խորհրդարանի որոշման տեսքով, խտացումն էր ազգային դարաւոր պայքարի եւ գաղափարախօսութեան, ինչպէս նաեւ ելնում էր ժամանակի աշխարհաքաղաքականութիւնից, որի արդիւնքը եղաւ 1920թ. Օգոստոսի 10ի Սեւրի պայմանագիրը:
Առաջին Հանրապետութեան փորձը, ձեռքբերումները եւ ձախողումները մեզ դասեր են տալիս: Ամենամեծ դասը սեփական ուժերի վրայ յենուելն է, իսկ այդ ուժը գոյացնելու համար՝ ազգային գերագոյն նպատակ ձեւաւորելը եւ դրա շուրջը համախմբուելը:
«Մեր ժողովրդի ապահով, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի երաշխիքը պէտք է լինի Հայաստանի որպէս հայութեան համար աշխարհաքաղաքական ելակենտրոնի գաղափարախօսութեան իրագործումը: Երկար դարեր մեզ միաւորել եւ ուղեկցել է միասնական հայրենիքի գաղափարը, որ փոխանցւում է սերնդից սերունդ:
Այն մեր ազգային մեծ ուխտն է, մեր քաղաքական եւ պատմական ժառանգութիւնը:
«Մեր օրերում դա դրսեւորւում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնութեան տեսքով: Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի լուծման եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ նրա հետեւանքների վերացման հարցերը տեղավորվում են հենց այդ հասկացութեան մէջ:
«Մարդկութեան պատմական փորձը մեզ ուսանում է, որ գործնական քաղաքականութիւնը վարւում է ըստ այդ պահին առկայ պայմանների եւ հնարաւորութիւնների, սակայն ազգային գերագոյն նպատակը շարժիչ ուժն է ազգի առաջընթացի եւ յաջողութեան:
«100 տարի առաջ այդ նպատակը մտքում եւ զէնքը ձեռքներին մեր նախնիներն անձնուէր պայքարում էին Հայաստանի փրկութեան եւ անկախութեան համար:
«1991թ. անկախութիւնից յետոյ Հայաստանը աշխարհում վերագտել է իր ուրույն տեղը: Ներկայ եւ յաջորդ սերունդների պարտքն է կերտել կայուն, զարգացած եւ միասնական հայրենիք, որն իր հովանու տակ կ՛առնի ողջ հայ ժողովրդին»։
Several Liberty Objectives Not Competed Yet, to Concentrate Total Unity Objectives, Properly, which is Regrettable.
Correction: completed- Not competed