Տեղական ժողովրդավարական գրասենեակների գործակալութիւնը (ALDA) եւ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) ստորագրեցին դրամաշնորհի համաձայնագիր «Քաղաքացիների ձայնն ու գործունութիւնը Հայաստանի խոշորացուած համայնքներում» ծրագրի շրջանակում։
«ՔՈԱՖի առաքելութիւնը գիւղական համայնքների կայուն զարգացումն է ։ Զբօսաշրջութեան եւ հիւրընկալութեան ոլորտի զարգացումը թոյլ է տալիս տնտեսական թռիչքային աճ ապահովել։ Լոռին բնական եւ մարդածին հնարավորութիւնների մի մեծ փունջ է, որի գրագէտ եւ նորարարական շեշտադրումները բերելու են տուրիզմի աննախադէպ աճի։ Մեզ համար մեծ պատիւ է այս ոլորտում եւս վայելել Եւրոպական Միութեան եւ միջազգային հռչակաւոր կազմակերպութիւնների վստահելի գործընկերոջ համբաւը», ընդգծեց ՔՈԱՖի գործադիր տնօրէն Կորիւն Խաչատուրեանը։
Եւրոպական Միութեան ֆինանսաւորմամբ իրագործուող դրամաշնորհային մրցոյթը համատեղ վարում են ALDA-ն, Համայնքների ֆինանսիստների միաւորումը եւ Հայաստանի համայնքների միութիւնը։ Միջհամայնքային մակարդակում ենթադրամաշնորհների համար դիմած տասնեակ արժանի ծրագրերը քննարկելիս կազմակերպիչները որոշել են կենտրոնացնել ռեսուրսները (միջոցները-Խմբ.) մէկ տարածքում՝ Լոռու մարզի Դեբետի կիրճում։
ՔՈԱՖի առաջարկած բազմամրցակցային եւ բազմաոլորտային մօտեցմամբ նախագիծը շահող երկու ծրագրերից մեկն է։ Այն միտուած է խթանելու զբօսաշրջութիւնը եւ բացօթեայ հանգստի զարգացումը Լոռու մարզում՝ ակտիւացնելով (աշխուժացնելով-Խմբ.) ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի եւ այցելուների կենտրոնի ունեցած ռեսուրսները։
«ՔՈԱՖի փորձը Լոռու մարզում հէնց տուրիզմի ոլորտում՝ կարողութիւնների զարգացման, տուրիզմի խթանման, երիտասարդների ներգրաւման բաղադրիչներով, մեզ համար շատ արժէքաւոր է։ Այն հնարաւորութիւնները եւ ռեսուրսները, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներդրելու է ՔՈԱՖը, թոյլ կը տան առաւել արագ եւ արդիւնաւէտ ճանապարհներով իրագործել մեր նպատակները», նշեց Համայնքների ֆինանսիստների միաւորման փոխնախագահ Աբրահամ Արտաշէսեանը։
(Հաղորդագրութիւնը՝ ՔՈԱՖէն)